Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին երկու օրերին լարվածութան մեծացումը բավականին մտահոգիչ է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ գիշեր ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց՝ կիրառելով «Սեւ նետ» եւ «Իստիգալ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ: Հակառակորդի նման կտրուկ գործողությունների արդյունքում վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող:
Թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի այս ակտիվացումը, դժվար է միանշանակ ասել: Դա կարող է կապված լինել միանգամից մի քանի գործոնների հետ՝ սկսած Ջ. Քերիի՝ նախօրեին արած հայտարարությունից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավարտած սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսի ընթացքում ՀՀ գերարդիական զինատեսակների ցուցադրությամբ:
Անշուշտ միամտություն է մտածելը, որ Ադրբեջանում նոր միայն տեղեկացան այդ սպառազինությունների մասին, սակայն նման արձագանքը նաեւ որոշակի քաղաքական ուղերձ է՝ ուղղված գերտերություններին եւ նպատակ ունի ուշադրություն գրավել:
Ադրբեջանի վերաակտիվացման համար, սակայն, կարող է լինել եւ, ըստ ամենայնի, կա մեկ այլ՝ առավել հիմնավոր պաճառ. խոսքը Սիրիայում ընթացող զարգացումների եւ այդ հողի վրա Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների վերստին վատթարացման մասին է: Մենք տեսնում ենք, որ անգամ ռուսական զինուժի՝ Սիրիա մուտք գործելուց առաջ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները այդքան լարված չէին, որքան հիմա: Իսկ քանի որ աշխարհաքաղաքականության մեջ ազդեցության գոտիների համար մրցակցությունը տարբեր կետերում տարբեր դրսեւորումներ ունի, մենք պարբերաբար արձանագրում ենք, որ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի եւ Սիրիայի հիմնախնդիրները առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ եւ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում են մեկ փաթեթի մեջ: Եվ շատ հաճախ մի կետում կողմերից մեկի կոմպրոմիսի փոխարեն բարտերային սկզբունքով վերադիրքավորումներ են լինում մյուս կետում:
Այս առումով ղարաբաղյան ճակատում լարվածության մեծացումը կարող է լինել մի նոր՝ բարտերային վերադիրքավորումների տրամաբանության շրջանակներում: Մյուս կողմից էլ Ադրբեջանը կարող է հընթացս օգտվելով այս իրավիճակից՝ փորձել վերստին դրսեւորել իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ նոր սիրախաղի համար: Առավել եւս, որ Քերիի՝ վերը նշված հայտարարությամբ, կարծես թե, ամերիկյան կողմից սպասելիքներ չկան, եւ բացի այդ՝ Ադրբեջանը, բնականաբար, կցանկանա ռուսներին համոզել իրեն եւս վաճառել «Իսկանդեր» հրթիռներ:
Անկախ նրանից, թե ինչ խաղ է սկսում Ադրբեջանը, հայկական կողմը պետք է մշտապես գերզգոն եւ պատրաստ լինի: Հուսանք, որ ապրիլյան քառօրյայից հետո դասերն, իսկապես, քաղվել են: