Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին` Արեգ Սադոյանը. ու Ռաֆայել Կարագյոզյանն այսօր ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները:
Քիչ առաջ Արեգ Սադոյանն ազատ արձակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից:
ArmLur.am-ի հետ զրույցում Արեգ Սադոյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը նշեց, որ դատավճռով սահմանվեց երեք տարի պատիժ. «Սակայն 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն պատիժը չկիրառեցին»:
Ըստ նրա՝ փորձաշրջան է սահմանվել երեք տարի ժամկետով և դատարանի դահլիճից կալանքից ազատեցին:
Նրա հետ միասին նույն պայմանով ազատ արձակվեց նաև Ռաֆայել Կարագյոզյան:
Նշենք, որ Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար:
Լիդա Եղիազարյան