Բեռնատարների ծանրության տակ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի շատ հատվածներ շարքից դուրս են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը վերանորոգման նպատակով 2016թ. սեպտեմբերի 14-ից տրանսպորտային միջոցների երթեւեկի համար փակ է: Այդ պատճառով Բագրատաշենի մաքսակետով արտերկրից բեռներ ներկրող եւ նույն ուղիով Հայաստանից բեռներ տեղափոխող ֆուռերը երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհով: Արդյունքում՝ շրջանցիկ ուղու ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացել է: Շուրջ 20 տոննա բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարների ծանրության տակ Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհի շատ հատվածներ շարքից դուրս են եկել:

Շրջանցիկ ճանապարհին շատ փոսեր ու ասֆալտի ծածկի նստվածքներ կան: Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի ճանապարհաշինարարները այդ հատվածի փոսերը մաքրել են, որպեսզի հետո դրանք ասֆալտով լցնեն: Սակայն անձրեւային սեզոնը վրա հասավ, եւ հիմա այդ փոսերը լցված են ջրով: Դրանք երթեւեկող մեքենաների համար իրական վտանգ են ներկայացնում: Դժվար չէ կռահել, թե ձմռանն այդ ճանապարհն ինչ վիճակում կլինի: Լեռնային տեղանքով ձգվող ճանապարհին մեծ բեռնատարները ձմռանը տեղապտույտ կտան՝ քանդելով ճանապարհի ասֆալտի բարակ ծածկը: Իսկ ճանապարհը սառույցով պատվելու դեպքում բեռնատարները չեն կարողանա հաղթահարել լեռնային վտանգավոր, բազում ոլորաններով ուղին: Կիրանց, Ոսկեպար գյուղերի բնակիչները վկայում են, որ շրջանցիկ ճանապարհի շինարարները դրա հիմքը չեն ամրացրել, ինչի հետեւանքով ճանապարհը «նստում է»: Վարորդները դժգոհում են, որ ճանապարհը կառուցելիս ոլորանները «թարս» են սարքել: Դեպի ձախ ոլորաններում ճանապարհի ծածկը պետք է դեպի ձախ թեքություն ունենա, դեպի աջ թեքության դեպքում՝ աջ: Սակայն ճանապարհաշինական տվյալ նորմը խախտվել է:

Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվել է 2001-2003 թվականներին: Խորհրդային տարիներին գործող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը 4 կմ երկարություն ուներ: Իսկ, ահա, շրջանցիկ ճանապարհն ունի 11 կմ երկարություն: Ճանապարհը նախագծողներն այն բարձրացրել են դեպի լեռները` 7 կմ-ով երկարացնելով, քանի որ դրա կառուցման առատ ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն էր: Ավելի քան 10 տարիների ընթացքում ճանապարհը շատ տեղերում անբարեկարգ է դարձել: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն այժմ այլ անվանում ունի, հրահանգելով սեպտեմբերի 14-ին երթեւեկության համար փակել Վանաձոր-Ալավերդի հատվածը, գիտեր, որ դրանից հետո խոշոր բեռնատարների հոսքն ուղղվելու է Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհ, որի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ուղին անբարեկարգ է: Սակայն նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել ռազմավարական նշանակություն ունեցող, Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ճանապարհը ամռանը նորոգելու համար: Այժմ եղանակային պայմանները անբարենպաստ են ճանապարհի վերանորոգման համար, առջեւում ձմեռ է: Ինչպես ասում են՝ չաշխատեցիք ամռանը…

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս