Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձեւավորելու միակ միջոցն են: Նոր Սահմանադրության համաձայն՝ այլեւս չեն անցկացվելու նախագահի ընտրություններ, ապագա կառավարությունը կազմավորվելու է հենց ԱԺ ընտրությունների արդյունքների հիման վրա: Ու հիմա այս առումով իշխող ՀՀԿ-ում տարբեր սցենարներ են քննարկվում:
Բնականաբար ՀՀԿ-ի առաջնային նպատակն է կազմել բացարձակ մեծամասնություն եւ շարունակել միակուսակցական իշխանավարումը: Այդ ճանապարհին էլ եթե որեւէ կուսակցության իշխանությունից բաժին հանելու խնդիր լինի, ապա հանրապետականները դա կանեն ոչ թե ստիպված, այլ որպես բարի կամքի դրսեւորում: Բայց ՀՀԿ-ում նաեւ հասկանում են, որ հասարակության մոտ իրենց վարկանիշն առավել քան ցածր է, մյուս կողմից՝ ԸՕ-ում ամրագրվել են մեխանիզմներ, որոնք էականորեն սահմանափակել են տեղամասերում ընտրակեղծիքի հնարավորությունը: Իսկ նման պայմաններում իրենք հազիվ թե կարողանան բացարձակ մեծամասնություն ձեւավորել:
ՀՀԿ-ում ակտիվորեն քննարկվում է նաեւ երկրորդ տարբերակը, ըստ որի՝ ռեյտինգային թեկնածուների եւ ընտրակաշառքի շնորհիվ, այնուամենայնիվ, ամենաշատ ձայնը հավաքելուց հետո Հանրապետականը խորհրդարանում փորձելու է այլ ուժերի հետ ձեւավորել կոալիցիա: Այդ նպատակով ՀՀԿ-ն նաեւ հոգալու է, որ իր հետ խորհրդարան անցկացնի նաեւ պոտենցիալ դաշնակիցների:
Որպես պոտենցիալ դաշնակից ՀՀԿ-ի համար առաջինը դիտվում է ՀՅԴ-ն, որն այսօր էլ իշխանության մեջ է: Եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ ցուցակ գործուղեց ձայն բերող մարդկանց, որոնք էլ օգնելու են ավանդական կուսակցությանը 5 տոկոս հավաքելու հարցում:
ՀՀԿ-ի համար երկրորդ պոտենցիալ դաշնակիցը Արթուր Բաղդասարյանի նախկին ՕԵԿ-ն է, որ այսօր հանդես է գալիս «Հայկական վերածնունդ» անվամբ: Պատահական չէ, որ դեռ ընտրություններից առաջ իր ծննդյան օրվա առթիվ հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանը չէր բացառել ընտրություններից հետո կոալիցիաներ կազմելու հավանականությունը (բայց առանց մատնանշելու կոնկրետ անձանց), միայն թե այն դեպքում, որ իրենք ռեալ ազդեցություն ունենան իշխանության ներսում: Այս միտքը Արթուր Բաղդասարյանն ու ՀՎԿ թեկնածուները տարբեր ձեւակերպումներով կրկնել են նաեւ նախընտրական հանդիպումների ժամանակ, իրենց հարցազրույցներում: Ասել է, թե նրանք իշխանությունների հետ հեռակա գործարքի առաջարկներ են անում՝ նախապայմաններ թելադրելով:
Բայց այս կուսակցության անցած ուղին ցույց է տալիս, որ այդ նախապայմանները որեւէ նշանակություն չունեն. միշտ էլ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել կոալիցիա մտնել իշխանության ներսում իրական ազդեցություն ունենալու դեպքում, ու ամեն անգամ մտել են կոալիցիա՝ այնտեղ ունենալով սիմվոլիկ ներկայություն, իսկ երբ կոալիցիայից դուրս են եկել, սկսել են իշխանության մեղքերը բարդել ՀՀԿ-ի վրա՝ արդարանալով, որ իրենք բավարար ներկայացվածություն չունեին:
Ի դեպ, այս առումով նկատենք, որ պարտադիր չէ, որ կոալիցիաները կազմավորվեն առաջին երկու տեղը զբաղեցրած կուսակցությունների միջեւ, այլ առաջին տեղը զբաղեցնելու դեպքում ՀՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել խորհրդարանական ցանկացած ուժի հետ՝ անկախ վերջինիս «մեծությունից»:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ընդդիմադիր մյուս ուժերին, ապա դրանք ՀՀԿ-ի համար չեն կարող լինել դաշնակից: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ի սկզբնե հայտարարել են, որ բացառում են ՀՀԿ-ի հետ որեւէ դեպքում, որեւէ պայմանով կոալիցիա կազմելու ցանկացած սցենար: ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ցանկություն չունեն նաեւ մյուսները՝ «Ելք»-ը, ՕՐՕ դաշինքը: Այնպես որ, Հանրապետականները մնացել են ՀՅԴ-ի ու ՀՎԿ-ի հույսին:
Մինչ այդ մեկ ուշագրավ փաստ եւս. նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման պարագայում, այնուամենայնիվ, միանշանակ երաշխավորված չէ կայուն մեծամասնությունը, հետեւաբար նաեւ իշխանության արդյունավետությունը: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից մեկը պետք է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենա, որ միանձնյա ձեւավորի իշխանություն: Իսկ եթե որեւէ ուժի չհաջողվի կայուն մեծամասնություն ունենալ, ապա ԸՕ 97 հոդվածի համաձայն՝ քաղաքական ուժերին կոալիցիա կազմելու 6 օր ժամանակ է տրվում. այստեղ կոալիցիա կարող է կազմավորվել ցանկացած ուժի հետ: Իսկ եթե 6-օրյա ժամկետում կոալիցիա չի կազմավորվում, ապա անցկացվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են ընտրություններում առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերը՝ մինչ այդ հնարավորություն ունենալով խորհրդարանում հայտնված մյուս ուժերի հետ դաշինքներ ձեւավորել:
Խնդրահարույցը իշխանական կոալիցիա ձեւավորելն է, ավելի ճիշտ՝ վերջինիս հետագա ճակատագրի հարցը: Կուսակցությունները կարող են գնալ կոալիցիա կազմելու ճանապարհով՝ ստորագրելով համապատասխան հուշագիր, ԿԸՀ-ին ներկայացնելով վարչապետի՝ իրենց թեկնածուին: Բայց եթե ինչ-որ պահի կոալիցիոն գործընկերների միջեւ հակասություններ ու գժտություններ սկսվեն, կողմերից մեկը որոշի դուրս գալ այդ կոալիցիայից, ապա օրենսդրության մեջ չկան համապատասխան կարգավորումներ: Ու արդյունքում կստացվի, որ կայուն մեծամասնությունը որպես այդպիսին այլեւս չի լինի, իշխանությունն էլ կլինի ոչ լիարժեք: Ճիշտ է՝ հհկյյ եւ նման սցենարի դեպքում այդ ականները կպայթեցնի, ԱԺ-ում բավարար կոճակ կունենա, բայց սա ոչ դասական քաղաքականության սցենար է: Մենք խոսում էինք դասական քաղաքականության մասին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ