Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին  աշխարհին հետաքրքրող թիվ 1 հարցն այն է, թե ինչ մասշտաբների կհասնեն արաբական ժողովրդական հուզումները: Պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են` կազմակերպվա՞ծ էր արդյոք արաբական ժողովուրդների  զարթոնքը, շահագրգռվա՞ծ էր արդյոք Արեւմուտքը  հեղափոխություններով, կհասնի՞ այն արաբական աշխարհի գլխավոր  երկիրը համարվող Սաուդյան Արաբիա, եւ ամենագլխավոր հարցը` կարո՞ղ է արդյոք բռնատիրությունների ապամոնտաժման գործընթացը դուրս գալ արաբական աշխարհից եւ տեղափոխվել ավտորիտար համակարգ ունեցող այլ երկրներ:Նախ ժողովրդական հուզումների տարբեր չափի դրսեւորումներ արձանագրվեցին  արաբական աշխարհի գրեթե բոլոր երկրներում` սկսած Մավրիտանիայից վերջացրած Բահրեյնով: Բացառություն են կազմում Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս երկրները, լինելով արաբական, չափազանց  շատ են ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ, բացի այդ, միապետական համակարգ ունեցող  Քաթարն  ունի «Ալ-Ջազիրա» եւ ստացել է  2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք:Հիշեցնենք, որ ժողովրդական հուզումների ծավալմանը էապես նպաստեց  Թունիսի նախագահ Բեն-Ալիի` առանց դիմադրության  շուտափույթ փախուստը: Հարեւան երկրներում մարդիկ հասկացան, որ միասնաբար ոտքի կանգնելու դեպքում կարելի է  հասնել հաջողության: Հեղափոխությունների հանկարծակի  լինելու փաստի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ այդ երկրում ընդդիմությունը  հաճախ խառնված եւ ոչ ադեկվատ էր իրեն պահում: Պատահական չէր, որ արեւմտյան լրագրողները չէին կարողանում գտնել ընդդիմության ղեկավարներին եւ ստիպված էին լինում հարցազրույցներ վերցնել շարքային քաղաքացիներից: Ներկայումս  շատերն են փորձում իջեցնել համացանցի  եւ մասնավորապես «Ֆեյսբուքի» ու «Թվիթերի» նշանակությունը  հեղափոխությունների ծավալման մեջ: Նշվում է, թե խոսքը աղքատ եւ անգամ հաց չունեցող հասարակություների մասին է, որտեղ համացանցի հասանելիությունը չի կարող բարձր լինել: Սակայն փաստ է, որ  հեղափոխական առաջին ելույթները կազմակերպվել են համացանցի միջոցով, այդ պատճառով էլ շատ երկրներում  իշխանությունները շտապեցին  անջատել համացանցը:Ինչ վերաբերում է արաբական  հեղափոխությունները կազմակերպելու Արեւմուտքի շահագրգռվածությանը, ապա պետք է հիշել, թե ինչ բարդագույն հիմնահարցեր  կան արաբական աշխարհում: Հաշվի առնելով  ԱՄՆ-ի խնդիրները Իրաքում  եւ Աֆղանստանում` պարզ է, որ Միացյալ Նահանգներն այսօր  պատրաստ չէ քանդել կամ բզբզել այդ հանգույցը: Գուցե արաբական դիկտատորները այնքան էլ ԱՄՆ-ի սրտով չէին, սակայն այս պահին  արաբական աշխարհը սեփական պատկերացումներին եւ ճաշակին համապատասխանեցնելու համար ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ չուներ: Արաբական աշխարհը Վրաստան, Ուկրաինա կամ Ղրղզստան չէ: Դիկտատորների մեծ մասն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցներն էին, ինչը  ակնհայտ դարձավ Իրաքում իրականացվող ռազմական  գործողությունների ժամանակ: Բացի այդ, դրանց մեծամասնությունը լոյալ  հարաբերություններ է պահպանում  տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Իսրայելի հետ: Մինչդեռ այս հեղափոխությունների հետեւանքով որեւիցէ մեկը, այդ թվում եւ ԱՄՆ-ն,  չի կարող կանխատեսել, թե ինչ ռեժիմներ կգան իշխանության գլուխ եւ ինչպես  իրենց կդրսեւորեն Իսրայելի հետ հարաբերություններում: Այսօրվա դրությամբ  Եգիպտոսում բանակից հետո  ամենակազմակերպված ուժը «Մուսուլման  եղբայրներ» կազմակերպությունն է, եւ անհավատալի է, որ Արեւմուտքը կցանկանար  Մուբարաքին փոխել իսլամական ուժի հետ: Իսկ այն, որ իսլամական ուժերը դիկտատորական ռեժիմների փլուզման դեպքում ակտիվանալու են, կասկած չի հարուցում: Պակիստանում բռնապետ Մուշարաֆի հեռանալու հարցում անմիջական մասնակցություն ունեցած Արեւմուտքը հասկացել է, թե ինչ վտանգներով է հղի  արեւելքում ժողովրդավարության հաստատումը: Այժմ «ժողովրդավարական» Պակիստանի մի շարք մարզեր գտնվում են իսլամիստների ազդեցության տակ: Արեւմտյան մամուլում արդեն եղավ արտահոսք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունն  է համոզել Սաուդյան Արաբիայի թագավորին գնալ սոցիալական աննախադեպ զիջումների, քանի որ այդ երկրում ժողովրդական հուզումների ծավալումը  կփոխի ոչ միայն տարածաշրջանի քաղաքական խճանկարը, այլեւ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները` այնպիսի հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանը, որ նախորդ ֆինանսատնտեսական ճգնաժամը կդառնա պարզապես  հաճելի հուշ: Այնպես որ  Արեւմուտքը արաբական բռնապետերից պակաս անհանգիստ չէ,  եւ արձագանքում է միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ տվյալ երկրում ամեն ինչ ավարտված է: Լիբիան դրա վառ օրինակն է:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս