ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռամկավար ազատական կուսակցության» սփյուռքի եւ հայաստանյան կառույցների միջեւ հակասություններ են առաջացել: Պատճառը ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի՝ օրերս արած հայտարարություններն են «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին: Որքանով են խորն այդ տարաձայնությունները, եւ արդյո՞ք արդյունքում կհեռացվի Ավետիքյանը: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՌԱԿ կենտրոնական վարչության ատենադպիր քարտուղար) Սեւակ Հակոբյանն է:

-Պարո՛ն Հակոբյան, անհամաձայնությունը ինչի՞ շուրջ է՝ կոնկրետ Ավետիքյանի՞, թե՞ ՀՌԱԿ-ի հայաստանյան կառույցի դիրքորոշման:
-Մեր անհամաձայնութիւնը երբեք անձերու դէմ չէ, ըլլայ ան ՀՌԱԿ Հանրապետական Վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանին (որուն լրագրողական վաստակին հանդէպ ունինք բացարձակ յարգանք եւ գնահատանք), կամ իր ներկայացուցած կառոյցի պատասխանատուներուն (որոնց հետ միշտ ալ ունեցած ենք անձնական լաւ յարաբերութիւններ): Այս բանին փաստն ալ այն է, որ մենք բծախնդիր եղած ենք մեր յայտարարութիւններուն մէջ (ինչպէս կը վկայէ հայրենի թէ սփիւռքահայ մամուլը) չյիշել ո՛չ մէկ անհատի անուն: Մենք նախանձախնդիր ենք իւրաքանչիւր մարդ անհատի արժանապատուութեան:
Իսկական հարցը, այսօր, կառուցային իրաւասութիւններու հարցն է: Մենք ստիպուած եղանք միջամտելու, երբ Հայաստանի ՌԱԿ-ը վերջերս փորձեց իր շարքերուն մէջ ընդգրկել քանի մը գաղութէ սփիւռքահայ կարգ մը ընկերներ (որոնք բոլորն ալ մեզի սիրելի ըլլալով հանդերձ՝ չունին ո՛չ մէկ պաշտօնական կամ ներկայացուցչական հանգամանք), այսպիսով ջանալով հանդէս գալ որպէս 95-ամեայ կուսակցութեան իրաւայաջորդ տէրը՝ Հայաստանակեդրոն բարձրաշռինդ կարգախօսով մը զինուած, որ մեր իսկ գերագոյն նպատակն է, երբ ժամանակը գայ:
-Ի՞նչն է, որ Ձեզ կապում է ՀՌԱԿ-ի հետ:
-Մենք, հաւատարիմ մեր դաւանանքին, միշտ զօրավիգ ենք ու կը քաջալերենք հայրենի այն բոլոր կազմակերպութիւնները (ՀՌԱԿ, թէ այլ), որոնք կը դաւանին մեր կուսակցութեան գաղափարախօսութեան հետ համահունչ ժողովրդավարական հաւատամք: Այս բանը պայմանաւորուած է անշուշտ փոխադարձ վերաբերմունքով: ՀՌԱԿ-ի պարագային, սակայն, ոտնձգութիւնը հասաւ այն աստիճանի, որ ըստ քանի մը օր առաջ կատարուած ՀՌԱԿ հանրապետական վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանի խոստովանութեան՝ ընդամէնը քանի մը ամիս առաջ փորձուած է նաեւ իւրացնել «Կեդրոնական Վարչութիւն» անուանումը՝ փորձելով զայն արձանագրել ՀՀ արդարադատութեան նախարարութեան մօտ: Անուն մը, որ 95 տարիէ ի վեր Հայոց պատմութեան մէջ եւ յաչս Հայ ժողովուրդին ու Հայրենի պետականութեան, կը ներկայացնէ հայ աւանդական ՌԱԿ ղեկավար մարմինը եւ բարոյապէս ու աւանդական կարգով կը պատկանի անոր: Մենք, հաւատարիմ մեր կուսակցական եւ ՌԱԿ կեդրոնական վարչութեան անդամակցութեան երդումին, մեր միջամտութեամբ այսօր կը փորձենք տէրը կանգնիլ մեզի վստահուած 95-ամեայ աւանդին:
-Այս անհամաձայնությունը իրականում կապված է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների՞ հետ:
-Ո՛չ: Ծանրակշիռ միջամտութեան կարիքը ստեղծուեցաւ, երբ ՀՌԱԿ փորձ մը կատարեց, իբրեւ աւանդական կուսակցութիւնը ներկայացնող մարմին եւ ներկայանալով որպէս այդպիսին՝ մաս կազմել «Ծառուկեան» դաշինքին՝ այս կերպով նաեւ հակասելով աշխարհասփիւռ «Ռամկավար ազատական կուսակցութեան» ազգային ռազմավարութեան: Ի միջի այլոց, այստեղ տեղին է յիշել նաեւ, թէ ՌԱԿ-ը, չբաժնելով հանդերձ պարոն Գագիկ Ծառուկեանի այսօրուան քաղաքականութիւնը, մեծ յարգանք ունի իր ազգասէր անձին հանդէպ: Բարեբախտաբար պրն. Ծառուկեանը անդրադարձաւ, որ ՀՌԱԿ-ը չի ներկայացնէր այն, ինչ որ կը յաւակնի ներկայացնել: Կը մնայ շեշտել, որ աշխարհասփիւռ ՌԱԿ-ը, Հայրենիքի մէջ առ այժմ չունենալով զինք իրաւապէս ներկայացնող կառոյց մը, միջամուխ չուզեր ըլլալ յառաջիկայ ապրիլ 2-ի ընտրութիւններուն՝ նախանձախնդիր ըլլալով սակայն, որ ան կատարուի արդար, թափանցիկ եւ խաղաղ պայմաններու մէջ:
-Պարո՛ն Հակոբյան, ցանկանում եք հեռացնե՞լ Ավետիքյանին: Ինչո՞վ նա Ձեզ չի բավարարում, եւ ու՞մ եք տեսնում նրան փոխարինող:
-Մենք Հայաստանի մէջ արձանագրուած ՌԱԿ-էն մէկը հեռացնելու ո՛չ ցանկութիւնը ունինք, ո՛չ ալ իրաւասութիւնը: Մեր միակ պահանջն է, որ ան մնայ իր սահմաններուն մէջ: Ինքզինքին իրաւասութիւն չտայ Սփիւռքի անունով խօսելու եւ հրաժարի սարքուած ինչ-ինչ ժողովներով իւրացնելէ ՌԱԿ-ի 95-ամեայ աւանդը:
Թէ Յակոբ Աւետիքեան կը բաւարարէ՞ կամ չի՞ բաւարարեր, կամ անոր փոխարինող մը պէ՞տք է, թէ՞ ոչ, այդ մէկը ՀՌԱԿ-ի անդամակցութեան հարցն է, որուն մէջ մենք դեր մը չունինք, ո՛չ ալ կուզենք ունենալ՝ հիմնուելով այն փաստին վրայ, որ մենք օրինականօրէն տարբեր կուսակցութիւններ ենք՝ բարոյական կապով մը կապուած, որ չարտօներ նման միջամտութիւն:
Այսօր լսեցինք, որ ՀՌԱԿ-ը, չյաջողելով մուտք գործել ընտրական դաշինքի մը մէջ, ըստ իրենց նորագոյն յայտարարութեան՝ պիտի աշխատի առանձին մասնակցիլ յառաջիկայ ընտրութիւններուն: Այս առիթով եւ կրկնութեան գնով կը շեշտենք, որ մենք, բնականաբար, թեկնածուներ չունինք Հայրենիքի մէջ տեղի ունենալիք ընտրութիւններուն: Յակոբ Աւետիքեանի անձին դէմ այս հարցով՝ խնդիր մը չունինք: Միջամուխ չենք իր կուսակցութեան գործերուն, ոչ ալ կը խառնուինք անոնց առաջադրելիք թեկնածուներուն, որոնցմէ Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորի թեկնածութեան ընտրական կենդրոնական յանձնաժողովի պայմանները լրացնողներուն յաջողութիւն կը մաղթենք՝ միանգամընդմիշտ հաստատելով սակայն, որ ո՛չ իրենք, ո՛չ ալ ՀՌԱԿ-ը կը ներկայացնեն աշխարհասփիւռ «Ռամկավար ազատական կուսակցութիւնը»:

 

 

 
ՊԱՅՔԱՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՍՈՒՐՆ ԱՌՆԵՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԵՆ

Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը լինելու է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Գյումրու ավագանու անցած ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ-ի ցուցակը: «Ժողովուրդ»-ը Վարդեւան Գրիգորյանի հետ զրուցել է նրա առաջադրման եւ Շիրակում սպասվող պայքարի մասին:

-Պարո՛ն Գրիգորյան, ենթադրվում է, որ խորհրդարանական ընտրությունները թեժ ընթացք են ունենալու Շիրակի մարզում: Մտահոգություններ են հնչում, որ այս անգամ էլ Գյումրիում բանը կարող է հասնել բախումների: Դուք ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում:
-Դուք իզուր տեղը թեժացնում եք այդ ամեն ինչը, Գյումրիում միշտ էլ եղել են նման թեկնածուներ, Գյումրիում միշտ կազմակերպվել են ընտրություններ, որոնք միշտ անցել են նորմալ: Կարո՞ղ եք հիշել մի ընտրություն Գյումրիում, դա կլինի համապետական, դա կլինի տեղական, որ հանկարծ նման բախումներ լինեն, ու, ասենք, հասարակության անդորրը խաթարվի:
-Իսկ մի՞թե Դուք այդպիսիք չեք հիշում: Էլ չասած, որ այս անգամ Շիրակում առաջադրվելու են այնպիսի թեկնածուներ, որոնք ունեն լարված հարաբերություններ, խոսքը Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մասին է:
-Բայց ինչ կապ ունի անձնական հարաբերությունն ընտրությունների հետ, ամեն մեկն իր գործն է անելու, ամեն մեկն իր ընտրազանգվածն ունի:
-Բայց մի՞թե ժամանակին հենց ընտրությունների պատճառով չեն լարվել նրանց հարաբերությունները:
-Իհարկե, որ ասես այդ ընտրությունները չեն ազդել իրենց հարաբերությունների վրա, այդպես չէ, իհարկե, ազդել են, բայց այսօր բոլորն էլ լավ հասկանում են, որ սա համապետական ընտրություններ են, ով խախտեց օրենքը, համապատասխան պատիժ կկրի:
-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Վարդան Ղուկասյանի հետ:
-Նորմալ, նորմալ հարաբերություններ են:
-Պայքարելո՞ւ եք նաեւ միմյանց դեմ:
-Պայքար արդեն կա, որովհետեւ առաջադրվել ենք, ամեն մեկս աշխատում ենք մեր ընտրազանգվածն ունենալ, արդեն դա մրցակցություն է, դա պայքար է: Պայքար չի նշանակում, որ սուրն առնեն ու պայքարեն:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԴԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավարն ու տեղակալը, չնայած պաշտոնական դիրքը չարաշահելու համար դատապարտվել էին, սակայն դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել: Հիշեցնենք՝ 2016թ. պարզվել էր, որ Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսեսյանն ու նրա տեղակալ Պարույր Խաչատրյանը ղեկավարել էին 2015 թվականի նոյեմբերին ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատող հանձնաժողովը եւ փաստաթղթերում կեղծ տվյալներն էին ներառել` պետությունից շորթելով մոտ 650 հազար դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գյուղապետին ու տեղակալին դատապարտել էր տուգանքի` 350.000 դրամի չափով, եւ ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն որոշվել էր ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 1 տարի փորձաշրջան: Ու հիմա, փաստորեն, չնայած այդ դատավճռին՝ երկուսն էլ շարունակում են իրենց պաշտոնավարումը:

 

 

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը որոշել էր ԱԺ ընտրություններին մասնակցել դաշինքով, եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Կուսակցության խորհրդի կողմից որոշում եղավ Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի եւ «Ելք»-ի հետ միավորման պաշտոնապես բանակցություններ սկսել»: «Ժողովուրդ» օրաթերթը Օհանյանի շուրջ ստեղծվելիք դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ «Ժառանգություն»-ը միաժամանակ բանակցում է թե՛ իրենց եւ թե՛ «Ելք»-ի հետ: «Դա իրենց որոշումն է, մեզ հետաքրքրում է իրենց վերջնական որոշումը»,- նշեց Օսկանյանը:

 

 

ՏՆԵՐՈՎ ԵՆ ՇՐՋՈՒՄ
Արդեն մի քանի օր է` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարբեր համայնքների բնակիչներից ահազանգ է ստանում, որ համայնքային ոստիկանները շրջում են տներով եւ հաշվառում իրականացնում՝ նաեւ ճշտելով` այդ բնակարանում քանի հոգի կա գրանցված, քանիսն են բնակվում: Օրինակ՝ երեկ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքից զանգահարած քաղաքացին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրենից հետաքրքրվել են, թե տանը քանի մարդ է ապրում, եւ նրանցից քանիսն են գրանցված տվյալ հասցեում: Իսկ երբ բնակիչը ոստիկանին ներկայացրել է, որ ինքը վարձակալ է, ոստիկանը խնդրել է տալ տան իրական սեփականատերերի անունները: Նման դեպքեր եղել են նաեւ Երեւանի տարբեր համայնքներում` Ավանում, Զեյթունում, Արաբկիրում եւ այլն: Տեսակետ կա, որ համայնքային ոստիկանների այս ստուգումներն իրականում պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով. իշխանություններն այսպես ի սկզբանե փորձում են իմանալ իրական ընտրողների բազան:




Լրահոս