Ինչպես հայտնի է՝ հունվարի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 3 ռեկտորի մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար:
Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց: Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների:
Առերեւույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական բուհերի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:
Նկատենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերն են հայտնվել իրենց թիրախում: Արդյունքում, այս հանգամանքը խիստ վրդովեցրել էր մի շարք ոչ պետական բուհերի ռեկտորներին: Նրանցից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, թե պատրաստվում են դիմել ԱԱԾ եւ պահանջել, որպեսզի այդ կառույցը բացահայտի, թե կոնկրետ որ բուհերն են կեղծիք կատարել, քանի որ ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը ստվեր է գցում մյուս ոչ պետական բուհերի գործունեության վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված ռեկտորներից մեկը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Լավրովնան է, իսկ ահա մյուս բուհը, որը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում «Հայբուսակ» համալսարանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանի հետ, սակայն բուհից հայտնեցին, որ նա վատառողջ է, իսկ լսելով մեր տեղեկությունը՝ հայտնեցին, որ նման բան չի կարող լինել, բուհը միշտ աշխատել է օրինական, եւ անակնկալ էր իրենց բուհի անունը այդ քրեական գործի շրջանակում շոշափելը. «Մենք հերքում ենք, նման բան չի կարող լինել»: Իսկ ահա Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, փոխարեն տեղեկացանք, որ բուհի ռեկտոր Լարիսա Լավրովնան, չնայած առաջադրված մեղադրանքին, շարունակում է աշխատանքի գնալ:
Ասել է թե՝ առայժմ ԱԱԾ հաղորդագրությունը զուտ փոթորիկ է մեկ բաժակ ջրում:
Հավելենք, որ մեր տեղեկություններով` ռեկտորներից մեկը ձերբակալվել է:
Մանրամասները` քիչ ուշ:
Քնար Մանուկյան