ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ ԵՎՍ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության մեջ բազմաթիվ տվյալներ կան, որոնք թույլ են տալիս գնահատել Հայաստանում առկա սոցիալական վիճակը` հասկանալու համար, արդյոք մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, քան երեկ, թե նրանց վիճակն է՛լ ավելի է վատթարացել:

Հատկապես մարզերում առկա սոցիալական վիճակի գնահատման համար կարեւոր տվյալներից մեկը գյուղացիների կողմից հարկերը վճարել-չվճարելու հանգամանքն է: Հասկանալի է, որ եթե գյուղացիների եկամուտները ավելանում են, ապա նրանք համեմատաբար ավելի քիչ են խուսափում հարկերը վճարելուց եւ հակառակը, երբ գյուղացու սոցիալական վիճակը սկսում է վատթարանալ, ապա նա առաջինը հենց հարկերը վճարելն է կրճատում իր ծախսերից: Այս երեւույթը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի գյուղերում դատական կարգով հարկերը բռնագանձելու երեւույթը գրեթե չի գործում, քանի որ համայնքի ղեկավարները խուսափում են իրենց համագյուղացիների հետ առճակատման գնալուց, ի վերջո, նրանք հետագայում ստիպված են լինելու այդ նույն համագյուղացիների քվեն խնդրել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հողի հարկի հավաքագրումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6,4 տոկոսով: Այս տարի ողջ հանրապետությունում հավաքագրվել է 1 միլիարդ 368 միլիոն 100 հազար դրամի հողի հարկ` անցած տարվա 1 միլիարդ 461 միլիոն 900 հազար դրամի դիմաց: Անկումը կազմել է 93 միլիոն 800 հազար դրամ: Ի դեպ, հողի հարկը թերեւս այն եզակի հարկատեսակներից է, որի դեպքում անկումն ուղղակի փաստում է, որ բնակչության կենսամակարդակը եւս նվազել է: Համայնքների կողմից հավաքագրվող մյուս հարկատեսակի` գույքահարկի դեպքում բնակչության վճարունակության տատանումը կարող է նկատելի չլինել, քանի որ անկախ ամեն ինչից հանրապետության կտրվածքով անշարժ գույքի մակերեսը եւ ավտոմեքենաների թիվն ավելանում է, թեկուզ հենց մեծահարուստների կողմից կառուցված էլիտար շենքերի ու գնած թանկարժեք ավտոմեքենաների հաշվին: Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ չնայած գյուղացիների մի զգալի մասը գույքահարկի գծով պարտքեր կուտակի, բայց այդ հարկատեսակի գծով ընդհանուր մուտքերն աճեն:
Ըստ Հայաստանի համախմբված բյուջեի տվյալների՝ ընթացիկ ծախսերը յոթ ամիսներին կազմել են 603 միլիարդ 446 միլիոն դրամ, որի մոտ 12 տոկոսը` 71 միլիարդ 170 միլիոն 300 հազար դրամը, ծախսվել է աշխատավարձերի վրա: Հիշեցնենք, որ համախմբված բյուջեն իր մեջ ներառում է ոչ միայն պետական կառավարման, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների երկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, անցած յոթ ամիսներին տոկոսավճարների վրա ծախսվել է 44 միլիարդ 487 միլիոն 900 հազար դրամ: Այլ կերպ ասած՝ նշված գումարը ծախսվել է Հայաստանի պետական պարտքի սպասարկման համար: Այդ ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 33,5 տոկոսով: Սա այն դեպքերից է, երբ աճը ոչ մի լավ բան չի խոստանում:
Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմում էին 904 միլիարդ 711 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական «Էլեկտրոնային կառավարում» ինտերնետային կայքում հրապարակված տվյալներից: Ըստ նույն աղբյուրի՝ 1 տրիլիոն 427 միլիարդ 277 միլիոն դրամ կազմողՀՀ պետական բյուջեում առաջիկա չորս ամիսների համար մնացել է 522 միլիարդ 566 միլիոն դրամ: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ պետական բյուջեի եկամուտները ամեն ամիս ավելի են պակասում, կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ստիպված է լինելու մի շարք ծախսերից հրաժարվել կամ էլ դրանց դիմաց վճարումները հետաձգել եկող տարի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
Ինչպես հայտնի է՝ Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է: Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները: Ավագանու անդամի 26 թեկնածու է առաջադրվել` 15 մանդատի համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու եւ պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն: Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ընտրություններում առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը ավարտվում է վաղը` ժամը 18.00-ին:

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԷՑ-ԻՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում կնախազգուշացնի «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, «Լուսակունք» ընկերությանը եւ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին: Բանն այն է, որ «Լուսակունք» ՍՊԸ-ին տրամադրվել է «Այրք ՓՀԷԿ-2»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի գործողության ժամկետով: Եւ կայանում արտադրված էլեկտրական էներգիայի հաշվառման համալիրը պետք է ներառեր 10կՎ լարման եւ հոսանքի տրանսֆորմատորներ, սակայն կայանի առեւտրային հաշվիչի սնումը միացման օրվանից իրականացվել է 6կՎ լարման տրանսֆորմատորից, որը էլէներգիայի հաշվառման մասով առաջացրել է սխալանք: Հանձնաժողովը պարզել է, որ ՀԷՑ-ը եւ վերը նշված մյուս երկու ընկերություններն այսպիսով տեխնիկական կանոնների խատում են թույլ տվել, ինչի համար էլ պատրաստվում է այդ ընկերություններին նախազգուշացնել:

 

 

ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾԸ ՉԻ ՎԻՃՈՒՄ
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրը` Արմինե Հարությունյանը, քաղաքական հողի վրա վիճել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ` նախատելով հարգված բժշկին: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց Ա. Հարությունյանից: Սակայն նա համառորեն հերքեց տեղի ունեցածը. «Գիտեք, զարմանալի է, դրա համար ես որեւէ ռեակցիա չտվեցի այդ բամբասանքին: Ուղղակի զարմացած եմ, թե ինչքան պարապ մարդիկ կան եւ ինչ կարող են մարդիկ հնարել ընդամենը: Միջադեպ ընդհանրապես չի գրանցվել, այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, կարող եք դուք ինքներդ հարցուփորձ անել եւ իմանալ: Հարսանիքը այդ վայրը չի, որ մարդը բռնկվի, եւ ես ունեմ այդ դաստիարակությունը, որ չեմ կարող մարդկանց հետ բռնկվել»,- պատասխանեց ՍԴ նախագահի դուստրը:

 

 
ՄԻՆՉԵՎ ՈՐՈՇԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի շտապում հայտարարել՝ կրկին առաջադրվելո՞ւ է ԿԸՀ նախագահի պաշտոնին, թե՞ ոչ: «Այս պահին այդ մասին խոսելն անիմաստ է»,- ասել է նա tert.am-ին: Հարցին՝ ինչո՞ւ է անիմաստ, չէ՞ որ առաջադրումն ավարտվում է սեպտեմբերի 15-ին, ժամկետները սուղ են, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է. «Կգա ժամանակը, կիմանաք, 10 օրն էլ ժամանակ է, սպասեք, կիմանաք»:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է, ԲԱՅՑ…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքները: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ ինչ պետք է, արվել է: Իսկ ավելի ուշ նա լրագրողներին ասել է, որ նախագիծն արդեն պատրաստ է: «Նախագիծը պատրաստ է, բայց դա արդեն Հայաստանի եւ Արցախի բարձր ղեկավարության դաշտում է գտնվում»,- ասել է Քոչարյանը:

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

 

 

600 ԿՐԱԿՈՑ
Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

 

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում։

 

ԳԱՅԼԵՐԸ  ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում նախօրեին գայլերը հոշոտել են ոչխարների: Կուտական համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանի խոսքերով. «Ընդհանուրը 277 գլուխ ոչխար է գայլերի զոհ դարձել: 17 վիրավոր կա, որից 3-ը գառ են, 92-ին էլ չենք հայտնաբերում, կորած են: Միշտ էլ լինում են հարձակումներ, բայց այս կագի դեռ չէր եղել»: Ըստ գյուղապետի՝ մոտ 10 գայլ հարձակվել են ոչխարների հոտերի վրա, հովիվը՝ Սեյրան Նազարյանը, որքան կարողացել է՝ ոչխարներին քշել, բերել է գյուղ: «Դիմել ենք մարզպետարան, կստեղծվի հանձնաժողով, տեսնենք՝ ինչ կլինի»,-«Ժողովուրդ»-ին ասել է գյուղապետը: Նշենք, որ գայլերը հոշոտել են նաեւ Գեղարքունիքի մարզի մեկ այլ գյուղի՝ Տրետուք համայնքի ոչխարներին: Մեր տեղեկություններով` այս համայնքում հոշոտված ոչխարների թիվը մոտավորապես 400-ի է հասնում:

 

 

484 ԵՐԵԽԱ
Մայրաքաղաքի ծննդատներում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը լույս աշխարհ է եկել 484 երեխա՝ 245 տղա եւ 239 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33.402 քաղաքացի:




Լրահոս