Վարդենիսում տեղի ունեցած աղմկահարույց սպանության ուշագրավ մանրամասները. ով ում «պատիվն էր պաշտպանել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 18:40-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:05-ին, հրազենային վնասվածքով հոսպիտալ է տեղափոխվել Արման Մանուկյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով:

 

Եվ ահա, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության մեջ մեղադրվող Սասուն Կարապետյանին նշված և հավելյալ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքներով:

Սասուն Կարապետյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Ս.Կարապետյանից հօգուտ քաղաքացիական հայցվորների պետք է բռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հուղարկավորության և դրա հետ կապված ծախսերի փոխհատուցման գումար:

Այսպես, ըստ մեղադրանքի, Սասուն Կարապետյանը Վարդենիսի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտ Արման Մանուկյանի կողմից իր ընկերոջ Սարգիս Գալստյանի դեմքի շրջանին հարվածելուց և նույն օրը ժամը 16.30-ի սահմաններում Արման Մանուկյանի կողմից իրեն ձեռքով հարվածելուց, ապա փայտով իր «ԲՄՎ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենային հարվածելուց վիրավորված, նույն օրը ժամը 17-ի սահմաններում, որպես հատուցում Արման Մանուկյանի կողմից իրեն պատճառված անպատվությանը, ապօրինի կրելով իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահած հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտով, հանդիպել է ընկերոջը՝ Սարգիս Գալստյանին, այնուհետև վերջինիս անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, առջևի աջ նստատեղին նստելով, միասին գնացել են Արման Մանուկյանի բնակության վայր:

Այնտեղ ցուցադրաբար ավտոմեքենան կայանել են Գրիշա Մանուկյանի բնակարանից շուրջ 150 մետր հեռավորության վրա, ինչը նկատելով Գրիշա Մանուկյանը, Արման Մանուկյանը և նրանց ընկերները, Գրիշա Մանուկյանի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել ու կանգնել են Սարգիս Գալստյանի ավտոմեքենայի դիմաց:

Սասուն Կարապետյանը, վերցնելով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը մեքենայի առջևի աջ նստատեղից, մոտեցել է Արման Մանուկյանին, հայհոյել ու ինքնաձիգի փողն ուղղելով Արման Մանուկյանի կրծքավանդակի ուղղությամբ կրակոց է արձակել, ապա Սարգիս Գալստյանի հետ դիմել է փախուստի` իրենց հետ տանելով ինքնաձիգը:

Դրանից բացի, Սասուն Կարապետյանն առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իրենց բնակարանի ննջասենյակի պատուհանագոգին ապօրինի պահել է 0.95 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11-ին կատարված խուզարկության ընթացքում նշված վայրից հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դատարանը եզրահանգել է, որ ոչ Սարգիս Գալստյանին առաջադրված մեղադրանքում, ոչ մեղադրական եզրակացության նկարագրական մասում նկարագրված չէ, որ Սարգիս Գալստյանը՝ հանդիպելով Սասուն Կարապետյանին, վերջինիցս տեղեկացել է, որ նա ցանկանում է սպանել Արման կամ Գրիշա Մանուկյաններին ու գիտակցաբար օժանդակել է Սասուն Կարապետյանին՝ խոստանալով նրան իր ավտոմեքենայով տանել Արման կամ Գրիշա Մանուկյանների մոտ, որպեսզի Սասուն Կարապետյանը կատարի սպանությունը:
Հակառակը մեղադրական եզրակացության մեջ՝ նկարագրական մասում նշված է, որ Սարգիս Գալստյանը և Սասուն Կարապետյանը հանդիպելով ընդամենը որոշել են դարձյալ հանդիպել Արման Մանուկյանին:

Ամբաստանյալների համաձայնությունը, պայմանավորվածությունը, համաձայն մեղադրանքի, եղել է ընդամենը հանդիպման գնալու շուրջ, որևէ մեկին սպանելու, վնասելու, ծեծելու մտադրություն, դիտավորություն, համաձայնություն, համաձայն մեղադրանքի, Սասուն Կարապետյանի և Սարգիս Գալստյանի միջև չի եղել:

Ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի հիմնավորվել ամբաստանյալ Սարգիս Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությանն օժանդակել, նախատեսված հանցավոր արարք կատարելու հանգամանքը: Սակայն դատաքննությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալ Սարգիս Գալստյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը: Ուստի դատարանը գտել է, որ վերջինիս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Սասուն Կարապետյանի պատճառաբանությունն այն մասին, որ ինքը տուժող Արման Մանուկյանին դիտավորությամբ կյանքից չի զրկել, այլ կատարել է անզգույշ սպանություն, դատարանը անհիմն է համարել:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է կատարվածին՝ մասնավորապես նշելով Սարգիս Գալստյանի հարազատները մշտապես բարձրաձայնեցին քննչական մարմինների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին: Նշվել էր՝ որեւէ ապացույց չկա, որ Արման Մանուկյանին սպանող Սասուն Կարապետյանը դեպքի վայր է հասել Սարգիս Գալստյանի «Մերսեդեսով»: Վերջինիս մեղադրելու միակ հիմքը եղել է այն, որ մի անչափահաս երեխա՝ 11-ամյա Արա Գրիգորյանը, առանց ծնողների գիտության եւ մասնակցության, քննիչների ճնշման տակ ցուցմունք էր տվել, թե ինքը տեսել է, որ դեպքի վայրում եղել է Ապերի «Մերսեդեսը»:

Ու թեեւ երեխայի ծնողները բողոքել են, նաեւ այդ ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նամակ ուղարկեցին՝ հայտնելով, որ անչափահաս երեխայի տված ցուցմունքները կորզվել են ապօրինաբար, այնուամենայնիվ, իրավիճակը չփոխվեց:

Քննիչները, առանց որեւէ հիմնավոր ապացույցի «հալած յուղի տեղ» ընդունելով անչափահաս երեխայի խոսքերը, ըստ էության, սարքեցին քաղաքացու գլխին: Եւ որպեսզի գործի քննության վերահսկողությունն իր ձեռքը վերցրած ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Թամազյանի մոտ կասկածներ չառաջանան, մարզի քննիչները զեկուցել են նրան, թե Ապերը նախկինում դատապարտված է եղել եւ պետք է հիմա էլ «նստի»:

Ուշագրավ է, որ Թամազյանն այդպես էլ չստուգեց, թե իր ենթակա քննիչներից ով քանի անգամ է հանդիպել, շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները՝ որպես սպանության կազմակերպիչ, տվել էր սպանված Արմանի եղբայրը՝ Գրիշա Մանուկյանը, armlur.am-ի հետ զրույցում: (Հիշեցնենք, որ նա Վարդենիսում զինված բանդայի մասին էր խոսել):

Չպարզեց նաեւ՝ արդյո՞ք քննիչներին ինչ-որ բաժին է հասել հանքից գողացված ոսկու ձուլակտորներից… «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարգիս Գալստյանի հարազատներից մեկը պատմել էր, որ Սարգիսը միջնորդություն էր ներկայացրել քննչական մարմին, որ մինչ գործը դատարան ուղարկելը, 5 օր ժամանակ տան իրեն, որպեսզի ծանոթանա գործի մանրամասներին: Ավելին՝ Սարգիսը խնդրել էր քննիչներին, որպեսզի առերեսում լինի իր եւ դեպքի ականատես երեխայի միջեւ, սակայն ոչ մի միջնորդություն էլ չի բավարարվել, եւ գործն ուղարկվեց դատարան:

Ըստ ամբաստանյալի հարազատների` իրենք չեն լռելու եւ թույլ չեն տա, որ Սարգիսը անարդար կերպով 8-15 տարի հայտնվի ճաղերի հետեւում: Նրանք մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կհասնեն, ու չի բացառվում՝ հաղթեն, քանի որ անչափահասի մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն:




Լրահոս