Գագիկ Ծառուկյանից հետո Սեյրան Օհանյանը չհապաղեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 3-ին իր տան մոտ հավաքված քաղաքացիներին դիմելով՝ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր. «Ասեցի՝ մոտ օրերս, լիարժեք մասնակցությունը լինելու է, ինչ մասշտաբով, ինչ կտրվածքով… մոտ օրերս ես հայտարարություն կանեմ, բոլոր պատասխանատուները տեղյակ կլինեն, ժողովրդին տեղյակ կպահենք, համապատասխանաբար, ամեն մեկս էլ պետք է իր մասնակցությունն ունենա»:

Չնայած հայտարարությունը տեղի չունեցավ «մոտ օրերս», այն բավականին ձգձգվեց եւ տարաբնույթ ինտրիգների տեղիք տվեց, այնուհանդերձ, հայտարարեց, որ բացում է փակված քաղաքական էջը:

Այս հայտարարությունից հետո կուլիսային հանդիպումներ անցկացնող եւ միմյանց հետ դաշինքներ կազմել փորձող որոշ ուժեր, որոնք արդեն իսկ դասավորել էին իրենց խաղաքարտերը, հայտնվեցին ցայտնոտի մեջ: Մինչ Ծառուկյանի հայտարարությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր փորձում իր շուրջ համախմբել հնարավորինս շատ ուժերի եւ միասնական ճակատով մասնակցել ընտրություններին՝ լուրջ ակնկալիքներով:

Սեյրան Օհանյանի հետ բանակցություններ էին վարում «Համախմբում», «Հայաստանի դեմոկրատական» եւ «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաեւ ազատամարտիկներ, տարբեր պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ: Նկատենք, որ արդեն երեկ՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց, «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները ներկայացրին իրենց համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով. «Դաշինքը բաց է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի եւ միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները եւ տեսակետները»,-ասված էր հայտարարության մեջ:

«Ժողովուրդ»-ը «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է, որ իրենց եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվող դաշինքները միանան եւ ընտրություններին մասնակցեն լայն ճակատով: Ի պատասխան՝ Մարգարյանը նշեց. «Գիտեք, մենք որեւէ քննարկում այդ ուղղությամբ չենք ունեցել, ես որեւէ բան չեմ կարող ասել»: Իսկ թե ինչու իրենց հայտարարությունն անմիջապես հաջորդեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, մի՞թե դա պատահականություն էր, այս հարցերին Մարգարյանը միանշանակ պատասխան չկարողացավ տալ. «Դա, ըստ երեւույթին, համընկել է ժամանակով, դա հատուկ որոշված չէր»,- համենայն դեպս վստահեցրեց Մարգարյանը:

Նկատենք, որ Սեյրան Օհանյանը երեկ գիշեր փորձեց առաջ ընկնել Ծառուկյանից` կեսգիշերին հայտարարելով, թե քաղաքական կոնսուլտացիաներն ավարտվել են եւ շուտով կհայտնի այդ մասին: Բայց ակնհայտ է, որ եռյակի հայտարարությունը քաղաքական դաշտում ոչինչ չասող թվաց, քանի որ Ծառուկյանի վերադարձի թեման ավելի բեկումնային դարձավ:

Վահագն Հակոբյան




Լրահոս