«Պաշտոնական Թբիլիսիի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների մասին օրերս կնքված համաձայնագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին»,- իր խոսնակի միջոցով նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ այդ փաստաթուղթն էական վնաս է հասցրել իրենց երկրի քաղաքական ու տնտեսական շահերին: Հատկանշականն այն է, որ ի տարբերություն Վրաստանի նախագահի՝ այդ երկրի կառավարությունը, ընդհակառակը, կողմ է այս համաձայնագրին` ստորագրելով այն ու համաձայնելով, որ ՌԴ-ն այսուհետ որպես Հայաստան արտահանվող գազի տարանցման վճար Հյուսիս-հարավ մագիստրալային գազատարով արտահանվող գազի 10 տոկոսի փոխարեն Վրաստանին է ֆինանսական միջոցներ փոխանցելու: Այս իրավիճակը ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը գազի սակագինը նվազեցնելու հայտի մեջ մատնանշել էր չորս գործոն, որից մեկն էլ Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումն էր: Ու հիմա, փաստորեն, թեեւ Վրաստանի կառավարության հետ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը, սակայն այս երկրի նախագահը դեմ է դրան:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորների եւ պաշտոնյաների հետ, որոնք վստահեցրին, որ անհանգստացնող ոչինչ չկա, պարզապես այդ հայտարարությունը պետք է դիտարկել Վրաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ առկա հակասություններով, ինչը չի կարող հակառակ ազդեցություն ունենալ համաձայնագրի վրա:
Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն:
ՀՅԴ-ի եւ «Հայկական վերածնունդ» /նախկին ՕԵԿ/ կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են: Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները: Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է. «Գոտկատեղից ներքեւ հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, եւ ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում եւ կոռեկտ պայքարի շրջանակներում»: Բայց կարծես թե չի ստացվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով տարեվերջին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ փորձել համոզել նրան, որ չմտնի քաղաքականություն: Վ. Գասպարյանը նախկին նախարարին հորդորել է ետ կանգնել քաղաքականություն մտնելու քայլից ու մնալ գեներալի բարձունքին: Սակայն Օհանյանը մերժել է Գասպարյանին` հիմնավորելով, թե ոստիկանապետը մի տարի հետո ավելի վատ վիճակում է լինելու, քան ինքը: Ուստի համոզելու կարիք չկա: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով հերքեց լուրը` ասելով. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ոստիկանության պետը քաղաքականությամբ չի զբաղվում եւ քաղաքական բնույթի հանդիպումներ չի ունենում»: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին քաղաքականություն մտնելու քայլից հետ պահելու նպատակով նրա հետ հանդիպել էին նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բայց անօգուտ:
ԱՆՏԵՍԱԽՑԻԿ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ իշխանությունները կարծես թե պատրաստվում են ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ հրաժարվել նաեւ ընտրական գործընթացը թափանցիկ դարձնող եւս մեկ կարեւորագույն բաղադրիչից՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից եւ գործընթացի առցանց հեռարձակումից: Համենայն դեպս, նախօրեին հայտնի դարձավ, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն: Սահմանված վերջնաժամկետն արդեն լրացել է, իսկ հայտ ներկայացրած միակ ընկերության առաջարկն էլ կրկնակի թանկ է, քան այդ նպատակով միջազգային դոնորների հատկացրած միջոցներն են:
Ինչպես եւ նախորդ անգամ, երբ հունիսին ընդունված փոփոխությունները օգոստոսի վերջին չեղարկվեցին միջոցների բացակայության պատրվակով, այնպես էլ հիմա իշխանությունները նույն մարտավարությամբ ասում են՝ իհարկե, մենք ամեն ինչ արել եւ դեռ անելու ենք՝ տեսախցիկների առկայությունն ապահովելու համար, բայց ինչ արած… փող չկա: Եվ ամենատխուրն այն է, որ այս նույն «խայծին» ընդդիմադիր ուժերը վերստին խաբվեցին, կամ էլ չխաբվելով նորից գնացին ի սկզբանե դատապարտված նոր համաձայնության: Ամեն դեպքում՝ ընդդիմադիր ուժերից ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հայտարարում են, թե դեռ ամեն ինչ կորած չէ, թե իրենք կփորձեն բանակցել հայտ ներկայացրած ընկերության հետ եւ ծայրահեղ դեպքում կգնան տեսախցիկների քանակը նվազեցնելու ճանապարհով, սակայն գոնե մեկական տեսախցիկի առկայությունն ու առցանց հեռարձակումը դիտարկում են որպես պարտադիր պայման:
Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը, սակայն, արդեն երեկ ընդգծեց, որ տեսախցիկների մասին ԸՕ պահանջը կրում է ոչ թե պարտադիր, այլ ֆակուլտատիվ բնույթ, եւ չբացառեց, որ դրանք առհասարակ չտեղադրվեն: Թեեւ դա համեմեց «ամեն ինչ անում ենք իրագործելու համար» տրաֆարետային ձեւակերպումներով:
Ի դեպ, տեսախցիկների տեղադրման հետ կապված այս պահանջի եւ այն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության մասին խոսակցությունները լսելիս դժվար է չհիշեցնել, որ ՀԱԿ փոխնախագահ, 4+4+4 ձեւաչափի «կնքահայր» Լեւոն Զուրաբյանը ժամանակին ասում էր, թե տեսանկարահանման գործընթացը կարող է իրականացնել իր ընկերը, ընդ որում, ամեն ընտրատեղամասում 20 դոլարով: Դավիթ Հարությունյանն էլ խոստանում էր Զուրաբյանի ընկերոջը տրամադրել անհրաժեշտ 40.000 դոլարը: Մինչդեռ հիմա պարզվում է, որ ոչ թե 40. 000, այլ 1,5 միլիոն եվրոն բավարար չէ: Իհարկե, իշխանությունների կողմից այս կարեւոր մեխանիզմի կիրարկման արդեն իսկ սպասելի վիժեցումը որեւէ կապ չունի դրա հետ, բայց ամեն դեպքում՝ քաղաքական գործիչը, որ դաշտից էլ որ լինի՝ իշխանական թե ընդդիմադիր, հարկ է, որ պատասխանատու լինի իր հայտարարություններում: