Հարություն Ղարագյոզյանը ընտրության կգնա ռեյտինգային տարբերակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անակնկալներով լի են: Այսօր ԱԺ-ում եղած շատ օրենսդիրներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ օրենսդիր մարմնին: Իսկ եթե անգամ ՀՀ նախագահի նստավայրում որոշվել է, որ ինչ-որ պատգամավոր կրկին պետք է մանդատ ստանա, ապա նա դեռ այդ մասին չգիտի:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի հետ նրա ապագային առնչվող հարցերի հետ կապված:

-Պարո՛ն Ղարագյոզյան, Դուք եզակի պատգամավորներից եք, որ նորանկախ Հայաստանի 1-ին գումարման խորհրդարանից սկսած բոլոր խորհրդարաններում եղել եք: 2017թ. խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:

-Հիմա Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, չեմ որոշել:

-Ի՞նչն է պատճառը, որ դեռ որոշում չեք կայացրել:

-Պարզապես սպասում եմ, տեսնեմ՝ իրադարձությունները ոնց կլինեն, նոր որոշում կկայացնեմ:

-Մի փոքր կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք «իրադարձություններ» ասելով:

-Տեսնենք՝ քաղաքական ինչ ձեւավորումներ կլինեն, նոր որոշում կկայացնեմ:

-Պարո՛ն Ղարագյոզյան, եթե, այնուամենայնիվ, Ձեր որոշումը կայացնեք, ընտրացուցակով կգնա՞ք, թե ռեյտինգային տարբերակով, որն ավելի շատ նման է մեծամասնական ընտրակարգին: Այսինքն` ընտրողը հենց Ձեզ է ընտրելու, Ձեր անունը:

-Ինձ թվում է՝ ռեյտինգային տարբերակով կգնամ:

-Իսկ Դուք անձամբ ցանկություն ունե՞ք լինելու 2017թ. խորհրդարանական ընտրություններում:

-Ճիշտն ասած՝ դեռ չեմ էլ որոշել, հիմա չեմ կարող ասել:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս