Աշխատանքային այցով Ամմանում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին հոկտեմբերի 5-ին ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Նասեր Ջուդեն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Հորդանանի միջև քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Հանդիպման ավարտին վերահաստատվեց հայ-հորդանանյան միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու կողմերի պատրաստակամությունը:
Այցի շրջանակներում Ամմանում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նորանշանակ նախարար Ադել Թվեյսիի հետ:
Դեսպան Փոլադյանը շնորհավորեց Ադել Թվեյսիին բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` կարևորելով գիտակրթական ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և Հորդանանի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում բարձր գնահատելով ուսանողների փոխանակման միջպետական համաձայնության իրականացման շարունակականությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա գիտակրթական ներուժի նպատակային օգտագործման, գիտության և գիտական հետազոտությունների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին: