Սիրելի՛ հայրենակիցներ, «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի հարգարժա՛ն ընթերցողներ, ահա ևս մեկ տարի մոտեցավ իր ավարտին: Աննկատ, վայրկյանի պես սահեց 2016 թվականը: Մեզանից յուրաքանչյուրը նոր տարվա շեմին գտնվելիս հետ հայացք է գցում անցած տարվան ու մտովի ամփոփում այն:
Հարկավ, մեզ համար 2016 թվականը լի էր փորձություններով, մարտահրավերներով, բայց հայտնի է, որ հայը փորձություններից չերկնչող և այդ իրավիճակներից պատվով դուրս եկող ազգ է։ 2016 թվականին էլ մենք ապացուցեցինք մեր հաղթական ոգու ամրությունը: Երբ հակառակորդը փորձեց կրկին սուր ճոճել այն սահմանին, որն արյունով է գծված, հայ ժողովրդի ծոցից սերված զավակները իրենց հայրերի ու պապերի կերտած հայրենիքը պաշտպանելու համար նետվեցին մարտի և հաղթանակով դուրս եկան։ Վախկոտ ասկյարին խեղդեցին հենց բնում:
Ցավոք, այդ մարտերի ժամանակ շատ քաջեր ընկան, ընկան, որ հայն ու հայրենին հավերժի: Հազար փառք և խոնարհում նրանց: Սիրելի՛ ընթերցողներ, չնայած Ամանորը տարբեր կերպ են նշում, բայց նրա խորհուրդը նույնն է` ավետում է նորի սկիզբը: Ուրեմն, թող հենց տարեսկզբից խաղաղությունն ու անդորրը տիրեն երկրում, յուրաքաչյուր ընտանիքում ու ողջ աշխարհում, թող հավերժ լռեն սահմաններին հնչող մահաբեր կրակոցները։
Խաղաղվենք նաև մեր ներսում։ Թող 2017 թվականը բոլորին համակի բարությամբ, սիրով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով։ Մեր սիրելի բանաստեղծ Համո Սահյանը մի լավ խոսք ունի. «Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում, Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից, Երբ իրար մաղթած մի «բարի լույս»-ից Աշխարհն ավելի բարի է դառնում»։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: