ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով արձանագրված գնանկումը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել, մարդկանց գնողունակությունը, ինչպես նաեւ՝ սպառողների քանակը, պակասել են, ինչի արդյունքում առեւտրի ծավալները կրճատվել են:
-Պարո՛ն Խաչատրյան, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Ձեր կարծիքով ի՞նչի արդյունք է դա:
-Սա Հայաստանի քաղաքացիների աղքատացման եւ գնողունակության անկման արդյունք է: Այն նաեւ պայմանավորված է ներքին տնտեսական խնդիրներով. նկատի ունեմ, որ տնտեսության աճ չկա, աշխատատեղեր չկան: Սրան զուգահեռ` պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ բյուջետային հիմնարկներում միջին աշխատավարձերի բարձրացում չկա: Գնողունակության անկումը, աղքատութունը հետեւանք են այն բանի, որ դրսից եկող տրանսֆերտները պակասել են, եւ դրանց նվազումը էական ազդեցություն է թողնում թե՛ ՀՀ-ի էկոնոմիկայի, թե՛ մարդկանց եկամուտների վրա: Հետեւաբար դրա հետեւանքով պահանջարկ չկա: Շուկան ավելի փոքրացել է, ներմուծումը նախորդ տարիներից սկսած կրճատվել է: Եւ այս ամենի արդյունքում շուկայում պահանջարկ չկա, որը կբերի գների աճի:
-Ի՞նչ ազդեցություն կունենա արձանագրված գնանկումը Հայաստանի տնտեսության վրա:
-Ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Եթե մրցակցային միջավայր լիներ, իհարկե, դրանից տնտեսությունը շատ կօգտվեր, որովհետեւ դա առանձին տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր, ավելի մրցունակ վիճակում կգործեին: Բայց քանի որ մեր հանրապետությունում հավասար մրցակցային վիճակ չկա, ապա, ըստ էության, տնտեսության էֆեկտը մեծ չի լինի: Եթե ինֆլյացիան պլանավորված բյուջեի եւ ծրագրի շրջանակներում է, դա միանշանակ նպաստում է, իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում նույնիսկ գնանկումը իր մեջ վտանգավոր էլեմնտներ է պարունակում եւ զարգացմանը կարող է խոչընդոտել: Ի վերջո, ինֆլյացիան երբ սահմանվում է պետական բյուջեով, ապա դա իր մեջ մի կարեւոր խնդիր է լուծում՝ հիմնականում տնտեսական աճին կարող է նպաստել: Հիմա եթե դա չկա, փաստորեն, տնտեսվարողները հաջորդ տարի այն գումարները, որոնք պետք է վաստակեին որպես եկամուտ, չեն ստանա: Հետեւաբար ներդրումներ չեն լինի, ընդլայնում չի լինի:
-Ներկայումս ՀՀ-ի տնտեսությունում ի՞նչ զարգացումներ են ընթանում: Արդյո՞ք կան երեւույթներ, որոնք լավատեսության հույսեր են ներշնչում:
-Ցավոք, լավատեսության հուսեր ներշնչող երեւույթներ չկան: Այսինքն՝ այն միտումները, որոնք այսօր կան, ընդհակառակը՝ շատ ավելի վտանգավոր են ապագայի համար, որովհետեւ այդտեղ չկան ներդրումներ, խնայողություններ, չկա նորմալ հարկահավաքություն, բյուջեի կատարում: Ի վերջո, պետական ծախսերի կրճատումը նաեւ տնտեսության զարգացման վրա բացասական հետեւանք կունենա, եւ շուկան կնեղանա: Այսօրվա տնտեսության զարգացման ցածր տեմպը չի թողնում, որ պետական բյուջեում ազատ միջոցներ հայտնվեն, որոնք կարող են ուղղվել առավել կարեւոր նշանակություն ունեցող ճյուղերին, օրինակ՝ շինարարությանը:
-Պարո՛ն Խաչատրյան, երեկ լրացավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ ամիսը: Ինչպե՞ս կգնահատեք նրա մեկ ամսվա աշխատանքը:
-Չեմ կարծում, որ դա կարեւոր իրադարձություն է: Նաեւ վստահ չեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում դրական փոփոխությունների ականտես ենք եղել: Ես մեր երկրի կյանքի փոփոխութունները չեմ կապում անձերի հետ: Գտնում եմ, որ մեր երկրի կյանքում խնդիրները համակարգային են, հետեւաբար փոփոխությունները պետք է ուղղված լինեն այդ համակարգը փոխելուն: Քանի որ դա չի կատարվում, մեկ ամիս կլինի, թե երկու, երեք, միեւնույն է՝ որեւէ նշանակություն չի ունենա:
-ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը…
-Ուղղակի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շատ վատ ասոցացիաներ է առաջացնում ոչ միայն իմ, այլեւ մեր քաղաքացիների, գործարարների մոտ: Մի փաստ պետք է արձանագրել, որ մեր տնտեսությունը այս վիճակին հասցնող ամենամեծ մեղավորությունն ունեցողը հենց այդ ընկերությունն է: Իր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա այնքան մեծ է, որ մինչեւ հիմա տնտեսությունը խելքի չի գալիս, մարդիկ՝ նույնպես: Եթե ուսումնասիրենք, թե մեր միջին երկամուտների քանի տոկոսն ենք տալիս գազին եւ էլեկտրաէներգիային, ապա կստացվի, որ աշխատում ենք միայն դրա համար:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՏՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Վանաձորում մինչ օրս շուրջ 757 ընտանիք կամ 2800 բնակիչ շարունակում է ապրել ժամկետանց մետաղե վագոն-տնակներում ու երկրաշարժից հետո որպես ժամանակավոր կացարան կառուցված փայտաշեն տնակներում, որոնք այսօր ամբողջությամբ սպառել են իրենց: «Տնակային ավանի եւ նմանատիպ կարգավիճակ ունեն Ուկրշին, Սանկտ-Պետերբուրգյան թիվ 5 տնակային ավանը, ունենք քիմգործարանում դեռեւս մի քանի տնակներ, որտեղից տարիներ առաջ 3000-ից ավելի տնակներ հանվեցին: Այսօր այստեղ մնացել է 24 տնակ, որն այլեւս տնակային ավանի կարգավիճակ չունի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը` նշելով, որ Թեւոսյան մեկ եւ 2 տնակային ավանները, որոնք երկհարկանի փայտե շինություններ են, կառուցվել են երկրաշարժից հետո` որպես ժամանակավոր կացարաններ:
Բաժնի պետից փորձեցինք ճշտել, թե տնակներում ապրող ընտանիքներից քանիսն է աղետի հետեւանքով անօթեւան մնացել ու քանիսը` ոչ աղետի. «Ներկայումս տնակային ավաններում բնակվող ոչ մի ընտանիք աղետի պատճառով բնակարան չի կորցրել: Այսինքն` այս 2500 բնակիչները աղետի պատճառով չեն իրենց բնակարանները կորցրել: Նրանց մի մասը, սոցիալական վիճակից ելնելով, վաճառել է բնակարաններն ու հայտնվել տնակներում, մի մասը այլ համայնքներից են տեղափոխվել Վանաձոր, մի մասն էլ տրոհված ընտանիքեր են ու նախկին վարձակալներ, որոնք երբեւէ բնակարան չեն ունեցել Վանաձորում»,- ասում է նա:
Տարիներ առաջ Վանաձորում մի ծրագիր մեկնարկեց, որը պետք է հոգար ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած եւ փաստացի տնակում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը: Պառավյանը մանրամասնում է. «Վանաձորում նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկով Վանաձոր համայնքի՝ «Առդա» բարեգործական հիմնադրամի եւ «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի համատեղ ներդրմամբ 7 տարիների ընթացքում կառուցվել է շուրջ 68 բնակարան, որոնց շահառուները ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած եւ փաստացի տնակային ավաններում բնակվող ընտանիքներն էին»:
Նմանատիպ մեկ այլ ծրագիր եւս իրականացվել է Վանաձորի քաղաքապետարանի եւ գերմանական «Կյանքի հաց» կազմակերպության կողմից, որի ընթացքում շուրջ 32 ոչ աղետի հետեւանքով անօթեւան ընտանիք է բնակարանի տեր դարձել:
«Առդա», «Ֆուլլեր» եւ Վանաձորի քաղաքապետարան եռակողմ պայմանագրով նախատեսվում է կառուցված բնակարանների թիվը հասցնել 100-ի: Պառավյանը շեշտում է՝ տնակներում ապրող ընտանիքները գտնվում են այնպիսի սոցիալական պայմաններում, որ իրենց ուժերով նրանք դժվար թե երբեւէ կարողանան բնակարան գնել կամ կառուցել:
Բաժնի պետը նկատում է՝ Վանաձորում բազմաթիվ կիսակառույցներ կան, որոնք բարերարների միջոցներով հնարավոր է ավարտին հասցնել ու տնակներում բնակվողներին դարձնել տան տեր, որը շատ ավելի մատչելի եւ նպատակային ծրագիր կլինի:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր