12 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՖԸ ՓԼՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 12 կուսակցությունների եւ 140 հասարակական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործունեությունից նոր կուսակիցները դժգոհ են: «Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են նրան «գահընկեց» անել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր բողոքի ձայնը բարձրացրեց ՀՎԿ-ին անդամակցած «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը. «ՀՎԿ-ն մենք ենք՝ առանց ՕԵԿ-ի նախագահի եւ թիմի. նրանք ոչ մի աղերս չունեն ՀՎԿ-ի հետ: Ես շուտով ասուլիսով հանդես կգամ եւ շատ բացահայտումներ կանեմ: ՀՎԿ-ի անդամ չեն ՕԵԿ-ը եւ իր վարկաբեկված թիմը»,- ահա այսպիսի կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Ղազարյանը: «Հայկանդուխտ»-ի նախագահը չմանրամասնեց՝ ինչ բացահայտումներ է պատրաստվում անել, սակայն նրա վրդովմունքն ու զայրույթն ակնհայտ էր:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը: ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ: Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում եւ կայացվում են կարեւորագույն որոշումներ:

 

 
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ: Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել եւ ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն: Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու:

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերության սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող 264.5 քմ մակերեսով տարածքը: Այն գնելու համար պետական միջոցներից հատկացվել է 15 մլն 957 հազար դրամ: Նշենք, որ այդ տարածքը ընկերությանը պատկանող եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգում՝ համալիրի հյուսիս-արեւմտյան կողմում գտնվող սրճարանն է: Այն տեւական ճամանակ աճուրդի էր հանվել, սակայն այդպես էլ գնորդ չունեցավ, իսկ լոտի մեկնարկային գինը այս տարվա ապրիլին կազմել է 17 մլն 730 հազար դրամ: Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչությունը ձգձգել է համալիրի սրճարանի գնումը՝ 17 մլն 730 հազար դրամի փոխարեն գնելով 15 մլն 957 հազար դրամով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին նույն գերատեսչությունը 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամով գնել էր համալիրի գույքը: Ի դեպ, ե՛ւ գույքը, ե՛ւ սրճարանը պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է առաջիկայում անհատույց օգտագործման նպատակով կրկին տրամադրել համալիրին:

 

 

 
ՍՈՒԼԹԱՆԻԶԱՑԻԱ
Մինչ Եվրամիության խորհուրդը մանդատ է տալիս՝ Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, այդ երկիրը եվրոպական արժեքներին հակասող, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակմանը ուղղված նոր քայլեր է անում: Եթե ներկայումս Ադրբեջանում ազատ խոսքի նշույլներ էլ մնացել էին, ապա միայն սոցիալական ցանցերում, սակայն պարզվում է՝ առաջիկայում նաեւ այդ տիրույթն է վերահսկվելու եւ, ըստ էության, փակվելու իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնողների համար:
Պարզվում է՝ ադրբեջանական սուլթանատում այսուհետ նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին հնչեցրած ցանկացած քննադատություն դառնալու է քրեորեն պատժելի արարք: Արդեն իսկ այդ երկրի գլխավոր դատախազը Միլլի մեջլիսին է ներկայացրել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ: Դրանով մասնավորապես սահմանվում է, որ եթե հանրապետության նախագահին վարկաբեկում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են հրապարակային ելույթի ժամանակ, ցուցադրվող ստեղծագործության (օրինակ՝ ծաղրանկարի) կամ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ համացանցում ու սոցիալական ցանցերում, նախատեսվում է տուգանք 500-ից 1000 մանաթի չափով (մոտ 300-600 ԱՄՆ դոլար), կամ՝ ուղղիչ աշխատանքներ մինչեւ երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Իսկ կեղծ օգտատերերի դեպքում տուգանքը կազմում է 1000-ից 1500 մանաթ (ամերիկյան 600-900 դոլար) կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Այս նախագիծն, ըստ ամենայնի, կընդունվի արդեն առաջիկա օրերին:
Իհարկե, Ալիեւների կլանը բավականին արդյունավետ միջոց է մտածել՝ երկրի պակասող բյուջետային միջոցները համալրելու համար: Ավելին՝ եթե չլիներ ազատազրկման վտանգն ու քաղաքական հալածանքի հեռանկարը, վստահաբար Ադրբեջանում շատերը պատրաստ կլինեին 300-600 դոլարով Իլհամին ասել սրտների ուզածը, ավելին՝ կլինեին մարդիկ, ովքեր կցանկանային դա անել օրական մի քանի անգամ: Եվ եթե ալիեւները խելամիտ մարկետինգ անեին, օրինակ՝ առաջարկեին զեղչային համակարգեր՝ երկու հայհոյանքը մեկի գնով տարբերակով, գուցե առհասարակ երկրի բյուջեն կրկնապատկեին:
Իսկ եթե լուրջ, ապա հարեւան, թեկուզ հակառակորդ երկրում հետզհետե խորացող ավտորիտարիզմը մեզ համար մտահոգիչ է, քանի որ ավտորիտար ռեժիմները երբեք կանխատեսելի չեն լինում, էլ չասած այդ երկրներում հեղափոխության մշտական վտանգի մասին, որի արդյունքում, որպես կանոն, իշխանության են գալիս էլ ավելի ռադիկալ ուժեր, եւ երկիրը ընկղմվում է տեւական քաոսի մեջ:




Լրահոս