ԱՄՆ-ում Թրամփին չէին վերապահում նախագահ ընտրվելը, բայց ընտրվեց, չէ՞. Վազգեն Սաֆարյանը` սոցհարցումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյո՞ք ՀԿԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին ճնշումների ենթարկել են, եւ ինչո՞ւ են որոշ կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հարցումների արյունքում Կոմկուսին չնչին տոկոսներ վերապահվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, ռեյտինգային ընտրակագրով առաջադրված շատ թեկնածուների միջեւ խնդիրներ են առաջանում: Դուք այդպիսի խնդրի չե՞ք բախվել:

-Ո՛չ, մենք դեռ չենք բախվել նման խնդիրների, բայց ընդհանուր առմամբ ռեյտինգային քվեարկությունն այս պարագայում ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, մենք պատրաստ չենք դրան: Ավելի ակտիվ լինելու համար շատ միջոցներ են պետք, անհավասար պայմաններ են ստեղծվում թեկնածուների միջեւ:

-Այս ընթացքում տարբեր կազմակերպությունների անցկացրած հարցումների արդյունքներով Ձեր կուսակցությունը հետին տեղերն է զբաղեցնում …

-Գիտեք, մենք  շտաբի նիստ ենք արել մեր առաջատար թեկնածուների մասնակցությամբ եւ շրջկոմի քարտուղարների, ես հայտարարեցի, որ այդ սոցիոլոգիական հարցումներին շատ ուշադրություն չդարձնեն, որովհետեւ դրանք ուղղորդված են ինչ-որ տեղերից եւ չեն կարող արտահայտել ռեալ իրավիճակը: Այդ սոցիոլոգները գնացե՞լ են գյուղերը, շրջանները, հետազոտություն արե՞լ են, իհարկե, ո՛չ, հետեւաբար նրանց տվյալները ես, կարծում եմ, որ ի վերուստ սխալ են, ուղղորդված են եւ կողմնակալ: Այդպիսի սոցիոլոգիական հարցումներով ԱՄՆ-ում Թրամփին չէին վերապահում նախագահ ընտրվելը, բայց ընտրվեց, չէ՞: Միթե դա հերի՞ք չէր, որ նրանք հասկանային, որ իրենց գիտությունը ռեալ չէ եւ չի համապատասխանում ժողովրդի տրամադրություններին:

-Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ Կոմունիստական կուսակցության հանրահավաքներին երիտասարդները գրեթե չեն մասնակցում: Ձեր համակիրների գերակշիռ մեծամասնությունը տարեցներն են:

-Ուրեմն, նախ ասեմ, որ մեր հանդիպումներին երիտասարդներ էլ են լինում, երկրորդ՝ ինչու են ավելի հասուն մարդիկ գալիս, որովհետեւ նրանք ուզում են լսել իրենց ստեղծագործ աշխատանքով կայացրած երկրի մասին, տեղեկանալ՝ ինչ են ասում այսօրվա կոմունիստները, եւ դա նրանց համար շատ հաճելի է՝ լսել, թե ինչ են նրանք արել, եւ ինչպես ենք մենք դա գնահատում: Ավագ սերունդի գալը մենք դրանով ենք բացատրում: Ինչ վերաբերում է երիտասարդների պասիվությանը, նախ չէի ասի, որ այդքան էլ պասիվ են, բայց սկսենք նրանից, որ շրջաններում երիտասարդները իրենք են արտագնա աշխատանքի գնում, եւ դրանով էլ բացատրվում է նրանց քիչ լինելը: Իսկ մենք սոցիալական խնդիրներ ենք առաջարկում երիտասարդների համար, մասնավորապես աշխատանքով ապահովված լինելը, անվճար բնակարան ստանալը:

Վահագն Հակոբյան




Լրահոս