ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփող ասուլիսի ընթացքում երեկ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ուժի կիրառման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, Լավրովը հիշեցրել է. «Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները, ինչպես նաեւ այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ հատկապես եռանախագահների ընդունած հինգ հայտարարությունները /Լ՛Աքվիլի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Սոչիի/ ՀՀ արտգործնախարարը մշտապես մեջբերում է՝ դրանց հղում կատարելով որպես հայկական կողմի համար ընդունելի հիմնաքարեր: Եվ այս առումով Լավրովի հիշատակումը ուշագրավ է:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ անդրադարձել է ապրիլյան պատերազմին՝ վերստին հետաքրքիր նրբերանգներով ներկայացնելով հաջորդած զարգացումները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները՝ անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում»:
Այսպիսով՝ Լավրովը փորձում է ընդգծել Ռուսաստանի առանձնակի դերակատարությունը հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնության ձեռք բերման հարցում՝ այդ նպատակով նաեւ հիշեցնելով, որ սահմանային միջադեպերի հետաքննության հարցը բարձրացվել է դեռեւս 2011թ.՝ վերստին Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող հանդիպման ընթացքում, Աստրախանում: «Ցավոք, նման տարրական բանը չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռեւս չկա կոնսենսուս ԵԱՀԿ ներսում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը եւ շեշտել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «բացառապես Ադրեջանի ներքին գործը չէ»։
Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է այն հարցը, թե ում բացահայտ եւ քողարկված ջանքերի արդյունքում է, որ այդ կոնսենսուսը չի կայանում, եւ ինչ նպատակով է ԵԱՀԿ գործունեությունից դժգոհություն արտահայտվում ՌԴ ԱԳՆ կողմից: Հարցի պատասխանը առաջ է գալիս, երբ հիշում ենք, թե ով է «Լավրովյան պլանի» հեղինակը: