Քննություն ընտրություններից առաջ. զայրույթախռիվ հայտարարություններ անող քաղաքական ուժերն ի՞նչ քայլեր են ձեռնարկել Լապշինին արտահանձնելուց առաջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը երեկ Աժ-ում ամենաքննարկվող թեման էր: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց պարտքն էին համարում այդ կապակցությամբ հնարավորինս կոշտ որակումներ հնչեցնել՝ կատարվածը որակելով խայտառակություն, դավաճանություն, դիվանագիտական ապտակ եւ այլն:

Եվ եթե մի պահ Լապշինի հետ կատարվածից անտեղյակ մեկը լսեր մեր պատգամավորների զայրույթախռիվ հայտարարությունները, կարող էր կարծել, թե բլոգերի արտահանձնման լուրը ԱԺ պատգամավորներն իմացել են խորհրդարան գալուց կես ժամ առաջ: Մինչդեռ Լապշինին սպասվող վտանգի մասին հայտնի էր դեռ անցած դեկտեմբերից, իսկ արդեն հունվարի 20-ից, երբ Բելառուսի գլխավոր դատախազությունը կայացրեց Լապշինին արտահանձնելու որոշում, պրակտիկորեն արդեն որեւէ կասկած չէր մնացել, որ բլոգերի բողոքարկման դիմումը եւս կմերժվի: Ասել է թե՝ Ա. Լապշինի արտահանձնումը միանգամայն սպասելի էր:

Եվ ինչ քայլեր ձեռնարկեցին մեր քաղաքական ուժերը: Արդյո՞ք նրանցից որեւէ մեկը, այդ թվում եւ Բելառուսի նախագահի հետ խիստ ջերմ հարաբերություններ ունեցող ուժի ներկայացուցիչները, որեւէ բան ձեռնարկեցին մինչեւ արտահանձնումը:

Մենք սովոր ենք նմանօրինակ բոլոր ձախողումներում մեղադրել բացառապես իշխանություններին, եւ դա ճիշտ է: Սակայն քաղաքական գործունեություն իրականացնող, առավել եւս խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նույնպես կարող են եւ պարտավոր են ունենալ իրենց շատ գործուն դերակատարությունը: Ի վերջո, կա խորհրդարանական դիվանագիտություն ասվածը, կարծես թե գոյություն ունի նաեւ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով:

Առհասարակ, ազդեցության լծակները բազմաթիվ են, եւ եթե յուրաքանչյուրն իր մասով փորձեր ինչ-որ բան անել, արդյունքը կարող էր եւ այլ լինել: Համենայն դեպս, երեկ ԱԺ-ում կուրծք ծեծող պատգամավորները գոնե հանգիստ խղճով կարող էին ասել, որ իրենց ձեռքից եկածն արել են: Մինչդեռ այսպես նրանց հակաադրբեջանական պոպուլիզմն ուղղակի տհաճ էր:

Իրականում սա բավականին կարեւոր քննություն էր ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի համար: Հանրությունը, կարծում ենք, առիթ ունեցավ համոզվելու, որ իշխանական դաշտից դուրս քաղաքական ուժերը եւս նույնքան անգործունակ են եւ չնախաձեռնող: Այն, որ մինչ օրս որեւէ մեկի մտքով չէր անցել՝ հարցում ուղարկել Բելառուսի իշխանություններին եւ պարզել, որ ՌԴ-ն եւ Իսրայելը, հակառակ պաշտոնական հավաստիացումների, երբեք չեն խնդրել պաշտոնական Մինսկին Լապշինին արտահանձնել իրենց երկրներին, դրա վառ ապացույցն է:

Հ. Գ. Իսկ այդ փաստն էլ ապացույցն է այն բանի, որ սա Հայաստանի եւ ԼՂՀ դեմ ծրագրված միջազգային դավադրություն է՝ հեռահար նպատակներով:




Լրահոս