ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 381 մլն դրամ ցուցանիշով: Ընկերությունը, սակայն, նախորդ տարվա համեմատ գրանցել է ցուցանիշի 0,6 տոկոս անկում` շուրջ 268 մլն դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տեղում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 22 մլրդ 571 մլն դրամ հարկ, ինչը գերազանցում է 2015թ. ցուցանիշը մոտ 64,8 տոկոսով (նախորդ տարի 8-րդ տեղում էր): 2015թ. ՀՀ երկրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն էր, որը 2016թ. զիջել է իր դիրքը՝ հայտնվելով 16-րդ տեղում:
Առաջատարների եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն ՝ մոտ 17 մլրդ 264 մլն դրամով։ Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,7 տոկոսով, ինչի շնորհիվ հարկատուների ցուցակում այն բարձրացել է երեք հորիզոնականով:
Խոշորագույն հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ն է` 15 մլրդ 526 մլն դրամ հարկերով, ինչը զիջում է նրա նախորդ տարվա ցուցանիշը 8,4 տոկոսով:
Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը, 2016թ. տվյալներով, վճարել է 14 մլրդ 864 մլն դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 18,6 տոկոսով, ինչի պատճառով ընկերությունը զիջել է դիրքը մեկ հորիզոնականով:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաև «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 13 մլրդ 790 մլն դրամ (աճ՝ 45,7 տոկոս), «Թեղուտ»-ը՝ 13 մլրդ 357 մլն դրամ (աճ՝ մոտ 3 անգամ), «Ղ-Տելեկոմ»-ը ՝ 12 մլրդ 813 դրամ (անկում՝ 31,2 տոկոս), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն՝ 12 մլրդ 429 մլն դրամ (անկում` 19,6 տոկոս) և «Ֆլեշ»-ը՝ 10 մլրդ 906 մլն դրամ (անկում՝ 14,5 տոկոս):