ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՋԱՀԵԼՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐՆ «ԱՀԵԼՆԵՐԻ» ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին hraparak.am կայքը հայտնեց, որ դրա նախորդ օրը՝ ուշ երեկոյան, Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցում դատավորների միջեւ տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք: Ըստ կայքի տեղեկությունների` դատավորները մասնակցում էին սեմինարի, որից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, չարաշահելով ալկոհոլը, դարձել է անկառավարելի: Նա հենց հյուրանոցի սպասասրահում սկսել է «կպչել» դատավորներին եւ ոչ վայել պահվածք դրսեւորել այնքան, մինչեւ որ դատավորներից մեկը նրա վրա բաժակ է շպրտել, ինչից հետո էլ սկսվել է ձեռնամարտ: Սպասասրահում գտնվող դատավորները, սակայն, հասցրել են բաժանել նրանց:

Ավելի ուշ կատարվածի մասին իրար հակասող միանգամայն այլ հրապարակումներ եղան: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ միջադեպին մասնակցել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ով էլ հանդիսացել է բաժակ նետող դատավորը:
Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել նշված օրը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ նշենք, որ տեղի ունեցածի շուրջ հրապարակումները արդարադատության համակարգի եւ իրավաբանական համքարության միջեւ բանավեճի առիթ դարձան: Ակտիվ քննարկումներ եղան նաեւ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների շրջանում: Ստեղծված խառնաշփոթում ակնհայտ երկու թիմ էր գործում` Վազգեն Ռշտունուն պաշտպանողներ եւ հանգամանքներն այլ տեսանկյունից ներկայացնողներ:
Փաստաբանական համայնքի շատ ներկայացուցիչներ փորձեցին ատամներով պահել Ռշտունուն, եղան նաեւ մարդիկ, որոնք հաստատեցին, որ միջադեպն իրականում տեղի է ունեցել, եւ փաստերի դեմ կռվել պետք չէ:
Իհարկե, հասկանալի է, որ այս պատմությունն իրականում ավելի խոր արմատներ ունի, քանի որ նորություն չէ, որ Հայաստանի նման երկրում տաքարյուն տղամարդկանց պակաս չկա, եւ կատարվածը չպետք է զարմանք հարուցեր:
Ներկաներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում վստահեցրին, որ Ռշտունուն պաշտպանողները համարվում են նրա համախոհները: Բանն այն է, որ Վազգեն Ռշտունին համարվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ամենահավանական փոխարինողը, ինչը, ի դեպ, չեն հերքում նաեւ համակարգի ներկայացուցիչները: Ավելին՝ կարծիքներ կան, որ Ռշտունին փորձում է իր համախոհ-փաստաբանների միջոցով «ցեխ շպրտել» Մկրտումյանի վրա` հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արման Մկրտումյանի կայացրած որոշումներից մեկի մասով վճիռ էր հրապարակել ընդդեմ ՀՀ կառավարության: Այս հակահարվածից հետո կրքերն ավելի բորբոքվեցին:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ միջադեպ իսկապես եղել է, սակայն այն այնքան բուռն չի եղել, որպիսին քննարկվում է: Պարզեցինք, որ դատարանների իրավունքների, իրավասությունների վերաբերյալ քննարկում է եղել, որի ընթացքում տարակարծություններ են հնչել, ինչն էլ բանավեճի տեղիք է տվել: Մասնավորապես Ալեքսեյ Սուքոյանը եւ Վազգեն Ռշտունին բանավիճել են դատարանների իրավասություններին առնչվող հարցի վերաբերյալ: Միջադեպին ներկա դատավորներից մի քանիսը մեզ հետ զրույցում անկեղծացան, որ ալկոհոլ բոլորն էլ օգտագործել են. «Բոլորն էլ խմել են, ո՞վ չի խմել: Բայց ծեծկռտուք եւ նման այլ բաներ չեն եղել»,- կես կատակ-կես լուրջ ասացին մեր զրուցակիցները:
Ուշագրավն այն է, որ կողմերից որեւէ մեկը պաշտոնապես չցանկացավ խոսել կատարվածի մասին: Մեր բոլոր ջանքերը՝ Ռշտունուց մեկնաբանություն ստանալու, անցան ապարդյուն: Իսկ Ա. Սուքոյանը կարճ պատասխանեց. «Որեւէ լուրջ բան չկա, ներկայացնելու բան եւս չկա»:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից, ով, մեր տեղեկություններով, ներկա է գտնվել սեմինարին, սակայն նա հրաժարվեց խոսել կատարվածի շուրջ:
Իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանից մեր հարցին ի պատասխան՝ խոստացան, որ բոլոր հանգամանքներին ծանոթանալուց հետո կատարվածի շուրջ կտան իրենց պաշտոնական պարզաբանումը: Իսկ Վազգեն Ռշտունու հեռախոսին պատասխանեց վարորդ ներկայացած մի անձնավորություն, որը հեռախոսն անջատեց ու «անհետացավ»:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում ընթանում է դատաիրավական համակարգի իշխանության ձեւավորման ստվերային գործընթաց, որի գլխավոր խաղացողները սկսել են միմյանց դեմ «նախընտրական արշավ» իրականացնել:
Ինչպես հայտնի է՝ Արման Մկրտումյանը համարվում է Սերժ Սարգսյանի միակ ընկալելի կերպարը` որպես վճռաբեկի նախագահ: Սակայն նա համակարգում, մեղմ ասած, չի ընդունվում, իսկ ահա Վազգեն Ռշտունին ՀՀ ազգային անվտանգության ծառայության երիտասարդ պետի` Գեորգի Կուտոյանի պրոտեժեներից է, այնպես, ինչպես եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իսկ զուգահեռները տարվում են այն պատճառով, որ ԱԱԾ պետը ցանկանում է ողջ իրավական համակարգը իր վերահսկողության տակ առնել: Այսպիսով՝ հերթական անգամ բախվում ենք այն իրականությանը, որ երիտասարդ կադրերը կենաց-մահու պայքար են տանում հնաբնակների եւ իրենց ավագ գործընկերների դեմ՝ հող նախապատրաստելով Սերժ Սարգսյանին «արժանահավատ» փաստեր զեկուցելու համար:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կադրային փոփոխություններ լինելու են բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Դատական համակարգում հասկացել են նախագահի «մեսիջը» եւ վստահ են, որ առաջիկայում պաշտոնանկ կանեն վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ում, ըստ ամենայնի, կփոխարինի Վազգեն Ռշտունին: Սրանով փորձ կարվի «երիտասարդացնել» դատական համակարգը, ազատվել հին կադրերից:
Մեզ մնում է սպասել զարգացումներին եւ տեսնել, թե տիտանների կռիվն ինչով կավարտվի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՄԵԿԸ ԳՏՆՎԵՑ
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրգործով 21 մեղադրյալի նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են, եւ նախաքննությունը ավարտվել է:
Ինչպես հայտնի է՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է:
Ավելի ուշ ավտովթարի այս աղմկահարույց գործը միացվեց հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ: Հարուցված քրեական գործերից նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին, մասնավորապես այն, որ իրավապահները հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկին հայտնաբերել են, վերջինս 48-ամյա Արթուր Մովսիսյանն է: Այս օրերին սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը: Ըստ էության, 6 ամիս անց իրավապահներին հաջողվեց հայտնաբերել հետախուզվողներից մեկին, իսկ ահա Գարեգին Չուգասզյանին փնտրում են ու փնտրում:
Նշենք, որ Արթուր Մովսիսյանին ճանաչողները տեղեկացել էին, որ նա ապրում է Ռուսաստանի Դաշնությունում եւ վերջին անգամ Նոր տարվա առիթով է եղել Հայաստանում ու այցելել այս գործով կալանավորված անձանցից մի քանիսին, իսկ ահա հանդիպումը եղել է զուտ ընկերական: Իսկ թե Արթուր Մովսիսյանին Հայաստան տեղափոխելուց հետո ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան գործով, զարգացումները ցույց կտան:
Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Մովսիսյանը, Գալուստ Գրիգորյանը կամ Հրայր Թոփչյանը ինչ-որ բաներ են հայտնել իրավապահներին Ժիրայր Սէֆիլյանի մասին: Հավելենք, որ այս գործով տղաներից շատերը միմյանց ճանաչում են Ժիրայր Սէֆիլյանի կողմից կազմակերպված հանրահավաքներից, սակայն նրանցից շատերը կալանավորման ընթացքում իրավապահներին հայտնել են, որ ավտովթարի մասին որեւէ տեղեկություն չունեն եւ, առհասարակ, որեւէ զենք-զինամթերքի հետ էլ որեւէ կապ չեն ունեցել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Վանաձորում 21-ամյա տղայի սպանությունը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության հետեւանքով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձորի Երեւանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995թ. ծնված, Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի դիակը՝ ծակած-կտրած վերքերով: Սպանվածը ստացել է դանակի 6 հարված մարմնի տարբեր մասերում: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ սպանության հատկանիշներով: Կատարվածից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Սպանությունից հետո սպանության գործիք հանդիսացող դանակը հանցագործը նետել է հարակից Տանձուտ գետը, որի տեղն ավելի ուշ ցույց է տվել իրավապահներին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը ընտանիքի միակ երեխան էր, ապրում էր մոր ու տատիկի հետ, բանակից ամռանն էր վերադարձել: Ըստ մեր աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ սպանվածն ընկերուհի է ունեցել, ում հետ նոր-նոր էր սկսել շփվել: Աղջկա եղբայրն էլ, ով կասկածվում է տղայի սպանության մեջ, հանդիպել է վերջինիս հետ ու պահանջել, որ այլեւս չանհանգստացնի քրոջը: Վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայրը ամբողջությամբ արյունով է պատված: Դատելով դեպքի վայրից՝ դանակահարված տղան փորձել է այդ վիճակում փախչել, սակայն չի հաջողվել: Տղայի դին հայտնաբերվել է դեպքի վայրից շուրջ 7 մետր հեռավորության վրա:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ երեկ կալանավորվել է քրեական հեղինակություն, նորատուսցի Ալիկը: Նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար: Հիշեցնենք, որ Մուշեղյանը սպանվել է նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում: Նորատուսցի Ալիկի ընկերոջը՝ Արմեն Գասպարյանին (Բդո), մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար: Ընդհանուր առմամբ այս աղմկոտ սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է նաեւ Չարբախցի Գեղամը:




Լրահոս