ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Վանեք գյուղում մոտ մեկ ամիս անց կլսվի նորածնի ճիչ: Սա շատ կարեւոր իրադարձություն է գյուղի համար, քանի որ Վանեքում 4 տարի առաջ է երեխա ծնվել: Գյուղապետ Սամվել Առաքելյանի խոսքերով՝ գյուղը ծերացող է համարվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սամվել Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, Վանեքը քանի՞ բնակիչ ունի:
-Գյուղում այս պահին 12 ընտանիք է ապրում: Շատերն էլ ձմռան ամիսներին գյուղից գնում են: Բայց մյուսները փայտով են իրենց տները ջեռուցում, անտառը մոտ է գյուղին, այնտեղից էլ բերում են փայտ:
-Վանեքում դպրոց կա՞:
-Դպրոց չունենք, իսկ գյուղի երեխաները հաճախում են հարեւան գյուղի դպրոց, որը մեզ ավելի մոտ է: Աշակերտները 6-ն են, որոնց թիվը տարիների ընթացքում նվազել է: Ծերացող գյուղ է համարվում: Չորս տարի առաջ է գյուղում երեխա ծնվել: Բայց մոտ մեկ ամիս հետո նորածին կունենանք գյուղում:
-Պարո՛ն Առաքելյան, վանեքցիները հետաքրքրվա՞ծ են խորհրդարանական ընտրություններով:
-Այս ընթացքում այդքան էլ հետաքրքրված չեն: Մեկ-մեկ պատահում է, որ գալիս են, հետաքրքրվում են, թե ինչ է լինելու: Գրեթե բոլորին հետաքրքրում է քվեարկության կարգը: Պարապ ժամանակ, որ նստում ենք գյուղի «բիսետկայում», գալիս են ու այդ ժամանակ են հարցեր տալիս:
-Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս ընթացքում Սյունիքի մարզում նախընտրական մթնոլորտը թեժ է..
-Սյունիքը միշտ էլ թասիբով է եղել, միշտ էլ թասիբը պահում է…
-Դուք ՀՀԿ-ական եք, ո՞ւմ թեկնածությունն եք պաշտպանելու:
-Չգիտեմ…
-Ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը: Եթե հաստատվի դա, կաջակցե՞ք նրան:
-Այ, չգիտեմ, չեմ կարող հիմա ասել այդ մասին:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ