Այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի (Խորխե Մարիո Բերգոլիո) ծննդյան օրն է:
Ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 17-ին՝ Բուենոս Այրեսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա հինգ երեխաներից կրտսերն է: Ստացել է քիմիկոսի դիպլոմ: Սովորել է Բուենոս Այրեսի Վիլլա Դևոտի ուսումնարանում: 1958 թ. մարտի 11-ին նա դարձել է Ջիզվիթների միաբանության անդամ։ Բերգոլիոն հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Չիլիում, այնուհետև կրթությունը շարունակել է Սուրբ Իոսիֆի վարժարանում, որտեղ փիլիսոփայի որակավորում է ստացել: Նա գրականություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն է դասավանդել երեք կաթոլիկ քոլեջներում: Ազատ խոսում է իտալերեն ու գերմաներեն:
1969 թ. դեկտեմբերի 13-ին Բերգոլիոն ձեռնադրվել է քահանա։ Սան Միգելում եղել է աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր: 1970-ական թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արգենտինայի Ջիզվիթական միաբանությունում:
1980 թ. նա նշանակվել է Սբ. Իոսիֆի վարժարանի ռեկտոր: Զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1986 թ.: Այնուհետև Գերմանիայում ավարտել է իր դոկտորական աշխատանքը և վերադարձել հայրենիք՝ որպես քարոզող և Կորդովյան արքեպիսկոպոսարանի տնօրեն:
1992 թ. մայիսի 20-ին նրան նշանակել են Բուենոս Այրեսի փոխեպիսկոպոս՝ Աուկայի եպիսկոպոսի տիտղոսով: Նա եպիսկոպոս է ձեռնադրվել 1992 թ. հունիսի 27-ին՝ արգենտինացի կարդինալ Անտոնիո Կվարասինոյի կողմից: Երբ պարզ է դարձել, որ Կվարասինոն շուտով կավարտի իր ծառայողական պարտականությունների կատարումը, Բերգոլիոն 1997 թ. հունիսի 3-ին նշանակվել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի կոադյուտոր:
Նա բավականին հաջողությամբ է կատարել հիվանդ կարդինալ Կվարասինոյի պարտականությունները, և երբ վերջինս մահացել է 1998 թ. փետրվարի 28-ին, Բերգոլիոն ժառանգել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսարանը:
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը Խորխե Մարիո Բերգոլիոյին կարդինալ է օծել 2001 թ. փետրվարի 21-ին՝ Վատիկանում: Նա ստացել է Սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցու տիտղոս: