Շուտով գարուն է, եւ ժամանակն է թարմացնելու զգեստապահարանները: Անհրաժեշտ է «ներմուծել» նոր գույներ, հետաքրքիր համադրությունների դիմել, փորձել գեղեցիկը համատեղել հարմարավետի հետ: Այդ հարցում մեզ կարող է օգնել ոճաբան Արայիկ Գաբաջյանը:
-Արայի՛կ, այս տարվա գարնանային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում: Նախորդ տարվա հետ համեմատած` ի՞նչ զգալի փոփոխություններ են գրանցվել:
-Այս տարի նորաձեւության տները շատ ակտիվ չէին նորամուծությունների առումով, սակայն դրանցից մի քանիսը, ինչպես ամեն տարի, թելադրում են նոր միտումներ: Բավական ակտուալ են լայն ու մասշտաբային ուսերով բլուզները, վերարկուներն ու վերնաշապիկները: Սակայն, միեւնույն ժամանակ, դեռեւս նախորդ տարվանից մոդայիկ են oversize մոդելի վերնահագուստները: Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի միատոն գործվածքներին փոխարինելու են եկել բազմագույն պրինտերը:
-Այս գարնանը հավաքածուներում ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունն է մոդայիկ լինելու:
-Շատ նորաձեւ են գրեթե բոլոր գույների նուրբ եւ «գոլ» երանգները, սակայն կան գույներ, որոնք գերակշռող կլինեն` զմրուխտի կանաչը, մանուշակագույնը, շագանակագույնը: Ինչ վերաբերում է համադրություններին, ապա դրանք շատ հակասական են. հավաքածուներում հանդիպում ենք նույն գունային գամմայի համադրություններ, միաժամանակ հինգից ավելի գույների համադրություններ եւ ամենահետաքրքիրը` երկու իրար հակասող գույների, օրինակ` կարմիրի եւ ալ ազնվամորու երանգների համադրություններ:
-Ի՞նչ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր գործվածքները, կտորներն են այս գարնանը նորաձեւ լինելու:
-Նախորդ տարվանից մեզ «ժառանգություն» մնաց թավիշը, որն այս տարի եւս սուպեր-պոպուլյար է: Ավելի նուրբ գործվածքները կրկին ակտուալ կլինեն գարնանը, իսկ աշնանը եւ ձմռան` 80-ականների վարիոնկաները եւ այդ կտորից կարված բոլոր հագուստները:
-Ի՞նչ ոճի, ձեւի, գույնի տաբատները, վերնաշապիկներն են մոդայիկ:
-Նորաձեւ են լայն տաբատները, որոնք ներկայացված են գծավոր պրինտներով, դեպի ներքեւ ձգվող այլ զարդանախշերով: Ակտուալ են նաեւ տաբատ-լեգգինսերը, որոնք համադրվում են նուրբ եւ թեթեւ մատերիալից վերարկուների հետ: Ինչ վերաբերում է վերնաշապիկներին, հավաքածուներում դրանք մեծ թիվ չեն կազմում, մեծ մասամբ հանդիպում են վագրի մորթու նախշերով մոդելները:
-Իսկ ինչպիսի՞ ժակետներ, վերարկուներ եւ կոշիկներ կրել առաջիկա ամիսներին:
-Հավաքածուներում ներկայացված են լայն ձեւվածքի եւ նուրբ գործվածքներով ժակետներ: Արդեն նշել եմ նուրբ գործվածքով oversize բաճկոնների եւ վերարկուների ակտուալության մասին: Կոշիկներից աչքի են ընկնում կիսաճթքավոր, ոչ շատ բարձր կրունկով, թավշյա զամշից մոդելները: Դրանք փոքր-ինչ հիշեցնում են քովբոյական ոճի մասին: Առօրյայում կիրառելի են նաեւ բարձր տակացուներով, ոչ շատ կոպիտ կոշիկները:
-Գլխարկի, պայուսակի, ակնոցի եւ մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում սեզոնը:
-Գլխարկների առումով, կարծես, զգալի փոփոխություններ չկան. նախորդ տարվանից մոդայիկ են լայնեզր մոդելները, որոնք համալրվել են բազմաթիվ փայլուն ու բնական քարերով, մետաղյա զարդերով:Պայուսակների ընտրանին լայն է:
Առաջարկվում են մեծ, այսպես ասած` ծովային մոդելներից մինչեւ շատ փոքր կլատչեր: Տարածում ունեն նաեւ մարդկային կերպարանքներով ստեղծված պայուսակները, որոնք նորաձեւության ոլորտ մուտք գործեցին մի քանի տարի առաջ, բայց շատ շուտ էլ դուրս մղվեցին դաշտից` հետագայում վերադառնալու «միտումով»: Ակնոցներից նորաձեւ են օպտիկական, այսինքն` թափանցիկ ապակիներով մոդելները: Ինչ վերաբերում է դրանց ձեւին` աչքի են ընկնում կլոր մոդելները, որոնք կրելու համար անհրաժեշտ է ունենալ դեմքի իդեալական ֆորմա:
-Եվ վերջում` զարդերի ո՞ր տեսակներն են նախընտրելի գալիք սեզոնի համար:
-Զարդերից նորաձեւ են մեծ ականջօղերը, մինչեւ կուրծքը կախված վզնոցները, մեծ, մասշտաբային աբադոկները, խոշոր մատանիները:
Աննա Բաբաջանյան