«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի և «Մոսկվայի մարդ» Կարեն Կարապետյանի կեցվածքների այս տարբերությունն իսկապես ուշագրավ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրի տնտեսական հեռանկարներին ու անհրաժեշտ բարեփոխումներին: Մի կողմ թողնելով ռուսերենի հրաշալի իմացությունը, որը վերջին տարիներին ՀՀ առնվազն առաջին երեք դեմքերի մոտ այնքան ցցուն կերպով բացակայում էր, չգերագնահատելով զուտ մարդկային շարմն ու այս դեպքում՝ նաեւ «դրայվը», պետք է նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի՝ օտարերկրյա լրատվամիջոցին տված հարցազրույցը բացառապես դրական նստվածք է թողնում:

Երբ լրագրողը հայտարարեց, թե «Հայաստանը, փաստացի, միակ երկիրն է, որը «շատ լուրջ շահել է Եվրազեսին/ ԵՏՄ/-ին միավորվելուց», եւ հետաքրքրվեց, թե դա ինչպես է մեզ հաջողվել, Կարեն Կարապետանը նախ արձանագրեց. «Հայաստանում շատերը համաձայն չեն այսպիսի պնդման հետ եւ ասում են, որ ԵՏՄ-ն չտվեց այն արդյունքը, որը ակնկալվում էր, եւ նրանք ունեն ու ներկայացնում են մի շարք փաստարկներ ու թվեր»: Այդուհետ՝ Կարապետյանը, իհարկե, խոսեց ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայի եւ «հինգի ակումբի» անդամակցության ընձեռած հնարավորությունների մասին, սակայն այդ հանգիստ հակադարձումը ուշագրավ էր: Առավել եւս, երբ հիշում ենք, թե ինչպես էր անցած տարվա օգոստոսին Մոսկվա այցելած Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անվրդով դեմքով լսում ՌԴ նախագահի պնդումներն այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյուքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ամբողջ 10 տոկոսով՝ առանց ասվածը սրբագրելու փորձ անգամ անելու: «Արեւմտամետ» Սերժ Սարգսյանի եւ «Մոսկվայի մարդ» Կարեն Կարապետյանի կեցվածքների այս տարբերությունն իսկապես ուշագրավ է:

Արձագանքելով «փոփոխությունների սիմվոլ» լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության՝ լրագրողի հիշեցմանը՝ Կարապետյանը նկատեց, որ դա իր համար պատասխանատվություն է, եւ պետք է այնպես աշխատել, որ միայն Ս. Սարգսյանն այդպես չմտածի: Իսկ այդ ուղղությամբ անելիքների շարքում Կարեն Կարապետյանն ընդգծեց նաեւ Հայաստանի էլիտայի կերպարը եւ վարքը փոխելու անհրաժեշտությունը. «Էլիտան ինչ-որ առումով հասարակության ֆասադն է, եւ եթե հասարակության մեջ էլիտայի հետ կապված սխալ ըմբռնման որոշակի խնդիրներ կան, ապա այդ էլիտան պետք է փոխվի»,- նշեց Կարապետյանը:

Եվ եթե տակավին երեկ ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրված Կարեն Կարապետյանին իր պաշտոնավարման ընթացքում չհաջողվի այլ հարցերում մեծ փոփոխություն մտցնել, հենց միայն էլիտայի կերպարում նրա ջանքերով արդեն իսկ արված եւ, հուսանք, արվելիք փոփոխություններն արդեն իսկ շատ կարեւոր են: Ի վերջո, Կարեն Կարապետյանի քաղաքապետության օրոք լվացված եւ մաքրված շենքերի ֆասադները մինչ օրս գեղեցկացնում են մայրաքաղաքը:




Լրահոս