Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, թե ովքեր են նոր ձեւավորվող Կառավարության առաջին անդամները: Վահան Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանին փոխարինեց Վարդան Արամյանը, ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարն Իգնատի Առաքելյանն է, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեց Աշոտ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ գերատեսչությունների պաշտոնական էջերից եւ մամուլի ծառայություններից հետաքրքրվել, թե ինչպես է անցել նորանշանակ նախարարների առաջին աշխատանքային օրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն հասցրել է պաշտոնական հանդիպում ունենալ: Նորանշանակ նախարարը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին: Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ ունեցել է նաեւ նախարարության աշխատակազմի հետ, տեղի են ունեցել համատեղ քննարկումներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Անահիտ Առաքելյանը նշեց. «Նախարարը փորձում է ոլորտներում տիրող իրավիճակին ծանոթանալ, աշխատակազմից յուրաքանչյուրին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման մասին զեկուցվում է նախարարին»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման առաջին օրերի մասին որեւէ տեղեկատվություն չկա: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից: Ի պատասխան մեր հարցման` Սմբատյանը միայն պատասխանեց. «Բնականոն աշխատանքային օր է ունեցել: Որեւէ այլ տեղեկատվություն այս պահին Ձեզ չեմ կարող տրամադրել: Աշխատանքային հանդիպումներ էլ է ունեցել, սակայն այս մասին հետագայում կխոսենք»,- ասաց Սմբատյանը: Ստացվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին օրերը հույժ գաղտնի են պահվում:
ՀՀ ֆինանսների, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների կայքէջերը եւս «դատարկ են». նորանշանակ նախարարների աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ չկան: ՉԷին պատասխանում անգամ այդ նախարարությունների լրատվության բաժինների հեռախոսահամարները: Սակայն հանուն արդարության՝ նշենք, որ մեր տեղեկություններով՝ ֆինանսների նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին օրերը հագեցած են ՀՀ 2017 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներով:
Վահագն Հակոբյան