Հանրությունը Սեյրան Օհանյանին հիշեցնելու բան շատ ունի. հարցերի տարափը եռակի հուժկու կլինի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ձեւավորման համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարել է. «Քաղբանտարկյալներ այսօր, իհարկե, կան, բայց այսօր ես չեմ ուզում այդ ուղղությամբ որեւիցե բան ասել»: Իսկ թե երբ է Օհանյանն «ուզելու այդ ուղղությամբ որեւիցե բան ասել», հայտնի չէ: Ըստ ամենայնի, դա կախված է մի շարք գործոններից, եւ որոշակի զարգացումների դեպքում անգամ հնարավոր է, որ Օհանյանն առհասարակ չուզենա «այդ ուղղությամբ որեւիցե բան ասել»:

Բայց մինչ այդ հարկ է հիշել, թե ով է հանգիստ տոնայնությամբ արձանագրողը, որ «քաղբանտարկյալներ այսօր, իհարկե, կան»: Մի մարդ, ով մինչեւ 2016 սեպտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսկ հիմա փորձենք հիշել, թե ում են իրավապաշտպանները եւ որոշ ընդդիմադիր ուժեր համարում քաղբանտարկյալ: Նախ եւ առաջ՝ Սեյրան Օհանյանի մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանին, ով կալանավորվել է 2013թ. սեպտեմբերին, դատապարտվել է 2014թ. հուլիսին: Ապա՝ Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, որոնք կալանավորվել են 2013թ. նոյեմբերին, դատապարտվել՝ 2014թ հոկտեմբերին: Հաջորդիվ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին, ով ձերբակալվել է 2015թ, դեկտեմբերի 31-ին, դատապարտվել՝ 2017թ. հունվարին: Այդ ցուցակում է Օհանյանի մեկ այլ նախկին մարտական ընկեր, «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, ով կալանավորվել է 2016թ. հունիսին: Եվ վերջապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու ՊՊԾ գնդի գրավման գործով անցնողները, որոնք հիմնականում կալանավորվել են 2016թ. հուլիսի 31-ին :

Եվ ահա այս բոլոր դեպքերում Սեյրան Օհանյանը, ով բարձրագույն պաշտոն էր զբաղեցնում, որեւէ կերպ ի ցույց չի դրել իր անհամաձայնությունը: Վերը թվարկված անձանցից որեւէ մեկի՝ ազատությունից զրկման գործընթացի օրինականությունը նրա կողմից չի վիճարկվել, հետեւաբար Օհանյանը ընդամենը ամիսներ առաջ այդ մարդկանց չի համարել քաղբանտարկյալներ: Իսկ գուցե համարել է, սակայն չի բարձրաձայնել՝ հնարավոր է՝ ասեն ոմանք: Լավ, ընդունենք՝ չի բարձրաձայնել պաշտոնեական դիրքով կաշկանդված լինելով: Բայց այդ դեպքում ինչն էր նրան խանգարում այդ մասին հայտարարել արդեն պաշտոնից հեռանալուց հետո: Չէ որ նա առանց որեւէ բարդույթի բազմաթիվ այլ դեպքերում կոշտ գնահատականներ տվեց իշխանություններին:

Հավանաբար Սեյրան Օհանյանը եւս կարծում է, որ հանրության հիշողությունը կարճ է: Ոչինչ: Կարծում ենք՝ առաջիկա քարոզարշավի ընթացքում հանրության կողմից իր համար, մեղմ ասած, ոչ ականջահաճո հարցերի տարափի ներքո պաշտպանության նախկին նախարարը կհասկանա, որ սխալվել է: Առավել եւս, որ դաշինքի իր մյուս գործընկերների՝ Րաֆիի եւ Օսկանյանի ընկերակցությամբ այդ հարցերի տարափը եռակի հուժկու կլինի:




Լրահոս