Ինչ է կատարվում «Ժառանգություն»-ում. կուսակցությունը՝ փլուզման եզրի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության շուրջ խմորումները շարունակվում են: Երեկ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Նա հայտարարել է, թե իր ապագան չի տեսնում ռուսամետ ուղղություն ունեցող կուսակցության հետ:

Այն, որ «Ժառանգություն»-ում տարակարծություն է տիրում, ներքին անհամաձայնություններ կան, հայտնի է դեռ վաղուց: Հենց այդպիսի խնդիրները պատճառ հանդիսացան, որպեսզի ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ինչպես նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լքեցին կուսակցության շարքերը:

Երեկ լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չթաքցրեց կուսակցության ներսում առկա տարաձայնությունների մասին, սակայն լրագրողի՝  կուսակցությունը կարող է փլուզվել հարցն աննպատակահարմար համարեց: Հետաքրքիրն այն է, որ կուսակցության նախկին անդամներից երկուսը՝  Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, այժմ բանակցում են «Ազատ դեմոկրատներ»-ի  հետ: Առավել հետաքրքիրն այն է, որ այս կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ևս պատգամավոր դարձել էր «Ժառանգության» համամասնական ցուցակով:

Կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տարաձայնություններ ևս առկա են. Փոստանջյանն իսպառ դեմ է որևէ դաշինքի, չի բացառվում, որ նա ևս դուրս գա կուսակցությունից: Իսկ Մարտիրոսյանի ու Հովհաննիսյանի կարծիքները թերևս համընկնում են. նրանք կողմ են Սեյրան Օհանյանին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս