Թեեւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարում է, որ վարակված կարտոֆիլը ներմուծվել է Հայաստանից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ԳՆ ՍԱՊԾ) շարունակում է հակառակը պնդել: Սակայն հայտնի է, որ ՀՀ-ից Վրաստան արտահանված կարտոֆիլը Հայաստանում անցել է միայն սահմանային հսկողություն, իսկ լաբորատոր փորձաքննության չի ենթարկվել: Արդյունքում՝ վերջերս Վրաստանը 50 տոննա հայկական կարտոֆիլը հետ վերադարձրեց:
Հիշեցնենք, որ վրացական կողմն այս տարվա ապրիլի 23-ին 12 տոննա կարտոֆիլ հետ ուղարկեց, իսկ հունիսի 5-ին` եւս 49 տոննա: Ընդ որում, ապրիլի 23-ի խմբաքանակի մեջ, ինչպես եւ այս անգամ, վրացական կողմից արված լաբորատոր փորձաքննությունների տվյալներով հայտնաբերվել էր կարտոֆիլի «գորշ փտում» բակտերիալ հիվանդությունը:
Օրերս հետ ուղարկված 50 տոննա վարակված կարտոֆիլի խմբաքանակները հայտնաբերվել են «Սադախլո», «Գեղութի» եւ «Նինոծմինդա» անցակետերում: Ըստ վրացական կողմի՝ այս անցակետերով, բացի Հայաստանից, որեւէ այլ երկրից կարտոֆիլ չի ներմուծվել, հետեւաբար վարակված կարտոֆիլը հայկական է: Մինչդեռ ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչությունը հավաստիացնում է, որ Հայաստանից Վրաստան ներմուծված կարտոֆիլը վարակված չի եղել:
Նշենք, որ Վրաստանը համարվում է առեւտրային գործընկեր երկիր, եւ այս տարի Վրաստան արտահանվել է շուրջ 3200 տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի՝ 1100 տոննա: Սակայն այս տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան է հետ վերադարձվել 220-230 տոննա կարտոֆիլ, որից 50 հազար տոննան` նոյեմբերի սկզբին:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ՍԱՊԾ՝ պարզելու, թե իրականում ով է ճիշտ՝ Վրաստան ներմուծված կարտոֆիլը վարակված եղել է, թե ոչ: ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը լաբորատոր փորձաքննության չի ենթարկվել: «Երբ սահմանային հսկողությունից հետո արտաքին զննումով ինչ-որ կասկածելի բաներ ի հայտ են գալիս, ապա դրանից անմիջապես հետո այն ենթարկվում է լաբորատոր փորձաքննության: Առհասարակ, մյուս խմբաքանակների դեպքում եւս, եթե խնդիր չի առաջանում, լաբորատոր փորձաքննություն չի անցկացվում, որովհետեւ առաջին քայլը սահմանային հսկողությունն է»,-պարզաբանեց խոսնակը: Նա միաժամանակ համառորեն պնդեց, որ Հայաստանից ուղարկված կարտոֆիլի խմբաքանակը վարակված չի եղել:
ՍԱՊԾ ներկայացուցչից տեղեկացանք, որ կատարվածից հետո Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա կատարվող գործառույթների անհամաձայնության դեպքում 2 կողմերի մասնագետների մասնակցությամբ կատարել համապատասխան նմուշառում, եւ նմուշները ներկայացնել նաեւ երրորդ երկրի լաբորատորիա: Բացի այդ՝ նախատեսվում է 2 երկրների ծառայությունների միջեւ ստորագրել փոխըմբռնման հուշագիր:
«Վրացական կողմից մեզ ո՛չ զանգահարել են, ո՛չ պաշտոնապես դիմել են եւ ո՛չ էլ մեր ծառայության պետի հետ են կապվել: Հերքող ոչինչ չեն ասել: Եվ մենք ինչ հայտարարել ենք, դա ուժի մեջ է: Վրաստանից հետ ուղարկված 50 տոննան արդեն Հայաստանում անցել է լաբորատոր փորձաքննություն, որից հետո համոզվել ենք, որ չկա տվյալ խմբաքանակի հետ կապված որեւիցե խնդիր, եւ այն իրացվել է: Գուցե իրենք այս կերպ փորձում են իրենց տեղական արտադրողի՞ն սատարել»,-ենթադրեց ՍԱՊԾ խոսնակը՝ ընդգծելով, որ կատարվածից հետո շարունակվում է Հայաստանից Վրաստան կարտոֆիլի ներմուծումը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը. «Քանի որ վրացական կողմը միշտ ամբիցիաներ է բերում»:
Իսկ «գորշ փտում» բակտերիալ հիվանդության տեսակը, պարզվում է, Հայաստանում երբեւէ չի եղել եւ այժմ էլ չկա: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳՆ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը. «Կարտոֆիլի գորշ փտում Հայաստանում չի եղել եւ չկա: Այս պահին միայն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում կա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը, որն այդքան էլ մեծ տարածում չունի: Եվ այնտեղից սերմացու չի մթերվում»:
Ի դեպ, փոխնախարարից տեղեկացանք նաեւ, որ ՀՀ-ում կարտոֆիլի մասով ինքնաբավության հարցն արդեն լուծված է. «Մենք տասը տարուց ավելի է, ինչ ամբողջությամբ ապահովում ենք մեր պահանջարկը պարենային կարտոֆիլի, տնկանյութի նկատմամբ, եւ դրա զգալի մասն օգտագործվում է որպես անասնակեր: Ամեն տարի առնվազն 100 հազար տոննա ավելցուկ ենք ունենում, որն էլ արագ սպառում ենք կամ էլ անասնակերի համար օգտագործում»:
Հ. Գ. Երեկ՝ ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը «Գրուզիա օնլայն» վրացական կայքից տեղեկացավ, որ «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 467 տոննա կարտոֆիլով բեռնված 17 մեքենա է մտել Վրաստան: Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ անցակետում բեռան առաջնային զննման ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի՝ Ralstonia solanacearum (գորշ փտում) վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ: Կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա, եւ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է 467 տոննա կարտոֆիլի վարակումը: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ծառայությունը ոչինչ չի կարող ասել տվյալ խմբաքանակի մասով. «Առհասարակ, վրացական կողմի պահվածքի մասին մենք առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք»:
Այսպիսով՝ վրացական կողմը խախտեց պայմանավորվածությունը:
ԿԱՐՏՈՖԻԼԸ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ