ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «հանցավոր խմբավորում» վնասազերծվեց: Մարդիկ շարունակում են չհավատալ, որ հանցախումբն իրական էր, անդամներ համարվող անձինք պատրաստվում էին պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակվել պետական ինստիտուտների վրա: Մինչ օրս հանրության մի հոծ զանգված կատարվածը ձախողված «մասկի շոու» է համարում:

Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այս օրերին կողմերը գործի նյութերին են ծանոթանում` միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ դրա համար տրամադրված ժամկետները բավականին կարճ են: Տեղեկություններ կան, որ մինչեւ նոյեմբերի 25-ը պետք է ավարտին հասցվի ողջ գործընթացը, որպեսզի գործը հսկող դատախազն այն հաստատի եւ ուղարկի դատարան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակադրվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը դատաքննություն սկսել: Իսկ այսօր զինված հանցախմբին օժանդակելու եւ իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում ասուլիսով հանդես կգա: Թե ինչ հարցերի պատասխաններ կստացվեն այդ ընթացքում, ցույց կտա ժամանակը, սակայն «Ժողովուրդ»-ին արդեն իսկ որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախաքննությամբ ձեռք բերված հանգամանքներից:
Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ խմբի հետ տարբեր թելերով առնչվող մոտ երեք հարյուր անձի անուն է հիշատակվել: Նրանց թվում կան թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնյաներ, քաղաքացիներ, տարբեր բնագավառների գործիչներ: Թիրախում մեծամասամբ ռազմական գործիչներ, ազատամարտիկներ են հայտնվել, որոնք այս կամ այն առիթով գոնե մեկ անգամ խոսել են Արթուր Վարդանյանի հետ: Շոշափվել է ազատամարտի հերոս Արկադի Կարապետյանի՝ Ագոյի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Սրբազանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի եւ այլ հասարակական-քաղաքական գործիչների անուններ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին է հայտնել, որ կալանավորված անձանց ցուցմունքներից հետո խմբի շրջանակները պարբերաբար ընդլայնվում էին. յուրաքանչյուրի ցուցմունքը նոր անուն էր ի հայտ բերում: Ազգային անվտանգության ծառայությունը հիմնականում հիմնվել է Արթուր Վարդանյանի տված ցուցմունքների վրա: Եվ գործով անցնողների թիվը հասել է երեք հարյուրի: Եվ հիշատակված անուններով հայտնի դեմքերը չեն ավարտվում: Լուրեր կան, որ հարձակում իրականացնելու մանրամասները տվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանը՝ հայտնի Գեգեն, ով նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Մասնավորապես, զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը ձերբակալման պահից ի վեր հայտարարել է, որ ինքը զինված հանցախումբ է ձեւավորել, մարդկանց հավաքագրել, պատրաստվել լայնամասշտաբ զինված հարձակման: Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Վարդանյանի եւ գործում ներգրավված բոլոր անձանց միջեւ տեղի ունեցած ցանկացած հեռախոսազրույց կամ պարզապես երկխոսություն ձայնագրվել է: Այս ամենը կազմակերպել եւ իրականացրել է «Ռադիա Մարիամի» աշխատակցուհի եւ ծրագրերի համակարգող Լիլիթ Թորոսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, եւս մեղադրյալների ցանկում է, սակայն նա, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ստորագրությամբ ազատ է արձակվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լիլիթ Թորոսյանը եւ նրա անմիջական ղեկավար համարվող Հայր Անտոն Թութուջյանը տվել են պահանջված ցուցմունքները, որի դիմաց էլ ազատ են արձակվել: Համենայն դեպս, զինված խմբին ֆինանսավորած եւ Արթուր Վարդանյանին գործով անցնող բազմաթիվ մեղադրյալների, այդ թվում՝ Վահան Շիրխանյանի հետ ծանոթացրած հոգեւորականը այլ տարբերակով ազատության մեջ հայտնվել չէր կարող: Թերեւս, ԱԱԾ-ն այդ կերպ նրա լավությանն է փոխհատուցել:
Ի դեպ, մեզ որեւէ կերպ չհաջողվեց կապ հաստատել Լ. Թորոսյանի եւ հոգեւորականի հետ: Ըստ ամենայնի, նրանք ազատվելուն պես ընդհատակ են անցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ ձայնագրությունները, որոնք ներգրավվել են գործի նյութերում, տարակարծությունների տեղիք են տվել: Դրանք հիմնականում մոնտաժված, իրար չհաջորդող մտքերով եւ թեմաներով խոսակցություններ են: Մեղադրյալների մեծ մասը միջնորդել է փորձաքննություն նշանակել, որպեսզի պարզվի՝ արդյոք ձայնագրությունները բնօրինակներն են, սակայն միջնորդությունները մերժված են: Կարծիք կա նաեւ, որ բոլոր ձայնագրությունները չէ, որ տրամադրվել են կողմերին:
Ի դեպ, որեւէ ձայնագրության մեջ չի նշվում հարձակում իրականացնելու տեղը, ժամը եւ օրը, ինչը եւս կասկածի տեղիք է տվել:
Մնում է հուսալ, որ, ի վերջո, հայտնի կլինի՝ ով էր կատարվածի պատվիրատուն, եւ ում էր պետք երկրում լարված մթնոլորտ ստեղծել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԱՆՓՈՐՁ ԳՈՂԵՐԸ
Նոյեմբերի 8-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ժամը 03:30-ի սահմաններում 3-4 դիմակավորված անձինք ներխուժել են հարկադիր ծառայության խոշոր հարկավճարումների բաժնի աշխատակից Արա Ստեփանյանի տուն: Վերջինս նախկինում զբաղեցրել է Արմավիրի հարկային տեսչության պետի պաշտոնը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Ստեփանյանը ավազակային հարձակման հետեւանքով էական վնասներ չի կրել: Մասնավորապես, դիմակավորված անձինք հափշտակել են Ստեփանյանի մոտ եղած կանխիկ գումարը, երկու բջջային հեռախոս, ապա դիմել փախուստի:
Նրանք տանը գտնվողներին սպառնացել են հրացանով, իրենց հետ բերված մահակներով: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակումը:
Կատարվածի շուրջ զրուցեցինք հարկային տեսչության նախկին պետ Արա Ստեփանյանի հետ, ով հայտնեց, որ տարածված տեղեկությունները, թե ինքը միլիոնների հասնող վնաս է կրել, իրականությանը չի համապատասխանում: Ընդհանուր հաշվով` դրամական վնասները, մեր զրուցակցի փոխանցմամբ, կազմել են 100 հազար դրամ:
Ա. Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ որեւէ մեկին չի կասկածում, ավելին՝ հարձակում իրականացնողներն անփորձ եւ բավականին երիտասարդ են թվացել. «Նրանք նույնիսկ հարվածել չգիտեին, զենքի կիրառման ձեւը չգիտեին: Շատ եմ խղճում այդ տղաներին, վստահ եմ՝ շատ փոքր են տարիքով: Ափսոս, որ այդ 100 հազար դրամի պատճառով մի քանի տարի անազատության մեջ կմնան»,- ասաց Ա. Ստեփանյանը` հավելելով, որ նրանց հայտնաբերելուց հետո ինքը բողոքը հետ չի վերցնի. «Եթե այդ ճանապարհն են բռնել, պետք է պատժվեն»,- ասում է տուժածը:
Վերջինիս վրդովվեցրել է այն, որ լրատվամիջոցներով իրեն մեծահարուստ են ներկայացնում: Իր խոսքով` ինքը ընդամենը 6 ամիս է պաշտոնավարել որպես հարկայինի տեսչության պետ. «Մեր ժողովուրդը մտածում է, որ եթե հարկայինում ես աշխատում, ուրեմն մեծահարուստ ես: Ես հասկանում եմ` ինչն է այդ կարծիքի ձեւավորման պատճառը: Բայց ես ինչի հասել եմ, իմ քրտինքով եմ հասել, իմ սեփական ուժերով: Ախր մեծահարուստ էլ չեմ, հորս տանն եմ ապրում` 50 թվին կառուցած: Դրսից նկարել են, իբր, տեսեք`ինչ լավ տուն է: Չվերանորոգեի՞, հա, մեր տունը: Իմ ամենամեծ վնասն այն է, որ երեք անչափահաս երեխաներս են այդ ամեն ինչը տեսել, կնոջս են հրազենով սպառնացել: Սա՛ է իմ դժբախտությունը»,- շարունակեց ներկայացնել Արա Ստեփանյանը:
Նա հայտնեց նաեւ, որ դիմակավորված անձանց փախչելու պահին իր մայրն է նրանց առջեւում հայտնվել, ու նրան տեսնելուն պես` երիտասարդները հրել են մորը, վերջինս ընկել է բազմոցին. «Ինչ-որ տեղ կարդացի, գրված էր` մահամերձ պառկած եմ, ոսկյա իրեր են գողացել եւ այլն: Չկա նման բան: Ինձ միայն մահակներով են մի քանի անգամ հարվածել, այն էլ այնքան թույլ, որ ես հասկացա՝ անփորձ ու տարիքով բավականին փոքր տղաներ են»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԴԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
ԱԻՆ տեղեկացմամբ՝ օրեր առաջ ձկնորսության ժամանակ Սեւանա լճում անհետ կորած նորատուսցիներից մեկի դին երեկ՝ ժամը 16.03-ին, հայտնաբերվել է: Ջրահեղձ եղած ձկնորսը 1992 թ. ծնված Ա. Ա.-ն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սեւանա լիճ ձկնորսության եւ չեն վերադարձել։

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՏԱԿԱՆՔ
Լրագրող եւ հասարակական գործիչ ներկայացած Սյուզան Ջաղինյանը, ով երեկ մեկնել էր Բաքու, իր երախտագիտությունն է հայտնել ադրբեջանցի իր գործընկերներին: Haqqin.az-ի հետ հարցազրույցում Ջաղինյանը մեղադրել է Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ: Իր այցը Ջաղինյանը «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է անվանել: Ջաղինյանը նաեւ քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, ով, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին:

 

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Տեւական ծանր հիվանդությունից հետո ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը երեկ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է: Հիշեցնենք, որ նրա ազատամարտիկ ընկերները դրամահավաք էին անցկացրել` բուժումը կազմակերպելու համար, սակայն փաստորեն դա արդյունք չտվեց: ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական եւ Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ եւ Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջնային դիրքերում մնալուց հետո։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում ազատամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

 

 

ԿՈՒՍԱԿՑԱՄԱՆԻԱ
2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցությունների թիվը գնալով ավելանում է: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւս պատրաստվում է կուսակցություն հիմնել, այն կունենա «Եվրոպական ընտրություն» պայմանական անվանումը: ArmLur.am-ի հետ զրույցում Խզմալյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է միանա Եվրամիությանը եւ անդամակցի ՆԱՏՕ-ին:

 

 

ԴԵՌ ՉԿԱ
Անդրադառնալով ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի պաշտոնանկության եւ նրա փոխարեն Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանի նշանակման մասին լուրերին՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ArmLur.am-ին ասել է. «Եթե նման բան լինի` կլինի հրաման, եթե չկա հրաման, ապա այդ լուրերը չեմ կարող մեկնաբանել»:




Լրահոս