Բռնությամբ զուգորդված խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել 4 անձանց, այդ թվում` ոստիկանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ պարզվել է, որ 09.08.2016թ.-ին Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ զբոսնող Ա. Սաղաթելյանը փորձել է կանգնեցնել նույն փողոցում խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Գալստյանը: Վերջինս կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն ուղևոր Հայկ Հովհաննիսյանի, ինչպես նաև նույն վայրում գտնվող իր մտերիմներ Արտյոմ Հայրապետյանի, Արմեն Հայրապետյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ, արագությունը գերազանցելու համար իրեն դիտողություն անող Ա. Սաղաթելյանին հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել` դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Ծեծկռտուքի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այսպիսով, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Ճանապարհային ոստիկանության տեսուչ Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս