Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց նոր օրենսդրական նախագծի մշակման մասին, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի բուհերի խորհրդի նախագահ լինել:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գալստյան
-Տիկի՛ն Գալստյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳ նախարարի օրենսդրական նախաձեռնությանը, որով նա փորձում է բուհերը ապաքաղաքականացնել:
-Նախախարի այդ նախաձեռնությունը ընդունում ենք, եւ երեւի թե ճիշտը դա է, քանի որ հոգաբարձուների խորհուրդը արտասահմանի հոգաբարձուների խորհրդի իմաստն ունի: Բայց դրսում խորհուրդների անդամները այն մարդիկ են, որոնք ունենում են ներդրումներ տվյալ բուհի զարգացման համար: Եւ ներդրումների դիմաց պահանջում են աշխատանքի կատարում, ինչը նորմալ է:
Բայց ես չէի ասի, որ բուհերը քաղաքականացված են, որովհետեւ որքան էլ որ քաղաքական գործիչներ են եղել մեր բուհի խորհրդի անդամները, նրանք երբեք քաղաքականությունը չեն մտցրել խորհրդի աշխատանքների մեջ: Ես սա միանշանակ կարող եմ ասել:
-Մարդու իրավունքների նախկին պաշտպաններն իրենց զեկույցներում բարձրաձայնել են բուհերը քաղաքականությունից զերծ պահելու խնդիրը, եւ ներկայիս նախարարը եւս նման խնդիր տեսել է: Ձեր ղեկավարած բուհի խորհրդի նախագահը ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն է: Ի՞նչ պիտի նա տա բուհին:
-Ձեզ ասեմ, որ մինչ Հովհաննես Հովսեփյանի գալը Վիգեն Սարգսյանն էր խորհրդի նախագահը, հետո եկավ Հովհաննես Հովսեփյանը, եւ ոչ մեկի կողմից որեւէ ուղղորդում մենք չենք ունեցել ընտրություններից առաջ:
-Այսինքն՝ բուհը չի տուժի՞, եթե Հովհաննես Հովսեփյանը օրենսդրական նշված փոփոխության՝ ուժի մեջ մտնելուց հետո չունենա խորհրդի նախագահի կարգավիճակ:
-Մենք Հովհաննես Հովսեփյանի հետ շատ լավ աշխատում ենք, եթե պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի, եթե մնա, մենք իր հետ շատ լավ աշխատել ենք: Խնդիրներ չենք ունեցել իր հետ, հակառակը, ունեցել ենք միայն աջակցություն:
-Իսկ Հովհաննես Հովսեփյանի հետ խոսե՞լ եք այս նախաձեռնության մասին:
-Ո՛չ, հնարավորություն չի եղել զրուցելու այդ մասին, կարծում եմ, որ շատ շուտով կզրուցենք իր հետ, տեսնենք՝ ինչ ենք անելու:
զրուցեց Քնար Մանուկյանը