ՀՀԿ-ն գնաց ՕԵԿ-ի ճանապարհով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե իշխող ՀՀԿ-ին հաջողվի Գյումրիում «Բալասանյան» դաշինքով պահպանել իշխանությունը, ապա հավանականությունը մեծ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւս իշխող կուսակցությունը կմասնակցի որեւէ կուսակցության հետ դաշինքով:

Այսպիսով՝ Գյումրիի ավագանու ընտրությունների օրինակով ՀՀԿ-ն խոստովանեց, որ իր անունը «հաղթանակի» հնարավորություն չի թողնում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը, միայն այն տարբերությամբ, որ իշխող կուսակցությունում հակված չեն կուսակցությունն ընդհանրապես անվանափոխել, որպեսզի մարդիկ չճանաչեն: ՀՀԿ-ականները որոշել են իրենց անունը թաքցնել դաշինքի քողի տակ: Այդպիսով ՀՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ թեւի քարոզիչները կկարողանան ասել, թե իբր իշխանությունները փոխվել են, իրենք առաջվա անկուշտ կոռումպացված թալանչիները չեն եւ այսպես շարունակ:

Այնպես որ, Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքները որոշիչ են լինելու: Ու եթե իշխանություններին չհաջողվի Հայաստանի երկրորդ քաղաքում անհրաժեշտ արդյունքն ունենալ, ապա դաշինքի տեսքով «դիմակի» իմաստը կկորչի: Բայց եթե ՀՀԿ-ականներն իրենց անունը թաքցնելուց եւ բեղ-մորուք կրելուց հետո Գյումրիի ՏԻՄ-ն իրենց ձեռքում պահեն, ապա խորհրդարանական ընտրություններում նրանք կմասնակցեն իրենց անունով, այլ կերպ ասած` կուրծքները բաց կգնան մարտի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս