Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական դաշինքների ձեւավորման մասին ազդարարվեց մեծ շուքով եւ աղմուկով: Բայց այսօր այդ նախընտրական դաշինքները, դեռ լիարժեք չկազմավորված, սկսել են փլուզվել:
Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր, քանի որ այդ դաշինքներն «աջափսանդալ» էին հիշեցնում. կազմավորվում էին արհեստականորեն, վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված մարդ-կուսակցություններից` առանց քաղաքական ու գաղափարախոսական հենքի: Իսկ նման միավորները, բնական է, որ չեն կարող երկար կյանք ունենալ: Այս դեպքում, իհարկե, ուրբաթը շաբաթից շուտ է եկել. դաշինքները փլուզվում են դեռ պաշտոնապես չգրանցված:
Այս տարվա հունվարի 17-ին նախընտրական դաշինք կազմելու համաձայնագիր էին հրապարակել Վարդան Օսկանյանի «Համախմբում», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» եւ Արամ Գ. Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունները, դաշինքի առանցքն էլ լինելու էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Բայց երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է դաշինքը լքելու մասին: Ըստ որոշ տեղեկությունների` այդ դաշինքը կլքի նաեւ Վիկտոր Դալլաքյանն իր կուսակցությամբ: Ի դեպ, այդ դաշինքին միանալու մասին հայտարարել էր նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը /ընդ որում, հայտարարել էր առանց մյուս երեք ուժերի հետ բանակցելու եւ նրանց համաձայնությունը ստանալու/, բայց հիմա նա եւս հեռանում է այնտեղից:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այդ կուսակցությունների` դաշինքը լքելու իրական պատճառն այնտեղ տիրող մթնոլորտն է, մասնավորապես ընտրացուցակում տեղերի շուրջ անհամաձայնությունները: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու հարցում մեծ դեր ուներ Վիկտոր Դալլաքյանը, որի հետ նրանք համատեղ ծրագիր էին մշակել: Բայց այն բանից հետո, երբ սկսվեցին բանակցությունները «Համախմբում» կուսակցության հետ, Ս. Օհանյանը սահուն անցում կատարեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերահսկողության տակ, եւ հիմա Բաբայանն է Օհանյանի անունից բանակցություններ վարում` օգտագործելով իր մեծ կապերը: Դե, այդ իրավիճակում Դալլաքյանի անունը համամասնական ընտրացուցակում առաջարկում են գրել 5-րդ հորիզոնականում կամ դրանից հետո: Ինչ վերաբերում է Արամ Գ. Սարգսյանին, նրան էլ առաջարկվել է ցուցակի 6-7-րդ տեղերը. սա լավագույն դեպքում: Եւ, ընդհանրապես, հիմա այդ դաշինքում որոշում կայացնողները դարձել են Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի կողմնակիցները՝ առանց հաշվի առնելու մյուս կուսակցություններին: Չնայած նրանք էլ արդարանում են, թե Վ. Դալլաքյանին ու Ա. Սարգսյանին իրենց մոտ բերեց Օհանյանը, եւ որ նրանք, ըստ էության, չեն փորձել մասնակցել «դաշինքաշինության» գործին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ դաշինքում «Համախմբում» կուսակցությունը մնացել է միայնակ, եթե չհաշվեք Տիգրան Կարապետիչին ու նրա կուսակցությանը, որը եւս ինքնակամ խցկվել էր այդ դաշինքում: Ու հիմա «Համախմբում» կուսակցությունը հնարավոր է՝ դաշինք կազմի «Ժառանգության» հետ, որն, ի դեպ, զուգահեռ բանակցում է նաեւ «Ելք» դաշինքի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միանգամայն անհասկանալի վիճակ է նաեւ «Ծառուկյան» դաշինքում, եւ չի բացառվում, որ արդյունքում այդպես էլ դաշինք չձեւավորվի: Բանն այն է, որ երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու եւ ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին, մարդ-կուսակցությունների «ոհմակն» իրար հերթ չտալով՝ սկսեց հայտարարել նրան սատարելու, նրա շուրջ միավորվելու մասին: Նրանց միակ նպատակը ԲՀԿ առաջնորդի հարստությունից օգտվելն էր, ոչինչ ավելի: Ինքներդ դատեք` ի՞նչ կարող է Ծառուկյանին տալ Լյուդմիլա Սարգսյանի ՎՍԴՀԿ-ն, Նարեկ Գալստյանի ՍԴՀԿ-ն կամ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», կուսակցություններ, որոնք ողջ Հայաստանում հազիվ հինգ հարյուրից հազար ձայն ունենան, բայց ինքնամատույց հայտնվել էին այդ դաշինքի շուրջ: Այս ամենը լավ գիտակցում են նաեւ Ծառուկյանն ու ԲՀԿ-ի նրա մերձավոր թիմը: Այդ իսկ պատճառով հիմա Ծառուկյանը «փոշմանել է», չի ցանկանում, որ անհասկանալի միավորները, դաշինքին ոչինչ չտալով, օգտվեն իր հնարավորություններից, իսկ հետո հարմար պահի դավաճանեն ու փախչեն իր կողքից: Ինչ վերաբերում է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանին, ապա մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը դժգոհ է նաեւ նրանից ու լավագույն դեպքում կթույլատրի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, իսկ պատգամավոր դառնալը կախված կլինի արդեն նրա հավաքած ձայներից: Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է նրանից պարզել իրավիճակը, բայց նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին:
Իսկ մինչ այդ, ինչպես հայտնի է` Ծառուկյանը հայտարարել է, որ ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ի հետ համագործակցությունից` պաշտոնապես պատճառ մատնանշելով այդ կուսակցության` սփյուռքի եւ Հայաստանի կառույցների միջեւ անհամաձայնությունը: Մեր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է մյուս մարդ-կուսակցություններին եւս տարբեր պատճառներով հեռացնելու հարցը, առավել եւս, որ ինքն ի սկզբանե չէր համաձայնել նրանց հետ դաշինք կազմելու հարցում: Այս առումով պատահական չէր, որ երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարի օրակարգում միայն կուսակցության նախագահի ընտրության հարցն էր: Ո՛չ համագումարի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո, հակառակ սպասումների, այդպես էլ չհայտարարվեց դաշինք ձեւավորելու մասին, չստորագրվեց որեւէ փաստաթուղթ: Մեր տեղեկություններով՝ մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ կամ էլ դաշինք կազմի ձեւականորեն ինչ-որ մի ուժի հետ, զուտ այն պատճառով, որ արդեն շրջանառության մեջ են դրել «Ծառուկյան» դաշինք անվանումը: Ու եթե լինեն կուսակցություններ, որոնք ցանկանան համագործակցել, պարզապես կլինեն ցուցակում, ինչպես ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանը:
Մի խոսքով, վեհ գաղափարների մասին խոսող ուժերը իրականում անձնական ամբիցիաներն են դրսեւորում առավել կարողների ֆոնին` ԱԺ սողոսկելու մեծագույն ախորժակով: Իսկ թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՎԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳԵՐՈՎ
Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը. ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ իրենք որոշում են ընդունել Արթուր Բաղդասարյանի հիմնած մեկ այլ` «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միաձուլվելու մասին՝ միաժամանակ, որպես իրավահաջորդ, ՀՎԿ-ին փոխանցելով իրենց գույքն ու միջոցները: Փաստորեն, ՕԵԿ-ը վերջին երկու տարվա ընթացքում, այնուամենայնիվ, դե յուրե գոյություն է ունեցել, սակայն դրա հիմնադիր Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից: Պարզապես նա իր նախկին կուսակցությունում մի քանի հոգու թողել է` որպես պահակ, որպեսզի հետո նրանք էլ միանան ՀՎԿ-ին:
Եւս մեկ ուշագրավ փաստ. 2015 թ., երբ ստեղծվում էր ՀՎԿ-ն, ու ամեն օր նրանց էին միանում, այսպես կոչված, կուսակցություններ, այդ «բազմահազար ամբոխի» մեջ չի եղել ՕԵԿ-ը: Ավելին՝ ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու մյուս կարկառուն ՕԵԿ-ականները 2015թ. զանգվածաբար լքել են ՕԵԿ-ը եւ անդամակցել նորաստեղծ ՀՎԿ-ին, երկրորդ տարբերակ չի կարող լինել, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ անհնար է լինել միաժամանակ երկու կուսակցության անդամ, իսկ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմը հիմա ՀՎԿ ղեկավար կազմի անդամներն են:
Մինչ այդ, երեկ տեղեկացանք, որ ՀՎԿ-ից շարունակվում է արտահոսքը. նախօրեին այդ կուսակցությունից դուրս էր եկել ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը, երեկ էլ ՀՎԿ-ից դուրս են եկել «Միավորված հայեր» կուսակցության անդամները` Ռուբեն Ավագյան, Հրաչիկ Հակոբջանյան, Վաղարշակ Վարդանյան, Հովհաննես Հովհաննիսյան, որոնք ՀՎԿ կառավարման խորհրդի կազմում էին ընդգրկված: Կարճ ասած, այս օրերին Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը լքում են զույգերով:
ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ
Ընդդիմադիր կուսակցությունները չեն հավատում, որ իշխանությունները կհետեւեն ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին եւ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները չեն ծառայեցնի ընտրություններում: Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում վարչապետը հրահանգել էր, որ այդպես իրենց արջի ծառայություն չմատուցեն: «Ժողովուրդ»-ը ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իշխանությունները կկարողանան հետեւել վարչապետի հորդորին: «Ես կարող եմ մի բան ասել, որ վարչական ռեսուրսի օգտագործումն ապօրինի է: Մենք էլ մեր կողմից, եթե նկատենք, բարձրաձայնելու ենք: Եվ կոչ ենք անում իշխանություններին բոլոր օղակներում գործել օրենքի սահմաններում: Ուշիուշով հետեւելու ենք, թե ինչպես են իշխանության տարբեր ճյուղերը պահպանելու օրենսդրությունը, մասնավորապես ընտրական օրենսգիրքը»,- ասաց պարոն Կարապետյանը:
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՎԱ՞Ծ Է
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը Araratnews.am-ի հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել ՀՅԴ-ին՝ վերջինիս մեղադրելով երկիրը կեղեքողներին աջակցելու մեջ: «Ինչ Հրանտ Մարգարյանը ստանձնել է Դաշնակցության ղեկավարի դերը, այդ կուսակցության կանոնադրությունը լրիվ դրել է մի կողմ եւ սկսել է միանձնյա ղեկավարել այն՝ դառնալով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների կցորդը: Եթե մեկ դարից ավելի գոյություն ունեցող այդ կուսակցությունը նախկինում բարոյական իրավունք ուներ սաստելու այս երկրում տեղի ունեցող նեգատիվ երեւույթները, այժմ արդեն Դաշնակցությունը գոյություն չունի: ՀՅԴ-ն, դառնալով իշխանության կցորդը, սպասարկելով իշխանության վատագույն երեւույթները, ոչնչացրեց իրեն: Հրանտ Մարգարյանը ոչնչացրեց Դաշնակցությունը: Թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կան բազմաթիվ դաշնակցականներ, որոնք հանուն գաղափարների, հանուն հայրենիքի անգամ իրենց կյանքն են տվել: Դաշնակցության ղեկավարներն այսօր այդ տղաների նկարները դնում են իրենց սենյակներում եւ մասնակցում ընտրակեղծիքներին եւ երկիրը քանդելուն»:
ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչելու 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը ներքին անձնագրերով ուղեւորությունների ռեժիմի անցման շուրջ։ Այս մասին ռուսական TASS գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: «Նոր ռեժիմին անցումը, ինչպես սպասվում է, կհանգեցնի Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի զգալի ավելացման եւ կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների հետագա մշակութային փոխհարստացմանը»,- ասել է նա։