ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐԵԼ՝ ՏԵՂԱԿԱՆԸ ՄԹԵՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Հայաստանը կանգնեց պարենային ճգնաժամի վտանգի առաջ, ՀՀ կառավարությունը որոշեց իրականացնել գյուղատնտեսական ծրագրեր՝ ՀՀ-ում աճեցվող ցորենի պաշարները ինքնաբավության մակարդակի հասցնելու ուղղությամբ: Հաջորդող տարիներին կարծես թե ցորենի ցանքատարածությունների որոշակի աճ եղավ, սակայն ինքնաբավության աստիճանի մենք այդպես էլ չհասանք: Այսօր էլ հանրապետությունում սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ ցորեն եւ գարի Հայաստան ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Օրինակ՝ նախորդ տարի ՀՀ ներկրվել է 368 տոննա գարի: Իսկ այս տարի՝ 4.5 հազար տոննա գարի, որը հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից:
Իսկ, ահա, ցորենի դեպքում պատկերն այլ է. նախորդ տարի ՀՀ ներկրվել է 147 հազար 87 տոննա ցորեն, իսկ այս տարի՝ 89 հազար տոննա ցորեն: Նշենք, որ միայն ՌԴ-ից նախորդ տարվա ընթացքում ներկրվել է 146 հազար 615 տոննա ցորեն, իսկ այս տարվա օգոստոսի 30-ի դրությամբ՝ 88 հազար 946 տոննա ցորեն: Ի դեպ, այս տարվա օգոստոսի 30-ի դրությամբ Վրաստանից էլ է ցորեն ներմուծվել՝ 462 տոննա քանակությամբ: «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 30-ի դրությամբ Սիրիայից նույնպես ցորեն է ներկրվել ՀՀ՝ 462 տոննա:
Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է թուրքական եւ, ընդհանրապես, ներկրվող գյուղմթերքի եւ հացահատիկեղենի մեծ մասը տեղականով փոխարինել: Բայց արդյոք հայրենի կառավարությունն ունի նման տրամադրվածություն` տեղականը զարգացնելու համար արդյունավետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Առայժմ գյուղատնտեսության նախարարության գործելաոճը հակառակն է փաստում: Ի դեպ, այս հարցում ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ էկոնոմիկայի նախարարությունը պետք է մեծ դերակատարում ունենա: Մինչդեռ ներկայումս կառավարությունը ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք ոչ թե օգնում են արտադրողներին, գյուղացուն, այլեւ խոչընդոտում:
Հայտնի է, որ վերջին տարիներին ջերմոցատերերը, որոնք զբաղվում են լոլիկի, վարունգի, պղպեղի եւ սմբուկի մշակությամբ, անարդյունք պայքարում են Թուրքիայից եւ այլ երկրներից ՀՀ այդ գյուղմթերքների ներկրման դեմ: Իսկ պատկան կառույցները անտարբեր են՝ այդպես թողնելով գյուղացուն միայնակ իր հոգսերի հետ: Չէ որ ներկրված մթերքները, լինելով ավելի էժան, տեղական գյուղատնտեսական արտադրանքի համար անառողջ մրցակցային պայմաններ են ստեղծում եւ մերը ակամա անմրցունակ դարձնում ներքին շուկայում:
Այս անգամ «Ժողովուրդ»-ին են դիմել ցորենի եւ գարու մշակությամբ զբաղվող գյուղացիները: Նրանց պատմելով՝ այս ընթացքում ընկերությունները հրաժարվում են մթերել իրենց աճեցրած ցորենն ու գարին՝ պատճառաբանելով, որ ավելի եկամտաբեր է ներկրելը, քան տեղականը մթերելը:
«Ժողովուրդ»-ին դիմած գյուղացիների խոսքերով՝ գարու գինը 100 դրամից նվազել է եւ դարձել 85 դրամ, իսկ ցորենը 130 դրամից էժանացել է մինչեւ 90-100 դրամ: Ցորենը, գարին իրացնելու խնդրի առաջ են կանգնած Գեղարքունիքի մարզի Ակունք, Նորակերտ, Գեղամասար գյուղերի բնակիչները: Վերջիններս տեղեկացրին, որ ներկրողները Վլադիկովկասից մեծ քանակությամբ մատչելի գներով գարի եւ ցորեն են ներմուծում, ինչի պատճառով էլ իրենցից չեն գնում: Եվ հիմա ով ինչպես, ինչ գնով կարողանում է, վաճառում է իր աճեցրած ցորենն ու գարին:
Գյուղացիների մեծ մասը հիմնականում տեղական շուկաներում է վաճառում բերքը, իսկ մի մասն էլ ցորենն ու գարին պարկերով տեղափոխում են Իջեւան, Դիլիջան եւ այնտեղ կիլոգրամով վաճառում: Բազմաթիվ են այն գյուղացիները, որոնք իրենց տանը տոննաներով ցորեն ու գարի ունեն, բայց չգիտեն, թե այն ինչպես իրացնեն: Գյուղացու արտադրանքի իրացման հարցն այդպես էլ գյուղատնտեսության նախարարության կողմից չի լուծվում: Իսկ որեւէ սահմանափակում չունեցող ներկրողները ագահորեն շարունակում են իրենց կործանարար քաղաքականությունը:
«Ներկրողները այնտեղից 1 կգ ցորենի համար վճարում են 28-30 դրամ, որն այստեղ վաճառում են 90-100 դրամով: Արդյունքում մեր տեղական ցորենի գինն էժանանում է, մենք էլ ստիպված ենք լինում այդ գնով վաճառել մեր ունեցածը եւ վնասներ ենք կրում: Տուժում ենք: Չէ որ ծախսեր ենք կատարել: Բայց եթե այդ գնով վաճառենք, ապա չենք կարող ծածկել կատարած ծախսերը»,- «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց Ակունքի բնակիչը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանի խոսքերով՝ այս տարի մեր հանրապետությունում ցորենի եւ գարու առատ բերք է եղել: «Այսօրվա դրությամբ ցորենի տեսանկյունից մեր երկիրը 53 տոկոսով է միայն ինքնաբավ. եթե կարտոֆիլը 100 եւ ավելի է, ապա ցորենը ռիսկային է: Այսինքն՝ մյուս 50 տոկոսը հիմնականում ներկրվում է դրսից: Բացի այս, սովորաբար մթերող կազմակերպությունները միշտ երկարատեւ պայմանագրեր ունեն դրսի արտադրողների հետ: Այս ընթացքում բոլորը ցանկանում են վաճառել, հետեւաբար առաջարկը շատ է, իսկ պահանջարկը՝ քիչ: Իսկ մթերողն էլ ցանկանում է օգտվել եւ նախընտրում է էժան գնով ներկրել: Մենք էլ ենք փորձում լծակներ գտնել, որպեսզի այս մեխանիզմից մեր հողօգտագործողը չտուժի: Կարկտապաշտպան ցանցեր են պետք, որ կարկուտը բերքը չվնասի, նաեւ՝ երկարաժամկետ վարկեր՝ ցածր տոկոսադրույքով: Այդ ամենը որ լինի, ապրանքի ինքնարժեքը ինքըստինքյան կցածրանա, ինչի արդյունքում մենք կկարողանանք շուկային դիմանալ եւ կշահենք»,- պարզաբանեց ԳՆ պաշտոնյան:
Սակայն այս խնդիրը կարծես գյուղնախարար Սերգո Կարապետյանին այդքան էլ չի անհանգստացնում: Վերջինս շրջում է իր սրտի ուզած գյուղերով, սալոր է հավաքում, դեղձերը ձեռքին լուսանկարվում, բայց գյուղմթերքի իրացման խնդիրը այդպես էլ չի լուծում: Հարգելի՛ պարոն Կարապետյան, այցելե՛ք այնպիսի գյուղեր, որոնց բնակիչները ողջ տարվա ընթացքում տապին կամ ցրտին, անձրեւի, քամու տակ հող են մշակում, որպեսզի կարողանան գոնե վարկային պարտավորությունները մարել: Այցելե՛ք այնպիսի գյուղեր, որտեղ մարդիկ հաց չեն գնում, քանի որ ստիպված են բարձր տոկասադրույքով վարկերը մարել՝ նոր վարկեր վերցնելով, որովհետեւ իրենց աճեցրած բերքը կոպեկներով են կարողանում իրացնել, կամ էլ դառնում են կարկուտի եւ ցրտահարության զոհ: Ի վերջո, հանե՛ք Ձեր վարդագույն ակնոցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
40 ՏԱՐԻ ԴՊՐՈՑ ՉՈՒՆԵՆ

Լոռու մարզի 8 համայնքներում դպրոց չկա: Դրանք են՝ Անտառաշեն, Հովնանաձոր, Նովոսելցովո, Ապավեն, Մեղվահովիտ, Հալավար, Քարաբերդ եւ Պաղաղբյուր համայնքները:

Նշենք, որ Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցը փակվել է նախորդ տարի: Դպրոցի բացակայությունը պատճառ է հանդիսանում գյուղից դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների հեռացման: Այն ընտանիքները, որոնք աշակերտ ունեն, սեզոնին կա՛մ տեղափոխվում են հարեւան համայնք, կա՛մ էլ ստիպված աշակերտներին ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ են տանում-բերում, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ դժվարություններ է առաջացնում:
Հովնանաձոր համայնքի ղեկավար Կարեն Աբովյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում շուրջ 40 տարի է, ինչ չկա դպրոց. «Մի քանի աշակերտներ կան, որոնց ընտանիքները տեղափոխվել են հարակից Յաղդան համայնք, որպեսզի կարողանան երեխաներին դպրոց տանել»,-ասաց նա՝ հավելելով, որ հարակից համայնքներ տեղափոխված էլի ընտանիքներ կան, ովքեր հեռացել են գյուղից՝ չվերադառնալու պայմանով:
Նմանօրինակ պատկեր է նաեւ Տաշիրի տարածաշրջանի Ապավեն համայնքում, որն այս տարի 10 աշակերտ ունի: Ապավենցի աշակերտներն ամեն օր ստիպված 2 կմ ճանապարհ են անցնում, մինչեւ որ հասնում են հարակից Արծնի գյուղի միջնակարգ դպրոց:

Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ԿՓԱԿԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Երեկ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչները փակել էին Քուչակ-Վանաձոր միջպետական մայրուղին: Այնտեղ էին նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Լյովա Խաչատրյանը եւ Միքայել Մելքումյանը: Համայնքի բնակիչների պահանջը հետեւյալն է` Քուչակ համայնքից դեպի Եղիպատրուշ (Մռավյան) համայնք տանող ճանապարհը պետք է անցնի Քուչակի միջով: Մինչդեռ սկսված շինարարական աշխատանքները շրջանցում են Քուչակ համայնքը: Քուչակցիները սպառնում են շուրջօրյա փակել Քուչակ-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին: Քուչակի ղեկավար Հովիկ Ամիրյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս խնդրի շուրջ իրենք արդեն դիմել են մարզպետին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին:




Լրահոս