ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՌՈՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՌՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում հերթական անգամ է` մեկնարկում է «Ռիվեր ֆեսթ» երկօրյա բարեգործական փառատոնը, որն իր շուրջ կհամախմբի ռոքի սիրահարներին եւ այն անձանց, որոնք ցանկանում են իրենց լուման ներդնել գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներում. համերգից ստացված ողջ հասույթն արդեն մի քանի տարի է` ծառայում է այդ նպատակին: Այս տարի էլ կազմակերպիչները նախատեսում են դպրոցում ջեռուցման համակարգ կառուցել: «Ռիվեր ֆեսթ 2016»-ին կմասնակցի 23 խումբ, այդ թվում` «Բամբիռ» ռոք խմբի երկրորդ նախագիծ համարվող «Crisis of the Genre»-ը, «Windrose»-ը, «Ռոզեն Թալ»-ը, «Ոստան հայոց»-ը եւ այլք: «Ժողովուրդ»-ը զրուցեց փառատոնի կազմակերպիչներից մեկի` «The Beautified Project» հայտնի ռոք խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի հետ:

-Անդրե՛, հնարավո՞ր է՝ փառատոնն ընդլայնի իր մասշտաբները եւ լծվի այլ համայնքներում, գյուղերում նմանատիպ աշխատանքների իրագործմանը եւս:
-Եթե այն տեղափոխվի ավելի մեծ բեմ, հնարավոր է, պարզապես հարցն այն է, որ փառատոնի հանդիսատեսի թիվը կազմում է 600-700 հոգի, ոչ ավելին (փառատոնն անցկացվում է բաց երկնքի տակ, տարածքն էլ սահմանափակ է): Որպեսզի «Ռիվեր ֆեսթ»-ն ընդլայնի իր սահմանները, այն պետք է տեղափոխվի ավելի մեծ քաղաք եւ նախագծերի համար պետք է հայթայթի ավելի մեծ գումարներ:
-Գուցե հենց այդպես էլ անե՞ք:
-Մենք չենք ուզենա գյուղական այդ միջավայրում անցկացվող միջոցառման շրջանակում հայտնի հովանավորներ հայտնվեն. դա կխախտի այնտեղ տիրող հոգեւոր ներդաշնակությունը: Բացի այդ` մենք ցանկանում ենք, որ այս ոչ կոմերցիոն բնույթի փառատոնի ընթացքում հավաքվի հենց ամենառոքասեր սերուցքը:
-Իսկ եթե, օրինակ, իշխանություննե՞րը հովանավորեն ռոքը /մանավանդ, որ նորանշանակ վարչապետը ռոքի սիրահար է/:
-Դա խորթ կլինի ռոքին` իր գաղափարներով: Ռոքը հոգու ազատություն է: Իսկ երբ դրան խառնվում է քաղաքականությունը, դու ստիպված պետք է անցնես այդ քաղաքական հովանավորի կողմը: Այնինչ՝ մենք շատ ենք ուզում, որ փառատոնը, այսպես ասած, անաղարտ մնա:
-Հայաստանում, կարծես, աստիճանաբար զարգանում է արվեստի միջոցով սոցիալական խնդիրներ լուծելու միտումը:
-Այո, վերջին 5-6 տարվա ընթացքում ինքս էլ այդ ուղղությամբ կատարել եմ որոշ քայլեր, մասնակցել եմ սոցիալական բարեփոխումների, օրինակ` հիվանդ երեխաներին, զինծառայողների ընտանիքներին աջակցելուն ուղղված ծրագրերի: Եթե դիտարկելու լինենք Ամերիկայի, Եվրոպայի փորձը, կտեսնենք, որ այնտեղի համայնքներում ժողովուրդը միայն կառավարությունից չէ, որ քայլեր է ակնկալում, այլեւ փորձում է ինքնակազմակերպվել: Հայաստանում իշխանություններն աչքաթող են արել ժողովրդին, բայց ժողովուրդն էլ պետք է մտածի ինքն իր մասին: Հասարակ օրինակ` որեւէ երկրում շենքերի` այսքան քարուքանդ եւ կեղտոտ մուտքեր չեմ տեսել, որքան Հայաստանում: Մեր երկրում ծագող խնդիրները, ցավոք, երկկողմանի պատճառներ ունեն եւ երկկողմանի էլ լուծում են պահանջում:
-Հետաքրքիր է` ռոք խմբերը հեշտությա՞մբ են համաձայնում մասնակցել փառատոնին:
-Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի շուրջ 10 ռոք խումբ, որոնք ցանկանում էին իրենց մասնակցությունն ունենալ փառատոնում, մերժվել են. արդեն տեղ չկար: Ընդամենը 3 տարի առաջ մենք էինք խնդրում այդ խմբերին մասնակցել ծրագրին, հիմա իրենք են մեզ համոզում:
-Սակայն երբ ուսումնասիրում ենք փառատոնին մասնակից խմբերի ամբողջական ցանկը, հանդիպում ենք մի շարք անհայտ անունների..
-Բանն այն է, որ հայաստանյան underground-ում ելույթ ունեցող ռոք խմբեր կան, որոնք իրենց գոյությունը պահպանում են շատ վատ պայմաններում` ծխի եւ մթության մեջ: Նրանք հնարավորություն չունեն օգտվելու որակյալ տեխնիկական միջոցներից: Եվ, ահա, փառատոնը խմբերին տալիս է այդ շանսը: Վերջիններս պետք է իմանան, որ իրենք միայնակ չեն եւ պետք է ոգեշնչվեն, շարունակեն իրենց գործունեությունը:
-Անդրե՛, սեպտեմբերի 25-ին էլ Վանաձորում մեկ այլ փառատոն է անցկացվելու, կայանալու է բացօթյա համերգ: Մի փոքր էլ այդ մասին կպատմե՞ք:
-Ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիայի (ALDA) աջակցությամբ մեկնարկել է «Ներգրավելով Վանաձորը» ծրագիրը, որը նպատակ ունի արժեւորել Վանաձորի քաղաքային նյութական ու ոչ նյութական արդի ժառանգությունը եւ խթանել համայնքի մասնակցությունը դրա պահպանման գործում։ Փառատոնին մասնակցելու են երեք վանաձորյան եւ երեք երեւանյան երաժշտական խմբեր: Նպատակ ունենք ցույց տալու, որ մայրաքաղաքից դուրս նույնպես հնարավոր է ակտիվ մշակութային կյանք վարել:

 

 
«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ի ԹԻՄԸ` ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

Վերջին շրջանում դերասանուհի Իրինա Դանիելյանին էկրաններին տեսնելու միակ առիթը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալն է: «Ժողովուրդ»-ը դերասանուհուց հետաքրքրվեց` արդյոք վերջինս ունի նոր նախագծերում ընդգրկվելու հրավերներ, հեռուստադիտողները, թատերասերները առաջիկայում նրան նոր կերպարներում կտեսնե՞ն: Դերասանուհին նշեց, որ հասցրել է նկարահանվել ընտանեկան, սոցիալական թեմաներով հաղորդաշարի շրջանակում ներկայացվող մի քանի պատմություններում. նախագիծն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Ինչ վերաբերում է թատրոնին, Ի. Դանիելյանը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ բեմից չիջնող «Մեա կուլպա» ներկայացման ստեղծագործական կազմը (բեմադրիչ` Արթուր Սահակյան) աշխատում է նոր ներկայացման վրա. «Նախագիծն իր շուրջ համախմբելու է «Մեա կուլպա»-ի ռեժիսորին, պրոդյուսերին, դերասանական կազմն էլ գրեթե նույնն է լինելու: Ներկայացման վերջնական անունը դեռեւս որոշված չէ: Այնպես, ինչպես «Մեա կուլպա»-ն բարձրացնելու է արդիական խնդիրներ, անդրադառնալու է դեպի ապագա տանող հարցերի: Անտերպրիզային այս ներկայացման մեջ կխաղան տարբեր թատրոնների դերասաններ: Ամիսներ անց` կա՛մ այս տարեվերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին, այն կհանձնվի հանդիսատեսի դատին»:
Մեր հարցին, թե, ըստ դերասանուհու, արդյոք այս նոր ներկայացումն էլ «Մեա կուլպա»-ի պես ռեկորդային հաջողություն կգրանցի, Ի. Դանիելյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այո. ե՛ւ պիեսն է շատ հետաքրքիր, ե՛ւ դերասաններն են հայտնի ու ինքնատիպ»:
Քանի որ հեռուստադիտողները Ի. Դանիելյանին տեսել են նաեւ որպես հաղորդավարուհի, հետաքրքրվեցինք` արդյոք առաջիկայում եւս նման հնարավորություն կլինի. «Իհարկե, ես ինձ հաղորդավարուհի չեմ համարում, բայց այդ աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր, եթե լավ առաջարկ ստանամ, չեմ մերժի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք Ի. Դանիելյանը` որպես դերասանուհի, իրեն Հայաստանում գնահատված է զգում, կոնկրետ` վարձատրության մասով. «Կասեմ, որ իմ պոտենցիալն ավելի բարձր եմ գնահատում»,- նկատեց դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայում լույս է տեսել պատմական Սեբաստիա նահանգի Զարա շրջանի փրկված հայերի մասին պատմող «Դերձակ Վարդանուշի հիշողությունները» գիրքը: Այս մասին փոխանցում է «Ակօս»-ը: Հեղինակն Ավետիս Օլգունն է, ում մանկության տարիներն անցել են հենց Զարայում: Նա թղթին է հանձնել իր մոր հիշողությունները: Գրքում անդրադարձ է կատարվել սեբաստացի հայերի մասին պատմությունների, որոնք ներկայացնում են 1915-ից մինչեւ մեր օրերը: Հեղինակը պատմել է ծպտյալ հայերի դեմ կիրառված կրոնական, սոցիալական խտրականությունների, մահմեդական հասարակության մեջ ապրելու խոչընդոտների մասին:
Ի դեպ, Օլգունի ընտանիքը եւս փրկվել է Ցեղասպանությունից եւ տարիներ անց կրոնական ճնշումների պատճառով մեկնել Ստամբուլ:

 

 

ՎԱՆ ԳՈԳՆ ՈՒ ՊՍԻԽՈԶԸ
Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կյանքի վերջին մեկուկես տարում տառապել է պսիխոզի կրկնվող նոպաներով: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել են ամստերդամցի փորձագետներ, այդ թվում` բժիշկներ եւ արվեստաբաններ: Նրանք ուսումնասիրել են մի շարք փաստաթղթեր ու նամակագրություններ եւ եկել այն եզրահանգման, որ նյարդային խանգարումը, որի հետեւանքով 1888-ին նկարիչը կտրեց իր ականջը, կարող էր ի հայտ գալ սթրեսի կամ ալկոհոլի չարաշահման պատճառով:
Նշենք, որ Վան Գոգի առողջական վիճակի մասին մի շարք տեսությունների համաձայն՝ նա տառապել է երկնաբեւեռ խանգարմամբ, շիզոֆրենիայով կամ սիֆիլիսով:

 

 

ԴԱԴԱՐ` 10 ՏԱՐՈՎ
Բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելը ծրագրում է 10 տարով դադարեցնել իր համերգային շրջագայությունները: The Telegrap-ի փոխանցմամբ` նա մտադիր է իր ժամանակի զգալի մասն անցկացնել 3-ամյա որդու հետ եւ բավականաչափ ուշադրության արժանացնել նրան: Պարբերականը նշում է, որ որդին աստղի կյանքում զբաղեցնում է առաջին տեղը:
Նշենք, որ Ադելի պաշտոնական ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:




Լրահոս