Թուրքիայում առաջարկում են Ցեղասպանությունը ճանաչողների համար պատիժ սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահությանը:

Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել: Ըստ թուրք ազգայնական գործչի՝ նրանք մուսուլման թուրք ժողովրդին վիրավորում են՝ պնդելով, թե ցեղասպանություն է եղել»:

«ASİMDER»-ի նախագահն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:

«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց թե ՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:

Նա նշել է, որ ցեղասպանություն բառի համար մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցության արգելքն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար:




Լրահոս