Հայաստանում առևտրի շրջանառությունը շարունակում է նվազել. որոնք են պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում Հայաստանում առեւտրի շրջանառությունը շարունակաբար նվազել է, սակայն առավել կարեւորը ոչ թե առեւտրի շրջանառության ծավալների անկման փաստն է, այլ դրա բուն պատճառները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած հաշվետվության համաձայն՝ առեւտրի շրջանառությունն անցած տարվա համեմատ այս տարվա յոթ ամիսներին նվազել է 37 միլիարդ 332 միլիոն դրամով: Այդ ցուցանիշն արձանագրվել է կոնկրետ մանրածախ առեւտրի շրջանառության ծավալների անկման արդյունքում, քանի որ մեծածախ առեւտուրը եւ ավտոմեքենաների առեւտուրը անցած տարվա համեմատ աճել են: Մանրածախ առեւտուրն այս տարվա յոթ ամիսների արդյունքներով նվազել է 55 միլիարդ 47 միլիոն դրամի չափով: Սա իր հերթին նշանակում է, որ առեւտրաշրջանառության անկման պատճառը Հայաստանի բնակչության գնողունակության նվազումն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ընդհանուր բնակչությունը զգալի աղքատացել է եւ նախկինի համեմատ ավելի քիչ ապրանք է գնում: Ի դեպ, 2014 թվականի յոթ ամիսների հետ համեմատած Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 71 միլիարդ 674 միլիոն դրամի չափով:

Պաշտոնական վիճակագիրների ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին Հայաստանում բացվել է 28 նոր աշխատատեղ: Եթե այս թիվը վերաբերեր որեւէ գյուղի կամ անգամ ավանի, ապա այդ ցուցանիշը կարելի էր բավարար համարել: Բայց խնդիրը մի ամբողջ պետության մասին է, որը ըստ պաշտոնական վիճակագրության՝ 18,5 տոկոս, կամ նույնն է, թե 243 հազարից ավել գործազուրկ ունի: Ի դեպ, հուլիսին փակված աշխատատեղերի վիճակագրությունը չի հրապարակվում, բայց հայտնի է, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով միայն արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը նվազել է մոտ հազարով: Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում միայն արդյունաբերության ոլորտում ամսական Հայաստանում փակվել է ավելի քան 160 աշխատատեղ:

Հատկանշական է, որ ընդհանուր արդյունաբերության ոլորտում, ըստ պաշտոնական վիճակագրության յոթ ամիսների արդյունքների, 7,9 տոկոսի աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի եւ ծխախոտի արտադրության ծավալների աճով: Փոխարենը էլէներգիայի արտադրությունն այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա հետ համեմատած, նվազել է 5,5 տոկոսով: Իսկ էլէներգիայի արտադրության ծավալը տնտեսությունում տիրող վիճակի ամենաառաջնային ցուցիչն է:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին, անցած տարվա հետ համեմատած, 35,7 տոկոսով նվազել է ցեմենտի արտադրությունը: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այս տարի շինարարության ծավալները շատ ավելի կտրուկ են նվազել, քան դա պաշտոնական վիճակագրությամբ է ներկայացվում: Ըստ ԱՎԾ-ի՝ շինարարության ծավալները ընթացիկ տարվա յոթ ամիսներին նվազել են 7,6 տոկոսով: Ի դեպ, ուղիղ կտրվածքով տուֆի արտադրությունը Հայաստանում ընթացիկ տարում, անցած տարվա հետ համեմատած, նվազել է 38,4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ տուֆը Հայաստանում օգտագործվող հիմնական շինանյութերից է, եւ վերջինիս արտադրության ծավալների նման կտրուկ անկումը վկայում է ուղղակի շինարարության բացակայության մասին: Օրինակ՝ գաջի դեպքում, որի արտադրության ծավալները նվազել են 57 տոկոսով, կարող են ասել, թե բնակարանների հարդարման մեջ Հայաստանում սկսել են այլ նյութեր օգտագործել, դրա համար է այդպես, եւ այս պնդումը դժվար կլինի հերքել կամ հաստատել:

Ինչ վերաբերում է արտահանման ցուցանիշներին, ապա ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից արտահանման ծավալների աճ էր արձանագրվել: Այս երեւույթը բացատրվում է նրանով, որ անցած տարի դեպի ԱՊՀ երկրներ, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան, շատ չնչին ապրանք էր արտահանվում, ինչն այս տարեսկզբից շտկվեց: Այլ կերպ ասած՝ երբ որեւէ ոլորտում մեռյալ վիճակ է տիրում, այդտեղ նույնիսկ ամենաչնչին տեղաշարժը կարող է ներկայացվել իբրեւ հարյուր կամ հազար տոկոսի աճ:

Արտահանման տվյալների հետ կապված ամենամտահոգիչն այն է, որ այս տարվա հուլիսի արդյունքներով հունիսի նկատմամբ 3,3 տոկոսի անկում է արձանագրվել: Արդյոք այս երեւույթը ընդամենը տվյալ ամսվան է բնորոշ, թե սա արտահանման ծավալների անկման նոր դինամիկայի դրսեւորում է, պարզ կդառնա առաջիկայում, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն օգոստոսի պաշտոնական տվյալները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս