Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգային թեման «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պաշտոնական ծանոթացման առաջին միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նա անդրադարձել է նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, եկամուտների ձեւավորմանը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներին եւ այլ հարցերի:
Այնուհետեւ բյուջեի նախագծի մասին լրացուցիչ պարզաբանումներ է տվել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ներկայացրել 2017 թվականին երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում պատգամավորները օրինագծի վերաբերյալ հարցեր են առաջադրել գործադիր իշխանության ներկայացուցիչներին:
Համաձայն հաստատված ժամանակացույցի, քննարկումները դեկտեմբերի 2-ից կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ խմբակցություններում: