«Թուրքական ավիաուղիներ» (Türk hava Yolları) ընկերությունը 78 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել: Թուրքական «parlamentohaber.com» լրատվակայքի համաձայն՝ Airbus A 340 VIP ինքնաթիռը պատկանել է Թունիսի գահընկեց բռնապետ Զին էլ Աբիդին Բեն Ալիին: Վերջինս այն գնել էր 2009թ.՝ 250 մլն եվրոյով: Սակայն 2010թ. Թունիսում սկիզբ առած ապստամբության արդյունքում գահընկեց արվեց ու այդպես էլ չկարողացավ օգտվել այդ ինքնաթիռից, գրում է Ermenihaber-ը:
Ինքնաթիռի ներքին հարդարանքը իրականացվել է ֆրանսիական հեղինակավոր «Լուի Վիտոն» ընկերության կողմից: Ուլտրա լյուքս դասի ինքնաթիռն ունի հատուկ կահավորված նիստերի սրահներ և ննջասենյակ:Թունիսի դեպքերից հետո՝ 2010-ից ի վեր ինքնաթիռը կայանված է եղել Ֆրանսիայի Բորդոյի օդանավակայանում:
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ինքնաթիռը գնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ -CHP) պատգամավոր Էրքան Այդընը այդ հարցը բերել է մեջլիսի օրակարգ: Նա տրասպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանին մի շարք հարցեր է ուղղել՝ փորձելով պարզել նման շքեղ և թանկարժեք ինքնաթիռի գնման նպատակահարմարությունը:
Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հարցրել է.
«Ի՞նչ հիմնավորմամբ է գնվել և ի՞նչ նպատակով է օգտագործվելու տարբեր սրահներ և ննջասենյակ ունեցող լյուքս կարգի օդանավը:
Արդյո՞ք նշյալ ինքնաթիռը գնվել է նախագահ Էրդողանի համար:
Արդյո՞ք նման ինքնաթիռ գնելը համապատասխանում է երկրի տնտեսական ծրագրերին և մարդկային խղճին այն դեպքում, երբ Թուրքիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, աշխատավայրերը փակվում են, հազարավոր մարդիկ անգործ մնում»: