Չարազի անհիմն թանկացումները չեն վերահսկվում. ինչ է կատարվում շուկաներում Ամանորին ընդառաջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ամանորին դեռ 9 օր կա, բայց չարազեղենի շուկայում արդեն նկատվում է գների բարձրացում: Պետական կառույցների կողմից ոչինչ չի արվում գնաճը զսպելու ուղղությամբ:

Օրինակ՝ հնդկական ընկույզի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 10-11 հազար դրամով: Իսկ պնդուկի մեկ կիլոգրամը վաճառվում է 5-6 հազար դրամով, գետնանուշինը (ֆիստաշկա)՝ 2000 դրամով, չամիչի գները տատանվում է 2000-2500 դրամի սահմաններում, իսկ չորացրած մրգերի գների մասին ավելորդ է անգամ խոսել. դրանց գները սկսվում են 5000 դրամից: Չի բացառվում, որ այս գները մինչեւ Ամանոր կրկին բարձրանան: Եւ չնայած սրան՝ ո՛չ էկոնոմիկայի նախարարության, ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերահսկողություն չի իրականացվում այս շուկայում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կառավարություն՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որտեղից ուղղորդեցին դիմել ՏՄՊՊՀ, քանի որ անհիմն թանկացումները ՏՄՊՊՀ-ի գործառույթների շրջանակներում են:

«Ժողովուրդ»-ը դիմեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: «Տեղեկացնեմ նաեւ, որ օրենքով ՀՀ ՏՄՊՊՀ-ին տրված լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող, կամ այլ կերպ ասած՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում, որտեղ խոշոր մասնաբաժին ունեցող տնտեսվարողների վարքագիծը կարող է ազդել շուկայի ընդհանուր իրավիճակի վրա: Իսկ ընդեղենն այդ շուկաների թվին չի պատկանում: Հետեւաբար այս ապրանքատեսակի գծով առկա է բարձր մրցակցություն, եւ մանրածախ վաճառքի գները ձեւավորվում են շուկայական մեխանիզմների՝ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա»,- հայտնեց մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ստացվում է, որ մեր երկրում նախատոնական օրերին անհիմն թանկացումներն անխուսափելի են, եւ գնաճը զսպելու փոխարեն գործադիրը մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս