Երիկամների անբավարարության հիվանդությամբ տառապող, դիալիզի կարիք ունեցող Իջեւանի տարածաշրջանի բնակիչները դիմել են «Ժողովուրդ»-ին՝ բարձրացնելով Իջեւանի բժշկական կենտրոնում դիալիզի միկրոբաժանմունք գործարկելու խնդիրը: Ծանր հիվանդությամբ տառապող այդ հիվանդների համար մեծ դժվարություն եւ ֆինանսական ծախս է այլ քաղաքների բժշկական հիմնարկներում պարբերաբար դիալիզի ենթարկվելը:
Այդ խնդրի վերաբերյալ Տավուշի մարզպետարան մեր ներկայացրած գրավոր հարցմանն ի պատասխան՝ մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանել է, որ ներկայումս Իջեւանի բժշկական կենտրոնը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի հիվանդանոցում դիալիզի միկրոբաժանմունք բացելու համար, քանի որ դիալիզի միայն մեկ սարքի գինը կազմում է 15 հազար եվրոյին համարժեք դրամ:
Մարզպետը նաեւ հայտնել է, որ հիվանդներից ստացել են առաջարկներ, եւ դիալիզի բաժանմունք բացելու հարցը ներառվել է մարզի տարածքային զարգացման ռազմավարության ծրագրում, ինչպես նաեւ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ