«Տնտեսական փոփոխությունները լինելու են բեկումնային». Սերժ Սարգսյանը կրկնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ­որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այդ մասին Հանրապետական կուսակցության 16­-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը։

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները և նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը։

«Համեմատության համար՝ շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետևանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից ստացված պահուստները։ Ուշագրավ էր «Ռոյթերս» գործակալության վերլուծությունը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի՝ ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն և որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ արված քաղաքական որոշումների քանակով։ Այսպես, 2016 թվականի ընթացքում Հայաստանը 9 անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջերս արդեն տասներորդ անգամ իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2015 թվականի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի։ Արդյունքում Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսությանն ընդլայնող դրամավարկային քաղաքականության լուրջ իմպուլս»,- ընդգծեց Սերժ Սարգսյան:




Լրահոս