Կսովորեցնեն արվեստասեր լինել, ոչ թե կապիկություն անել. Սարգիս Գրիգորյանը դերասանական դպրոց կբացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սարգիս Գրիգորյանը պատրաստվում է դերասանական դպրոց բացել, որտեղ, ինչպես ինքն է նշում, կսովորեցնեն լինել արվեստասեր, այլ ոչ թե` «կապիկությամբ» զբաղվել: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը որեւէ շահույթ չի հետապնդում. «Սաները վճարելու են մինիմալ գումար` ուղղված դասախոսների աշխատավարձը ապահովելուն: Դպրոցն ունենալու է ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի խումբ»,-ասաց նա:

Սարգիսը, անդրադառնալով ներկա ծրագրերին, նշեց, որ նկարահանվում է «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ մասում, որը շուտով կներկայացվի հեռուստադիտողներին. «Իմ կերպարը արդեն նոր կարգավիճակ ունի: Եթե ֆիլմի առաջին մասում նա միայն զինվոր էր, ապա երկրորդում նաեւ ամուսին է, հայր, այնպես որ, հետաքրքիր, դրամատիկ պահեր են սպասվում»,-մանրամասնեց Սարգիսը:

Նա նաեւ պատմեց, որ դեռ նախորդ տարվա ընթացքում նկարահանվել է «Ուշացած վերադարձ» ֆիլմում (ռեժիսոր` Շավարշ Վարդանյան), որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի թեմայով է: Սարգիսը մարմնավորել է պատանդ ընկած սպայի:

Դերասանը խոստովանեց, որ ստացել է սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց մերժել է. «Մեծ մարդ եմ, ուզում եմ անել որակյալ մի բան: Եթե չստացվի, ստիպված էլի պետք է նկարահանվեմ սերիալներում, ի՞նչ անեմ»,-ասաց նա` հավելելով, որ իր գործի հաջողությունը մեծապես կախված է երկրի տնտեսական վիճակից (դա նպաստում է, որ պետական, մասնավոր աջակցությունը ակտիվանա):
Մենք հետաքրքրվեցինք` Սարգիսի կարծիքով` ինչն է պատճառը, որ այսօր հայ ռեժիսորներից շատերը չեն փորձում բացել դերասանին այլ ռակուրսից, ցույց տալ նրա հնարավորությունների սահմանը. «Ռեժիսոր կա՞, որ դերասանին բացի: Դերասանին չեն բացում, որովհետեւ շտապում են, մտածելու ժամանակ չունեն, կրկնում են այն, ինչ արդեն փորձել են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս