Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ աճել են 19,6%-ով` կազմելով 1 081 496.4 մլրդ. դրամ: Իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ գրանցվել էր արտահանման տվյալների նվազում` 0,9 %-ով:
Ըստ էության նախորդ տարվա ընթացքում գրանցված անկումը դոլարի եւ ռուբլու փոխարժեքի անկայունությամբ էր պայմանավորված: Հիմա փորձենք հասկանալ, թե որ երկրների «օգնությամբ» է արտահանման ծավալները մեր երկրում նախորդ տարվա համեմատ աճ գրանցել:
Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության երկու տարին: Ինչպես հայտնի է, բացի ՌԴ-ի կողմից մեր երկրի անվտանգության ապահովման ակնարկներից, բաց տեքստով ՀՀ եւ ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ԵՏՄ-ի անդամակցության հիմնական շարժառիթը եղել է անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ստանալը: Ակզբում ամեն ինչ շատ վատ էր:
Այս տարվա` 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ ԵՏՄ երկրներից արտահանման ցուցանիշի աճով առաջնայինը Բելառուսն է: Դեպի այս երկիր արտահանված ապրանքների ցուցանիշը աճել է 78,6%-ով: Բելառուս գործարարներին կարծես թե շահեկան չէ Հայաստանի շուկան: Ներմուծման ցուցանիշի աճը, հակառակ արտահանման, նվազել է 16,6%-ով:
Ռուսաստանն է այս պարագայում երկրորդ տեղում է: 54,6% է կազմում դեպի «մեծ եղբայր» Ռուսաստան արտահանած ապրանքների ցուցանիշը, իսկ ներմուծումը այդ երկրից 1, 2% է կազմել:
Քիչ չէ նաեւ դեպի Ղազախստան արտահանած ապրանքների ցուցանիշը: 48%-ով աճել է արտահանումը, իսկ ներմուծումը` 25,1%-ով: Բնականաբար այս ցուցանիշները չեն կարող գոհացուցիչ լինել մի երկրի համար, որի տնտեսությունը այսպիսի ծանր վիճակում է: Բայց եթե հաշվի առնենք, որ անցած տարվա համեմատությամբ այդ ցուցանիշները կտրուկ աճել են, սա մի փոքր հուսադրող է:
14,1%-ով աճել է նաեւ դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանած ապրանքների ցուցանիշը: Եթե նախորդ տարի ԵՄ անդամ երկրներ արտահանման ցուցանիշը նվազել էր 2,5%-ով, ապա այս տարի այն աճել է 14,1%-ով, նախորդի համեմատ 16,6%-ով: Իհարկե, այս ցուցանիշի ապահովման հարցում մեծ դեր ունի 2005թ. հուլիսից ի վեր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ռեժիմը, որի շրջանակներում Հայաստանը օգտվում է ԵՄ «GSP» կանոնակարգի կայուն զարգացման եւ լավ պետական կառավարման հատուկ խրախուսական դրույթներից:
Նշենք, որ «GSP+» ռեժիմը հնարավորություն է տալիս հայ արտահանողներին արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա՝ ապահովելով շուրջ 6400 ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵՄ շուկաներ զրոյական մաքսատուրքերով: Այս արտոնությունները մեծ խթան են դեպի ԵՄ երկրներ արտահանման ցուցանիշի բարձրացման համար:
Իսկ մեր հարեւան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները այնքան էլ հաջող չեն: Թեեւ մշտապես խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին, որին միտված տարբեր հուշագրեր են պարբերաբար ստորագրվում (ամենաթարմ հուշագիրը երեկ Իրանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատվիրակության՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրված փոխըմբռնման հուշագիրն է՝ գազի առք ու վաճառքի եւ տարանցման վերաբերյալ) ենթադրում էր, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ աճ կլինի, քանի որ հարեւան երկրներից «ամենաանշառ» երկիրը, որտեղ կարելի է առանց լուրջ խոչընդոտների ապրանքներ արտահանել, Իրանն է:
Բայց արի ու տես, որ 2016 թվականի այս ինն ամիսների ընթացքում դեպի Իրան արտահանած ապրանքների ցուցանիշը նվազել է 5,6%-ով, նվազում կա նաեւ ներմուծման ոլորտում` 16,4%-ով: Բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ պատկերն այլ է եղել: Արտահանման ցուցանիշը աճել էր 0,1%-ով:
Ամենաուշագրավը, սակայն, Թուրքիայից Հայաստան ներմուծած ապրանքների ցուցանիշի բարձրացումն է 5,5%-ով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում պարբերաբար թուրքական ապրանքների դեմ ակցիաներ էին արվում, տուժ-տուգանքներ կիրառվում: Բայց պարզվում է, որ 2015 թվականին է միայն Թուրքիայից ապրանքների ներկրման ցուցանիշը նվազել` 40,9 %:
Չի բացառվում, որ այս ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես ամիսներ առաջ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Թուրքիայից Հայաստան է ներկրվում լոլիկի ու վարունգի մեծ խմբաքանակ եւ Հայաստանի արտադրանքի անվան տակ ներկրվում Ռուսաստան:
Հարկ է նշել, որ պղնձի խտանյութի արտադրության ծավալները աճել են 31,8%-ով: Ըստ մասնագետների՝ պղնձի խտանյութի ծավալների աճով է հենց պայմանավորված Հայաստանից արտահանման ցուցանիշի աճը:
Հ. Գ. Նկատենք, որ արտահանման աճի ցուցանիշները գրանցվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման վերջին տարում: Տեսնենք` Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք ինչ արդյունքներ կգրանցվեն:
Վահագն Հակոբյան