ՃՈ-ի և ֆինանսների նախարարության անգործության հետևանքը. տեխզննման կտրոնները սպառվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում: Տեղացած ձյան ու ճանապարհների սառցակալության պատճառով ստեղծված անհարմարություններին հիմա ավելացել է մեկ այլ խնդիր. դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ. պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է: Այս իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում ֆինանսների նախարարությանը, եւ ֆինանսների նախարարությունը, որը ըստ այդ տվյալների՝ տեխզննման կտրոններ է տպագրում:

Այս երկու գերատեսչությունների գործունեության կամ անգործության արդյունքում կտրոնների խմբաքանակն ամբողջովին սպառվել է բանկերում: Եւ եղել են դեպքեր, երբ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ, ով հայտարարեց, թե կատարվածի մեջ իրենք մեղավոր չեն: «Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով: …Եթե քաղաքացին դիմած լինի բանկ, եւ նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս