Հայաստանում վերջին տարիներին առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հացի արտադրության ծավալները անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել են: Նկատենք, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է հանրապետության մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ:
Ինչի արդյունքում հացի իրացումը զգալի նվազել է: Բացի այս, նկատենք, որ սրան զուգահեռ նվազել են նաեւ ալյուրի արտադրության ծավալները: Անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 6.4 տոկոսով: Ինչի պատճառը, ըստ մասնագետների՝ պատրաստի ալյուրի ներկրումն է:
Քանի որ որոշ գործարարների համար ավելի ձեռնտու է դարձել հացահատիկն ու ալյուրը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել գյուղացիներից: Արդյունքում այն ֆերմերները, որոնք զբաղվում են հացահատիկի մշակությամբ հայտնվել են անելանելի դրության մեջ:
Սյունէ Համբարձումյան