Կարեն Կարապետյանը սահմանադրությամբ համապատասխանո՞ւմ է վարչապետին ներկայացվող պահանջներին. մեկնաբանում է ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը. այս հարցը, թերեւս, կարելի է համարել ներքաղաքական դաշտի ամենահիմնական ինտրիգը: Բանն այն է, որ 2018թ. ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու է վարչապետը:

Ու հենց այդ պատճառով Սահմանադրությունը կոնկրետ չափանիշներ է սահմանել վարչապետի եւ, ընդհանրապես,կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների համար: Ըստ այդմ, նրանք պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինեն Հայաստանում եւ լինեն միայն ՀՀ քաղաքացի: ԸՕ 80-րդ հոդվածում էլ հստակ սահմանված է, որ վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող է համարվում այն անձնավորությունը, որը առնվազն 731 օր եղել է Հայաստանում:

Հիմա ներքաղաքական դաշտի հիմնական ինտրիգի մասին. արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլին կհամապատասխանի այդ չափանիշներին եւ կկարողանա շարունակել իր պաշտոնավարումը (եւ ըստ էութան, դառնալ երկրի առաջին դեմքը), թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է` 2011թ. սկսած Կարեն Կարապետյանն աշխատել է Մոսկվայում որպես «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ եւ ՀՀ վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին: Ինքը` Կարեն Կարապետյանը, այս թեմայով խոսելիս հստակ պատասխան չի տվել. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: Ինչ վերաբերում է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավարելուն, ապա նա նշել է. «2018 թիվը կգա, կխոսենք` կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ»:

Ամենակոպիտ հաշվարկներով՝ ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու չափանիշին նա կարող է համապատասխանել 2018թ. օգոստոս-սեպտեմբերին նոր միայն: Բայց քաղաքական որոշման դեպքում (իսկ դա կախված է լինելու Սերժ Սարգսյանից) հնարավոր է Կ. Կարապետյանին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տալ: Դրա համար ըստ էության կա մեկ տարբերակ. Մոսկվայում աշխատած տարիներին Կարեն Կարապետյանը պարբերաբար այցելել է Հայաստան, մասնակցել կնունք-ծնունդների, հարսանիքների, այցելել ծնողներին: Ու եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, համապատասխան քաղաքական հրահանգի դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը սուսուփուս կարող է հաշվել ու պարզել, որ Կարապետյանը 731 օր եղել է Հայաստանում:

Ի դեպ, նոր Սահմանադրության մեջ ուշագրավ մեկ դրվագ կա. կառավարության անդամներին ներկայացվող պահանջները նշված են Սահմանադրության 148-րդ հոդվածում: Իսկ Սահմանադրության 202-րդ հոդվածում նշված են Սահմանադրությունը փոխելու մեթոդները: Ըստ այդմ, 148-րդ հոդվածն այն դրույթներից է, որը կարող է փոխվել ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ: Այսինքն` Կարապետյանի համար կարող է ԱԺ-ն օրենքը փոխել: «Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի»,- նշված է Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասում: Բայց ԱԺ-ն իր այդ լիազորությունները կարող է իրականացնել Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` 2018թ. ապրիլից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՍԴ նախագահի խորհրդական Գեւորգ Դանիելյանը, որ եղել է նաեւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմում, այսպես մեկնաբանեց նշված դրույթի կիրառումը. «Խորհրդարանն այս լիազորությունը կստանձնի միայն հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ գործելու են 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության համապատասխան դրույթները, ինչը բխում է Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասից: Նկատենք նաեւ, որ հենց նույն օրն էլ գործողության մեջ պետք է դրվի հիշյալ 148-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը, ըստ որի՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Այսինքն՝ մինչ այդ կառավարության անդամի վրա չեն տարածվի պատգամավորի համար սահմանված պահանջները: Այսպիսով, միաժամանակ գործողության մեջ են դրվելու կառավարության անդամի վրա պատգամավորի համար սահմանված պահանջները տարածելու վերաբերյալ 148-րդ հոդվածի 1-ին մասը եւ նույն այդ հոդվածը փոխելու առնչությամբ ԱԺ լիազորությունը»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու` հնարավո՞ր է օրենքի դրույթը փոխվի ԱԺ-ում` հարմարեցնելով Կարեն Կարապետյանի բնակության ԸՕչափանիշներին: «Եթե թղթերի հետ կապված խնդիր լինի, վարչապետն էլ այդ մասին խոսել է, որեւէ գործողություն անելու ցանկություն չկա, մենք ինքներս հակված չենք որեւէ քայլ անել»,- պատասխանեց Սահակյանը: Ինչ վերաբերում է 2018թ. հետո նրա պաշտոնավարմանը, Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ՝ մենք մի քիչ շատ ենք առաջ գնում պլանավորելու, որոշումներ կայացնելու համար»:

Այսպիսով, պետք է ասել, որ Կ.Կարապետյանին վերջին 4 տարում բնակության տեղեկանքի հարցը կարող է լուծվել միայն Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգի դեպքում: Բայց այդ հրահանգը հազիվ թե տրվի. ի վերջո Սահմանադրությունը փոխվեց Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով, բացի այդ՝ իր վերջին հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանն ինքը չէր բացառել 2018թ հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը: Այնպես որ, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն թողնի լուսանցքում: Արդեն նկատելի է, որ նրա ունեցած այսօրվա դերն ու հեղինակությունը հենց իշխանության ներսում անհանգստություն է առաջացնում: Բայց այս մասին` առաջիկայում:

Ի դեպ, հունվարի 24-ին Կ. Կարապետյանը ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Զարմանալի զուգադիպությամբ Մոսկվա մեկնելու մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Կարապետյանը չի լինի ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ 2018թ. հետո վարչապետ դառնալու հավանականությունն էլ մշուշոտ է: Գուցե Մոսկվայո՞ւմ կայացվի այս կարեւորագույն որոշումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս