«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունված աղմկահարույց «Հարկային օրենսգիրքը» տվեց իր առաջին բացասական արդյունքը: Նախագծով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվել է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ առցանց խաղատները եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունները նույն դաշտում են գործում: Եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Բայց խնդիրը միայն դա չէ:
Բանն այն է, որ նախագծով շուկայում մենաշնորհ հաստատելու նախադրյալներ են ստեղծվում, քանի որ այսօր շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո» ՍՊԸ-ն միայն կկարողանա վճարել ահռելի պետտուրքը: «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները գուցե փակվեն: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցել է «Եվրոֆուտբոլ»-ի իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ, ով հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել Կառավարության առջեւ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: