Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ-գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը` Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ» միության և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:
Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր:
Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը:
Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակաների շփումների աշխուժացման և, ընդհանրապես, հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:
Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և վերստին կարևորեց Հայաստանի կապող դերը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը և հեռանկարները:
Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ֆորումի ծրագրում ընդգրկված էին երեք հիմնական բաժիններ՝ ՏՏ, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ։ Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի հայկական ընկերություններ:
Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպումներ ունեցավ նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային պետքարտուղար Յոախիմ Ֆուխթելի և ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային պետքարտուղար Նորբերտ Բարթլեի հետ: